Լիքը ողջույն

12/10/2009

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ողջունում է շաբաթ օրը Ցյուրիխում երկու արձանագրությունների ստորագրումը, որոնք նպատակ ունեն բարելավել հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»,- այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունում:

«Այս պատմական որոշումը երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման եւ երկկողմանի համագործակցություն զարգացնելու սկիզբ է: Գլխավոր քարտուղարը համոզված է, որ այս զարգացումը կնպաստի նաեւ խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում: Գլխավոր քարտուղարը հուսով է, որ երկու արձանագրություններն էլ անհապաղ կվավերացվեն Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից` ապահովելով նրանց երկկողմանի հարաբերությունների լրիվ նորմալացումը»,- ասված է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հայտարարությունում: Արձանագրությունների ստորագրումը ողջունել են նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը եւ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Սա պատմական քայլ է, որը պետք է հանգեցնի այս երկու երկրների միջեւ տեւական հաշտեցման եւ ընդհանուր առմամբ ամրապնդի կայունությունը Հարավկովկասյան տարածաշրջանում»,- ասել է Յագլանդը: «Կասկած չկա, որ երեկվա համաձայնագրերի լրիվ կիրառման համար պահանջվելու է ժամանակ եւ երկու կողմերի հետեւողական նվիրումը։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է օգնելու այս գործընթացում` իր փորձագիտական ոլորտների շրջանակներում եւ Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունների հետ լրիվ համագործակցությամբ»,- ասված է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունում: Իսկ Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերն ասել է, թե «Հայաստանն ու Թուրքիան իրենց հարաբերություններում նոր էջ բացեցին»: «Ես ողջունում եմ այս համարձակ քայլը, այն արժանի է մեր հարգանքին ու ճանաչմանը։ Այս պայմանավորվածությունները կոնկրետ հեռանկար են առաջարկում փոխըմբռնման եւ վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերությունների համար: Որդեգրված մերձեցման կուրսը նաեւ կարեւոր ավանդ է ողջ կովկասյան տարածաշրջանում առավել անվտանգության, կայունության եւ համագործակցության համար։ Այժմ արդեն խնդիրը արձանագրությունները շուտափույթ վավերացնելն է եւ դրանց կյանք հաղորդելը։ Մենք քաջալերում ենք բոլոր քաղաքական ուժերին Թուրքիայում եւ Հայաստանում՝ առկա դինամիկան վճռականորեն օգտագործելու հանուն հարաբերությունների կարգավորման»,- ասել է Շտայնմայերը։