Ձոն անկումի

12/10/2009

«Համաշխարհային ճգնաժամը ծանր հարված է հասցրել Հայաստանին. ակնկալվում է, որ 2009 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 15 տոկոսով: Նվազել են արտաքին ներհոսքերը եւ հարկային եկամուտները` թուլացնելով վճարային հաշվեկշիռը եւ պետական ֆինանսները: Այս զարգացումները լրացուցիչ դժվարություններ են ստեղծել Հայաստանի բնակչության համար»,- երեկ տարածված հայտարարության մեջ նման գնահատական են ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենները, որոնք այցելել էին Հայաստան։ Հետաքրքիրն այն է, որ այս նախադասությանը անմիջապես հաջորդում է հետեւյալ արտահայտությունը. «Մենք գովեստի խոսք են ուղղում իշխանություններին այս մարտահրավերներին արդյունավետ կերպով դիմագրավելու համար»: Իսկապես դժվար է հասկանալ արտասահմանցիներին (հատկապես եթե նրանք ներկայացնում են միջազգային ֆինանսական կառույցները)։ Եթե նախկինում կանխատեսված զրոյականից բարձր աճի փոխարեն այս տարի մենք ունենալու ենք ԱՊՀ-ում ամենամեծ տնտեսական անկումը, ինչպե՞ս ստացվեց, որ իշխանությունները «մարտահրավերներին արդյունավետ կերպով են դիմագրավել»։ Պատվիրակությունը, որի կազմում են տկն Մեգ Լանդսեգերը, պարոնայք Ախե Բաքերը, Ամբրուազ Ֆայոլը, Հի Ջանշյոնգը, Թոմաս Մոզերը եւ Կլաուս Դ. Շտայնը, երեկ հանդիպել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կողմերը Հայաստանի կառավարության ու միջազգային ֆինանսական այս կառույցի փոխգործակցությունը գնահատել են, ոչ ավել, ոչ պակաս՝ գերազանց: Հիմնադրամի պաշտոնյաներն ընդգծել են, որ Հայաստանը լավագույնս է դրսեւորվել իր պարտավորությունները կատարելիս եւ վստահեցրել, որ ֆինանսական այս կառույցը պատրաստ է հետայսու եւս հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը: Եթե առավել հասկանալի լեզվով ներկայացնենք վերը նշվածը՝ ԱՄՀ-ն մեզ կարող է էլի փող տալ։ Մերոնք էլ, պարզ է, տեղը տեղին ընդունել են հյուրերին։ «Մենք երախտապարտ ենք՝ երկիր այցելելու հնարավորության, եւ շնորհակալ ենք՝ Հայաստանի ժողովրդին, նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին եւ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին՝ իրենց ջերմ հյուրընկալության եւ արդյունավետ քննարկումների համար»,- հայտարարության մեջ նշել են ԱՄՀ պաշտոնյաները։ Ի դեպ, ԱՄՀ-ի պատվիրակության այցը համընկավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ։ Իհարկե, սա պատահականություն է։ Եվ հաստատ պատահականորեն են նախկինում միայն տնտեսական ու ֆինանսական ոլորտների վերաբերյալ գնահատականներ հնչեցնող այս կառույցի ներկայացուցիչները երեկվա հայտարարության մեջ նշել, որ ԱՄՀ-ն մշտապես կողմ է եղել բաց սահմաններին։