Ցյուրիխյան կրքեր

12/10/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ակնհայտորեն աշխարհի գերտերությունների ուշադրության կենտրոնում էր։ Այդ մասին էր վկայում առաջին հերթին ստորագրման արարողությանը ներկա դիվանագետների կազմը՝ Հիլարի Քլինթոն, Խավիեր Սոլանա, Սերգեյ Լավրով, եւ Բեռնար Քուշներ։ Այնպես որ, միանգամայն սպասելի էր, որ արտասահմանյան մամուլը, այդ թվում` հեղինակավոր ԶԼՄ-ները պետք է անդրադառնային այս իրադարձությանը, ամեն մեկը՝ յուրովի։

«Եվրոնյուզն», օրինակ, մինչեւ արձանագրությունների ստորագրումը իր ռեպորտաժները համեմում էր Ցեղասպանության մասին հիշատակումներով եւ Հայկական Սփյուռքի արձագանքով։ «Եվրոնյուզի» լրատվական թողարկումներից մեկում էլ մեջբերվել էին ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի այն խոսքերը, որ իրենք դեմ են այս արձանագրություններին (ի դեպ, թողարկման մեջ Ռուստամյանը ներկայացվում է որպես ընդդիմության լիդերներից մեկը)։ Իսկ հետո՝ երբ արձանագրություններն արդեն ստորագրված էին, «Եվրոնյուզը» կրկին անդրադարձավ դրանց՝ սակայն որոշակի թերահավատությամբ: «Արձանագրությունների ստորագրումից 48 ժամ էլ դեռ չի անցել, սակայն արդեն կասկածներ կան գործընթացի հաջող շարունակության առումով»,- ասում էր «Եվրոնյուզի» մեկնաբանը։ Իսկ վատատեսության գլխավոր պատճառը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունն է՝ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ Հայաստանը զորքերը դուրս չի բերի Լեռնային Ղարաբաղից։

Նույն շեշտադրումներով հայ-թուրքական արձանագրությունների մասին խոսել է նաեւ բրիտանական BBC-ն՝ սակայն մեկ տարբերությամբ. Արմեն Ռուստամյանի փոխարեն մեջբերել է մեկ այլ ՀՅԴ-ականի՝ Վահան Հովհաննիսյանին։

CNN-ի մոտեցումն ավելի չեզոք էր։ Վերջինս հիշատակեց, որ երկու երկրների հարաբերությունների գլխավոր խոչընդոտը «90 տարի առաջ՝ Օսմանյան Կայսրության վերջին օրերի ընթացքում կատարված էթնիկ հայերի կոտորածներն են»։

Արտասահմանյան թերթերը, ի տարբերություն հեռուստաընկերությունների, փորձել են ավելի բազմակողմանիորեն քննարկել այս խնդիրը։ Օրինակ՝ բրիտանական «Independent»-ի վերլուծաբան Մարկուս Թենները կարծիք է հայտնել, թե կարելի է հուսալ, որ արձանագրությունների ստորագրումով «պատերազմի կացինը թաղվել է, կամ գոնե՝ մասամբ թաղվել է»։ «Չի կարելի ասել, որ արձանագրությունների ստորագրումից հետո հակամարտությունն ամբողջությամբ լուծվել է։ Մինչեւ վերջերս թուրք գրողները քրեական հետապնդումների էին ենթարկվում, եթե համարձակվում էին խոսել հայերի զանգվածային կոտորածների մասին»,- գրել է Թենները՝ որպես օրինակ՝ նշելով Օրհան Փամուկին։ Վերլուծաբանը փորձել է պատասխանել այն հարցին, թե ի՞նչն է ստիպում երկու երկրներին դիվանագիտական հարաբերություններ հաստատել, իսկ մյուսներին՝ աջակցել այդ գործընթացին։ Այսպես, ըստ Թենների, Թուրքիայի գլխավոր նպատակը Եվրամիությանն անդամակցելն է, ինչի խոչընդոտներից մեկը հենց հայ-թուրքական հարաբերություններն են։ «Իսկ ի՞նչ դիվիդենտներ կարող է ստանալ Հայաստանը,- հարցրել է Թենները եւ անմիջապես պատասխանել իր հարցին,- Իհարկե տնտեսական։ Թուրքիայի եւ նրա դաշնակից Ադրբեջանի կողմից շրջափակման ենթարկվելու դիմաց հայ ժողովուրդը շատ թանկ գին է վճարել, ինչի արդյունքում շատերը արտագաղթել են։ Հայաստանն ապացուցել է, որ կարող է գոյատեւել անգամ այդ պայմաններում՝ մասամբ հարուստ Սփյուռքից ստացվող դրամական փոխանցումների շնորհիվ։ Սակայն երկիրը կարող է հաջողություն ունենալ միայն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում, իսկ նրա քաղաքացիները հնարավորություն կունենան այցելել շատ պատմական վայրեր»։

ԱՄՆ դերի մասին խոսելիս Թենները գրում է, որ Բարաք Օբաման «քցեց» հայերին՝ չարտասանելով «ցեղասպանություն» բառը։ Իսկ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը հնարավորություն է տալիս նրան որոշ չափով «ռեաբիլիտացվել»՝ վերականգնել հեղինակությունը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա այն հեղինակի համար էլ լիովին պարզ չէ եւ հիշեցնում է Սֆինքսի հանելուկը։ «Ռուսաստանը երբեմն մեծ եղբոր դեր է խաղում Հայաստանի համար. ՌԴ-ն չի ուզում, որ Հայաստանը գնա ամերիկամետ Վրաստանի ճանապարհով։ Բացի այդ՝ Ռուսաստանի լայն զանգվածների դիրքորոշումն ավելի շատ քրիստոնյա հայերի կողմն է, քան մուսուլման Ադրբեջանի։ Սակայն մյուս կողմից, Կրեմլը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»,- կարծում է Թենները։

Վերջինս, ամեն դեպքում, դրական է գնահատել տասնամյակներ շարունակվող թշնամանքից հետո հարաբերությունների կարգավորման այս փորձը։ Սակայն ավելացրել է. «Եթե անգամ երկու երկրների խորհրդարանները վավերացնեն արձանագրությունները, դա դեռ չի նշանակում, որ երկու ժողովուրդների միջեւ առկա թշնամանքը կվերանա։ Եվ եթե սպասելիքներն ու հույսերը չարդարանան, ապա, որքան էլ պարադոքսալ թվա, այդ արձանագրությունները կարող են ավելի բարդացնել իրավիճակը»։

Ամերիկյան «The New York Times»-ը եւս անդրադարձել է ստորագրված արձանագրություններին՝ կարծիք հայտնելով, որ հարաբերությունների ջերմացումը կգոհացնի Եվրամիությանը, որին Թուրքիան ձգտում է անդամակցել։ Ըստ թերթի՝ արձանագրությունների ստորագրումը Թուրքիային թույլ է տալիս Արեւմուտքում ներկայանալ որպես ժամանակակից գաղափարախոսության կրող եւ էներգակիրների մատակարարման ուղի Հարավային Կովկասում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս թերթի կարծիքով եւս, հարաբերությունների կարգավորումը կխթանի աղքատ տնտեսությունը։

Նույն տեսակետն է հայտնել նաեւ «The Financial Times»-ը՝ նշելով, որ հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիան կմեծացնի իր ազդեցությունը Կովկասում, ճանապարհ կհարթի դեպի Եվրամիություն եւ «կնվազեցնի ԱՄՆ օրենսդիրների կողմից 1915թ. շուրջ 1.5 միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու վտանգը»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա սահմանի բացման դեպքում այն կարող է զարգացնել առեւտրային կապերը թուրքական խոշոր տնտեսության հետ, որը սերտորեն կապված է Եվրոպայի հետ։ Ի դեպ, «The Financial Times»-ի լրագրողի աչքից չի վրիպել այն, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեղմ ասած, ուրախ չէր ստորագրման արարողության ժամանակ։ «Ձեռքսեղմումից հետո, որն ուղեկցվում էր միայն Թուրքիայի նախարար պրն Դավութօղլիի ժպիտով, երկու նախարարները գրկախառնվեցին Բեռնար Քուշների, Խավիեր Սոլանայի եւ Սերգեյ Լավրովի հետ»,- գրել է թերթը՝ չպարզաբանելով, թե ինչով էր պայմանավորված միակողմանի այդ ուրախությունը։

«The Financial Times»-ը չի նշել, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները ստորագրումից հետո գրկախառնվեցին նաեւ Հիլարի Քլինթոնի հետ։ Սակայն արեւմտյան ԶԼՄ-ների մեծ մասը տկն Հիլարիին հատուկ ուշադրության է արժանացրել՝ նրան ներկայացնելով գրեթե որպես արարողության «փրկիչ»։ Երբ հայկական կողմը անհամաձայնություն է հայտնել՝ կապված Դավութօղլուի հայտարարության տեքստի հետ, արարողությունն անորոշ ժամանակով հետաձգվել է։ «Washington Post»-ն անդրադառնալով այդ հարցին՝ գրել է. «Քլինթոնը վերադառնում է իր հյուրանոց, բայց չի իջնում մեքենայից եւ միաժամանակ երկու հեռախոսներով խոսում է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ: Դավութօղլուն արդեն համալսարանում էր, իսկ Նալբանդյանը հրաժարվում էր գնալ: Ի վերջո, Հիլարի Քլինթոնը Նալբանդյանին հրավիրում է իր հյուրանոց, որտեղից առաջարկում է միասին գնալ համալսարան»։ Իսկ մյուսները՝ Լավրովը, Սոլանան եւ Քուշները, Ցյուրիխի համալսարանի՝ ռուսական պատվիրակության սենյակում դիտում էին Ռուսաստան-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը։ Հետո նրանք եւս միանում են համալսարան ժամանած Նալբանդյանին եւ Քլինթոնին եւ սկսում բանակցել։ Ընդ որում, Հ. Քլինթոնը կրկին մեծ ջանքեր է գործադրում. «Ես ասացի՝ դուք արդեն շատ հեռուն եք գնացել։ Արձանագրությունների վրա կատարված աշխատանքը չի կարելի ջուրը գցել։ Դուք համաձայնության եք եկել արձանագրությունների շուրջ. այնպես որ, ստորագրեք դրանք, եւ մենք կմտնենք հաջորդ փուլ»,- ասել է նա արեւմտյան ԶԼՄ-ներից մեկին։ Ի վերջո, «դիվանագիտական լուրջ աշխատանքից հետո» կողմերը համաձայնում են ստորագրել արձանագրությունները՝ առանց հայտարարությունների։

Սենյակի խորքից եկել է նամակ

Պարզ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի «փրկության» դափնիները միայն Քլինթոնին վերագրելը չէր կարող գոհացնել մյուս դիվանագետներին, առաջին հերթին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Եվ ստորագրման արդեն հաջորդ օրը ռուսական ԶԼՄ-ներում՝ «Կոմերսանտ» եւ «Ռոսիյսկայա գազետա» թերթերում, հայտնվում են «խորհրդավոր գրության» մասին տեղեկությունները։

«Ռոսիյսկայա գազետա»-ն շաբաթ երեկոյան կայացած ցյուրիխյան իրադարձությունները համեմատել է հոլիվուդյան թրիլերի հետ։ Թերթը գրել է, որ ամեն ինչ պլանավորված էր ըստ րոպեների, եւ ամենափոքր դետալներն իսկ համաձայնեցված էին, սակայն… «Ստորագրման արարողությունը հետաձգվում էր։ Մի սենյակում սպասում էին շվեյցարացի երաժիշտները, որոնք դասական երաժշտությամբ պետք է բացեին եւ փակեին արարողությունը։ Իսկ մյուս սենյակում սառում էին հանդիսավոր ընթրիքի համար պատրաստված ուտեստները… Երրորդ սենյակում, որը տրամադրվել էր ռուսական պատվիրակությանը, հեռուստացույց տեղադրեցին. Մոսկվայում սկսվում էր Ռուսաստան-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը։ Իսկ արարողությունը չէր սկսվում։ Մոսկվայում Ռուսաստանի եւ Գերմանիայի հավաքականները դուրս եկան խաղադաշտ։ Հասկանալով, որ արձանագրությունների ստորագրումը հետաձգվում է անորոշ ժամանակով, Լավրովը հրավիրեց Քուշներին, Սոլանային եւ Ժբոգարին՝ ռուսական պատվիրակության սենյակում դիտելու խաղի մեկնարկը։ Բոլորն անմիջապես ընդունեցին հրավերը… Գնալով ավելի ակնհայտ էր դառնում, որ Հայաստանը եւ Թուրքիան գտնվում են դիվանագիտական մեծ հիասթափության շեմին։ Կրքերը եռում էին ոչ միայն խաղադաշտում։ Եվ այդ ժամանակ ցյուրիխյան «լոժայի» «երկրպագուները» որոշեցին օգտագործել իրենց «գաղտնի դիվանագիտական զենքը»։ Լավրովը վերցրեց թուղթ ու գրիչ եւ անգլերեն լեզվով ձեռագրով գրեց. «Էդվա՛րդ, համաձայնիր արարողությանը՝ առանց հայտարարությունների»։ Այդ փաստաթղթի տակ ստորագրեցին նաեւ Քուշները, Սոլանան եւ Ժբոգարը։ Իսկ ներքեւի մասում Լավրովն ավելացրեց. «19։35, հոկտեմբերի 10, 2009թ.»։ Մեկ ժամ չանցած՝ արձանագրությունների ստորագրման արարողությունը սկսվեց։ Ճիշտ է՝ առանց երաժշտության, ելույթների եւ ընթրիքի»։

Թե որքանով է հաջողվել այս հրապարակմամբ դափնիները խլել Հիլարի Քլինթոնից, դժվար է ասել։ Ուշագրավն այն է, որ հրապարակումը «Ռոսիյսկայա գազետա»-ի կայքէջում հայտնվել է կիրակի օրը։ Իսկ «Ռոսիյսկայա գազետա»-ն համարվում է Կրեմլի խոսափողը։ Այսինքն, ինչպես կարծում են մի շարք վերլուծաբաններ, տեղեկատվության այս արտահոսքը կազմակերպվել է ամենավերին մակարդակով։