«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հոկտեմբերի 8-ին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրումից թերեւս հնարավոր կլինի խուսափել, եթե նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, կամ խորհրդարանը լուծարվի: «Երկուսն էլ ընդունելի տարբերակներ են ինձ համար»,- ասել էր Ա.Մարտիրոսյանը: «Այդ դեպքում ինչո՞ւ չեք պահանջում Ս.Սարգսյանի հրաժարականը» հարցին Ա.Մարտիրոսյանը պատասխանել էր. «Սպասեք մինչեւ հոկտեմբերի 10-ը»: Հոկտեմբերի 10-ից կամ արձանագրությունների ստորագրումից արդեն 4 օր է անցել, բայց «Ժառանգությունը» դեռ չի որոշել իր անելիքները: «Մեկ օր էլ սպասեք, քննարկում ենք»,- արդեն երեկ ասաց պարոն Մարտիրոսյանը: «Որոշում ենք, թե հետագայում մենք ինչ պետք է անենք թե՛ որպես առանձին կուսակցություն, թե՛ հայտարարության տակ ստորագրած մյուս քաղաքական ուժերի հետ միասին: Մեր դիտարկումները կներկայացնենք եւ, եթե ընդհանուր համաձայնության գանք, ըստ դրա կշարժվենք»,- ավելացրեց Ա.Մարտիրոսյանը: Պատգամավորը նաեւ ասաց, թե իրենց դիտարկումները հիմնականում կներկայացնեն «Դաշնակցություն» կուսակցությանը: Վերջինս արձանագրությունների ստորագրման առնչությամբ երեկ արդեն հայտարարություն է տարածել, վստահեցնելով, թե արձանագրությունների վավերացման դեմ կպայքարեն բոլոր միջոցներով` ընդհուպ մինչեւ իշխանափոխություն: ՀՅԴ-ն, սակայն, այդպես էլ նախագահի հրաժարական չէր պահանջել: Նույնն էլ անելու է «Ժառանգությո՞ւնը»: «Այդ հարցը դեռ քննարկում ենք»,- կրկնեց Ա.Մարտիրոսյանը: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ ՀՅԴ, «Ժառանգություն» եւ մյուս 10 կուսակցությունների համագործակցությունն ավարտվի անցած շաբաթ արած հայտարարությամբ: «Չեմ կարծում: Դեռեւս մեր ընդհանուր հայտարարությունը ուժի մեջ է, ուղղակի որոշ քայլեր կարող է տարբեր լինեն: Բայց մինչեւ առանձին քայլ կատարելը կխորհրդակցենք մեր գործընկերների հետ»,- ասաց Ա.Մարտիրոսյանը: