Ինձ հասկանում է Ռուբեն Մաթեւոսյանը

27/08/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սիրված ու ճանաչված երգչուհի Ռաիսա Մկրտչյանը 70-ականների մեր բարի ու
գեղեցիկ Երեւանի խորհրդանիշներից է: Իր նրբաճաշակ, անկեղծ ու գրագետ
երգերի մթնոլորտում մի քանի սերունդ է հասակ առել: Այն փաստին, որ իր
երգերը հազվադեպ են հնչում ռադիոյով, էկրանից ու համերգային հարթակներից,
Ռ. Մկրտչյանը հանգիստ, բայցեւ թախիծով է վերաբերվում: Նա շարունակում է
երգել, ավելի հաճախ՝ արտասահմանում, դասավանդում է Կոնսերվատորիայի վոկալի
բաժնում: Եվ չմոռանալով դաշնակահարուհու իր մասնագիտությունը, արդեն շուրջ
35 տարի նաեւ դասավանդում է Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում:
Հավատարիմ է Ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբին, որտեղ սկսել է երգել
18 տարեկանից:

– Հիմա էլ ենք փոքրիկ խմբով հավաքվում փորձասենյակում՝ կարոտելով մեր
աշխատանքը ու լավ օրերը: Տարիներ առաջ, երբ մենք զբաղվում էինք հայ
կոմպոզիտորների երգերի ձայնագրմամբ ու դրանք հեռուստատեսությամբ ու
ռադիոյով պրոպագանդելով, մենք պլան ունեինք՝ ամեն ամիս յուրաքանչյուր
մենակատար պարտավոր էր մեկ երգ ձայնագրել: Սոցպլան էր, բայց հրաշալի երգեր
էին ստեղծվում: Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Մելիք
Մավիսակալյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսեյ Հեքիմյանի
եւ էլի շատ կոմպոզիտորների երգեր էինք ձայնագրում: Բաբաջանյանի 40 երգ
միայն ես եմ ձայնագրել, եւ այդ երգերը հենց ինձ համար են գրված եղել:
Ամիրխանյանի 18 երգ ունեմ ձայնագրած: Այնպես որ, հիմա ես կարող եմ ամեն մի
կոմպոզիտորի ստեղծագործությունների հիման վրա հեղինակային մենահամերգ
անել:

– Այդ երգերը ռադիոյի սեփականությունն են, դուք կարո՞ղ եք դրանք օգտագործել:

– Ռադիոյում իմ կատարմամբ 400 երգ կա, դրանք «Ոսկե ֆոնդ» են համարվում:
Մենք այդ երգերն օգտագործելու իրավունք չունենք, երգ ձայնագրելը մեր
աշխատանքն է համարվել, որի համար մենք աշխատավարձ ենք ստացել: Հիմա այդպես
չէ, 90-ականներից սկսած ամեն բան փոխվեց՝ մենք դոտացիայով չենք աշխատում:
Երգում ենք, երբ հրավերներ են լինում: Հետո, գիտեք, նվագախումբը շատ է
փոխվել: Շատ երգիչներ արտասահման են մեկնել:

– Իսկ դուք մեկնելու ցանկություն չե՞ք ունեցել:

– Միգուցե այն պատճառով, որ սովետական ժամանակներում ես արտոնյալ
երգչուհիներից եմ եղել, շատ եմ մեկնել արտասահման, ներկայացրել եմ հայ
երգը, իմացել եմ այնտեղի լավն ու վատը, մշտական մեկնել Հայաստանից չեմ
ցանկացել: Տարբեր երկրներում աշխատելու հրաշալի առաջարկներ եմ ստացել:
Բայց մտածել եմ՝ վերջիվերջո մեր ժողովուրդն է ինձ բարձրացրել, հիմա գնամ
ուրիշ տեղ՝ ո՞ւմ համար երգեմ:

– Իսկ չե՞ք ափսոսում, որ ձեր երիտասարդ ու փառքով լի տարիները համընկան
այն ժամանակաշրջանի հետ, երբ երգն այլեւս մեծ եկամուտ չէր բերում:

– Այն ժամանակ մենք ավելի լավ վիճակում էինք, քան այսօրվա երգիչները: Մենք
շրջագայում էինք, լավագույն համերգների էինք մասնակցում: Ես աշխարհի բոլոր
մայրցամաքներում եմ եղել: Այդ արտոնությունը չորս-հինգ մարդ ուներ: Մեծ
գումարներ չէինք աշխատում, բայց մեզ բավարարված էինք զգում: Ես մինչեւ
հիմա էլ զարմացած եմ, թե ինչպես՝ չնայած իմ տարիների աշխատանքին, ինձ
հանկարծ հասկացրին, որ իմ ժամանակն այլեւս վերջացավ: Կարծես ինձ հուշեցին՝
ամփոփվիր նրա մեջ, ինչ ունեցել ես: Ես շատ շնորհակալ եմ իմ ճակատագրից,
քանի որ նույնիսկ այդ բարդ տարիներին շարունակել եմ աշխատել՝ հյուրախաղերի
եմ մեկնել: Սովետական շրջանում մենակատարները մենահամերգ երգելու իրավունք
չունեին, անպայման պետք է բոլորը միասին երգեին: 90-ականներին ես արդեն
կարողացել եմ մենահամերգներ ունենալ Լոնդոնում, Լիբանանում, Կանադայում,
Ամերիկայում:

– Չե՞ք մտածել որեւէ երիտասարդ երգչի հետ զուգերգ ստեղծել: Նման փորձ արեց Էռնա Յուզբաշյանը:

– Դա նորություն էր, պարզապես Էռնան կլասիկա դարձած Ամիրխանյանի երգը
փոփոխել էր, ինչը, կարծում եմ, պետք չէր անել: Այժմ ես չեմ տեսնում այն
երիտասարդին, ում հետ կուզենայի երգել: Իմ ապրումները եւ հոգեվիճակը լավ
հասկանում է Ռուբեն Մաթեւոսյանը: Մեր ընկալումները նույնն են, մենք վաղուց
ենք իրար հետ երգում:

– Հիմա էստրադա մուտք գործելը հեշտ է, բազմազան կատարողներից ո՞ւմ կարող եք առանձնացնել:

– Անուններ նշել չեմ ուզում, կան լավ կատարողներ: Հեշտ է, որովհետեւ ազատ
շուկա է: Գաղտնիք չէ, որ նախկինում ռադիոյում ձայնագրվելու համար պետք էր
գեղխորհուրդ անցնել, հաշվի էր առնվում եւ՛ առոգանությունը, եւ՛
հնչյունների մաքուր արտաբերելու կարողությունը, եւ՛ կատարողական
վարպետությունը: Հիմա այնպես են երգում, որ չես հասկանում՝ ի՞նչ են
երգում: Երգերից շատերը ահավոր խոսքեր ունեն, մեղեդիները գողացված են:
Երգերի մեջ ոգի չկա: Լավ երգ գրելը սիմֆոնիա ստեղծելուց ավելի դժվար է:
Երգը պատկեր է, տրամադրություն, հոգեվիճակ: Կան լավ երգեր, բայց դրանք
իրենց ետեւից չեն տանում: Ասենք, խոհանոցում գործ ես անում, հանկարծ
ինչ-որ երգ ես լսում, պետք է ամեն ինչ թողնես ու գաս լսելու: Այդ վիճակը
չկա: Ջերմություն եմ զգում Շուշան Պետրոսյանի ու Լեյլա Սարիբեկյանի
երգերում: Երիտասարդների մեջ մեծ ներուժ կա՝ ոչ միայն էստրադայի
ասպարեզում, այլեւ դասական երաժշտության մեջ: Եվ ծնողներն են հետեւողական.
ուզում են, որ իրենց երեխաները սովորեն: Մտածում եմ, այդ երեխաները մեր
փոքրիկ հանրապետությունում ինչպե՞ս պետք է իրենց ռեալիզացնեն:

– Ռեալիզացվել ցանկանում են բոլորը: Հայ կանայք 50 տարեկանից հետո
կարծես միշտ մտահոգ են եւ հազվադեպ են ուշադրություն դարձնում իրենց
արտաքինին, կորչում է դեմքի բարի արտահայտությունը: Ինչո՞ւ է այդպես:

– Կարծում եմ՝ ոչ թե 50-ից, այլ 40-ից հետո կնոջ համար աշխատանք գտնելն
արդեն դժվար է: Կինը պետք է աշխատի եւ սիրի իր աշխատանքը: Ինձ օգնում է իմ
զբաղված լինելը: Եվ ուսումնարանում, եւ Կոնսերվատորիայում ես աշակերտներ
ունեմ: Տանը երկու թոռնիկ ունեմ, մեծ թոռնիկս արդեն ուսանող է Մոսկվայում:
Երեւի Աստծո կողմից սիրված եմ: Ես երբեք ճակատագրից շատ բան չեմ ուզել:
Ամեն ինչի միջինն եմ նախընտրել: Կարծում եմ, երբ շատ-շատ բան ես ուզում,
անկումն ավելի ցավալի է լինում: Իսկ անկումն անխուսափելի է: Իմ խիղճը
հանգիստ է ընտանիքիս առաջ: Միշտ ցանկացել եմ ունենալ նորմալ հայկական
ընտանիք: Իսկ երգարվեստն այնպիսի բնագավառ է, որն ազատություն է
պահանջում: Հաջողության ես հասնում՝ միշտ ինչ-որ բաներից հրաժարվելով:
Ձեռքբերումներ ունենալ՝ հարազատներին ցավ պատճառելով, չեմ ցանկացել:
Կարողացել եմ հավասարակշռել արվեստն ու ընտանիքը: Եվ միշտ աշխատել եմ:
Ամենամեծ հաճույքը ստացել եմ երգերի ձայնագրման պրոցեսից: Հաջողված երգը
հրաշք է, երբ երգը ստացվում է, ստուդիայից թեւավորված եմ դուրս գալիս:

– Նոր երգեր ձայնագրո՞ւմ եք:

– Ես չեմ կարծում, որ նոր երգ ձայնագրելու համար պետք է իմ ընտանիքից
գումար կտրեմ ու տամ հեղինակին, գործիքավորողին, հետո երգը տեսահոլովակի
վերածեմ: Դա իմ կյանքին նոր բան չի ավելացնի:

– Իսկ ձայներիզ ունե՞ք:

– Ոչ: Բայց շուտով բեյրութահայ մի մեծահարուստի շնորհիվ միանգամից ութ CD
կթողարկվի: Ֆոնդում կան ձայնագրություններ, որոնք սարսափելի վիճակում են,
վնասվել են: Վերականգնելու համար մեծ գումար է պահանջվում: Կան
ժապավեններ, որոնց համարանիշները կորսված են եւ հնարավոր չէ դրանք գտնել:
Թողարկվող ալբոմների մեջ հավաքվել են այն երգերը, որոնք հնարավոր է
վերարտադրել: Դրանք բոլորն էլ հայերեն երգեր են լինելու: Նյութն այժմ
Գերմանիայում մաքրվում է: Հետո երեւի ռուսական երգերի կանցնեմ: Առնոյի,
Հեքիմյանի, Մարտինովի, Պետրովի, վրացի կոմպոզիտորների հրաշալի երգեր
ունեմ: Ձայներիզից ես եկամուտ չեմ սպասում: Գումար չեմ ստանա, ինձ
ձայներիզների մի քանի օրինակ կնվիրեն: Ես այն մարդը չեմ, ով ցանկանում է
գումար սարքել: Չեմ ուզում պատասխանատվություն վերցնել, կեղծողների դեմ
պայքարել:

– Այժմ Հայաստանում փորձում են պայքարել ապօրինի ձայնագրությունների դեմ:

– Ամբողջ աշխարհում են կեղծում: Օրինակ, Ամերիկայում մի հայ դատի տվեց
կեղծողներին, մի քանի հազար դոլար ծախսեց եւ չշահեց դատը: Նույնը փորձեց
անել Լուսինե Զաքարյանի ամուսինը, դատական պրոցես սկսեց Լուսինեի
ձայնագրություններն՝ առանց իր թույլտվության թողարկելու համար եւ ոչ մի
արդյունքի չհասավ: Դա դժվար գործ է, պետք է հետեւողական լինել:

– Ձեզ չի՞ մտահոգում այսօրվա հայ էստրադայի վիճակը:

– Միշտ էլ եղել է իսկական արվեստ ու «շիրպոտրեբ»: Անգամ էստրադային երգն
իր որակական շերտերն ունի, կա երաժշտություն ոտքերի համար, այսինքն՝
պարելու, եւ կա ոգու համար: Ես ափսոսում եմ, որ այժմ շատերին ծանոթ չեն
Ամիրխանյանի երգերը՝ գրված Ալիսիա Կիրակոսյանի բանաստեղծությունների հիման
վրա: Այդ երգերն արդեն դասական են դարձել, բայց ռադիոյով կամ
հեռուստատեսությամբ չեն հնչում: Կարծում եմ՝ դրանք հիմա ավելի հասուն ու
հետաքրքիր կարող եմ երգել: Պետք է տակտի, չափի զգացում լինի, պետք է երեւա
էմոցիոնալ, կուլտուրական կատարումը: Երգեր կան, որոնք միայն փակ
տարածքում, դահլիճում լսելու համար են: Մեր նվագախումբը շուտով Կասկադում
է ելույթ ունենալու, ես ընտրել եմ ավելի արագ, ոչ խոհական երգեր: Ինձ
ասում են՝ պիտի սովորես խոսող, քայլող, սուրճ խմող մարդկանց համար երգել:
Ասում եմ՝ ոչ, մթնոլորտը չի տրամադրում խոհական երգեր երգել:

– Տանը, թոռնիկների համար երգո՞ւմ եք:

– Երբեք: Մեկ-մեկ մեղմ ձայնով, քթի տակ օրորոցային երգել եմ, բայց եթե
իսկապես երգեմ, նրանք կարթնանան, ոչ թե կքնեն: Իմ տղան հիշում է, որ երբ
երգում էի իր համար, տխրում էր: Օրորոցայինները տխուր են: Մանկական երգեր
երբեք չեմ երգել, միակ երգը մուլտֆիլմում Ամիրխանյանի «Պույ-Պույ մուկիկի»
երգն է եղել: