– Պարոն Խզմալյան, Դուք բազմիցս խոսել եք հայ-թուրքական սահմանի բացման մասին: Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ սահմանների բացման հետեւանքով:
– Ես բոլորովին այլ կերպ եմ դիտարկում իրավիճակը: Սահմանի բացումը չէ վտանգավոր, որովհետեւ աշխարհը բաց սահմանների աշխարհ է եւ վիշապի նման նստել փակ սահմանների առջեւ, դա արդեն ծիծաղելի է ու այժմեական չէ: Ընդհանրապես մենք ամենագլոբալացված ազգերից մեկն ենք եւ հազարամյա պատմություն ունենք ճանապարհորդելու, նաեւ վաճառականներով աշխարհը ճանաչելու, զավթելու: Այդ մասին հենց մեր լեզուն է խոսում` մենք ունենք «չնաշխարհիկ» բառը, որը գալիս է այն ժամանակներից, երբ հայերը իրենց, ինչպես նաեւ՝ աշխարհի համար բացահայտեցին Չինաստանը, իսկ Հերոդոտը Բաբելոնում հիանալով հայ վաճառականների արհեստով` այն համեմատում էր բաբելոնյան հրաշքների հետ: Այսինքն` մենք բոլորովին փակ սահմանների ջատագովը չենք: Այստեղ խնդիրն այլ է: Ստեղծված իրավիճակում կա մի վարագույր` իրական խնդիրը թաքցնելու համար: Ոչ թե հայ-թուրքական սահմաններն են փակվել, այլ սահմանը փակ է Հայաստանի ներսում` իշխանության ու հասարակության միջեւ: Մարդիկ, ովքեր որոշումներ են ընդունում, ընդ որում` բախտորոշ, նրանք չեն ներկայացնում ազգը, չեն պատկերացնում անգամ իրական ազգային շահը: Երկիրը զրկված է ազգային վերնախավից: Իսկ դա աղավաղում է երկրի պատկերը: 20 տարի առաջ եւ այսօր Հայաստանը բոլորովին այլ երկիր է ներկայացնում եւ այլ հասարակություն: Զարմանալիորեն ազատվելով խորհրդային կապանքներից` մենք մտանք շատ ավելի փափուկ ու վտանգավոր կապանքների մեջ. երկրում իրականացվեց նոր ստրկացում ու գաղութացում: Մենք փաստորեն մեզ համար աննկատ դարձանք քաղաքականապես, տնտեսապես ու գաղափարապես մի գաղութ: Եվ այս վիճակում նման բախտորոշ վճիռներ կայացնելը շատ վտանգավոր է, որովհետեւ մենք այսօր իսկապես վճռում ենք մեր հազարամյա մշակույթի պատմության եւ արժանապատվության հարցը:
– Այսինքն` ժամանա՞կն է աննպաստ սահմանների բացման համար:
– Մեկ անգամ ես հանդիպել եմ նախագահ Սարգսյանի հետ: Դա մարտի 1-ից հետո էր, երբ մի խումբ ընկերներով որոշեցինք բաց նամակ գրել` նկարագրելով մարտիմեկյան դեպքերը` իբրեւ Երեւանի սումգայիթացում: Ըստ երեւույթին` նա շատ վրդովվեց հատկապես այս արտահայտությունից եւ, կարծում եմ, նաեւ այդ պատճառով նամակը ստորագրողներին հրավիրեց իր մոտ: Առաջին բառերը, որոնք ես ասացի նախագահին, հետեւյալն էին` պարոն Սարգսյան, Դուք շատ խոցելի եք ու դրանով իսկ շատ խոցելի եք դարձրել մեր երկիրը: Ես դա բազմիցս ասել եմ, բայց նաեւ պատասխանեմ այն հարցին, թե ինչո՞ւ հիմա: Որովհետեւ մարդիկ, որոնց իրական շահերին է ծառայում այս գործարքը, չէին էլ կարող երազել ավելի հարմար իրավիճակի մասին, երբ այդքան թույլ, խոցելի ու ճնշման ենթակա է Հայաստանի իշխանությունը, երբ այդքան ընչազուրկ, ստրկացած է հասարակությունը, երբ քաղաքացիական հասարակություն գոյություն չունի, եւ կարծես չկար ֆորմալ մի ուժ, որը սթափեցներ ժողովրդին: Ինչո՞ւ էր այդպես ստացվել` դրա համար պետք է ուսումնասիրել Հայաստանի պատմության վերջին 20 տարիները: Մենք 20 տարի առաջ սխալ ուղի ընտրեցինք եւ մեր հայրենիքը բերեցինք տապալման: Այսօր ամբողջ աշխարհը քաղում է տնտեսական ճգնաժամի դառը պտուղները, բայց թերեւս ամենադառը պտուղը բաժին հասավ մեզ, երբ բացի տնտեսական քաղաքականությունից, մեզ ստիպում են վճարել նաեւ այդ ճգնաժամի համար քաղաքական շատ բարձր գին, որը մենք իրավունք չունենք վճարելու, քանի որ այն պատկանում է մեր անցյալին ու ապագային: Կարծում եմ` խնդիրն այն է, որ Հայաստանում իշխանությունը զավթել են քրեական օլիգարխները: Հայաստանը սեփականաշնորհված է մի քանի ընտանիքների կողմից, որոնք երկիրը դիտում են որպես շահույթ ստանալու միջոց: Այս անգամ իրենց ոչ թե ստիպել, այլ պարզապես առաջարկել են նոր գործարք, որը վերաբերում է տարածքային սակարկումներին: Տվյալ պարագայում խոսքը Արցախի ազատագրված տարածքների մասին է, որոնք շաղկապված են հայ-թուրքական, իսկ ավելի լայն իմաստով` մադրիդյան սկզբունքներով: Ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ հոկտեմբերի 13-ին մոտենում է Կարսի պայմանագրի տարելիցը, եւ վստահ եմ, որ թուրքերը հենց այդ օրը կկազմակերպեն հերթական ստորագրման միջոցառումը, քանի որ իրենք գրեթե ամեն ինչ անում են խորհրդանշական եղանակով: Բոլորս հիշում ենք, որ այս խայտառակության հիմքը դրվել է ապրիլի 24-ի նախօրյակին, հերթական հարվածը հասցվել էր Արցախի անկախության հռչակումից առաջ` սեպտեմբերի 30-ին, եւ քչերն են նկատել, որ Էրդողանը ԱՄՆ-ում իր հայտարարությունն արեց Վուդրո Վիլսոնի համալսարանում: Այս ամենն օգտագործվում է խորհրդանշական մեխը խփելու համար: Մեր երկրի իշխանություններն իրենց ապիկարության, անշնորհքության ու տգիտության պատճառով դա չեն նկատում: Մինչդեռ թուրքերն ամեն բան անում են շատ հմտորեն, ինչպես 90 տարի առաջ էր` Սարդարապատում: Կարծում եմ, որ իրավիճակը սարդարապատական է, եթե թույլ կտաք այս բառն օգտագործել: Մեր պատասխանը պետք է նույնը լինի, ինչպես տարիներ առաջ էր: Այսօր հողը վառվում է մեր ոտքի տակ, ու սա պաթետիկ արտահայտություն չէ: Մեր պարտքն է արթնացնել ժողովրդին եւ տանել պատմությունը ճիշտ ուղղությամբ` դեպի արդարության, արժանապատվության եւ ազգային շահերի ուղղությամբ: Պատմության մեր հայկական էջը պետք է թերթել ճիշտ ուղղությամբ, այլ ոչ հակառակը` ձախից աջ:
– Ի վերջո, Թուրքիան ի՞նչ շահեր է հետապնդում սահմանների բացմամբ:
– Նախ մեր երկրում շատ վատ են պատկերացնում Թուրքիայի իրական վիճակը: Ես Թուրքիայում մասնակցել եմ կինոփառատոների եւ հաղթել: Այնտեղ ունեմ ծանոթներ եւ գործընկերներ: Ես թուրք ժողովրդի նկատմամբ որեւէ չարություն չունեմ: Ուրիշ է Թուրքիայի պետությունը: Ես կողմնակիցն ու ջատագովն եմ բաց սահմաններին եւ հարաբերություններին` թուրք ժողովրդի մշակույթի ու արվեստի հետ: Բայց ես դեմ եմ պետական հարաբերություններին, քանի դեռ չի ճանաչվել ցեղասպանությունը, իսկ դա անբարոյականություն է, որտեղ չի կարելի տարածել հատկապես ազգային քաղաքականությունը: Թուրքիային ստիպում են բացել սահմանը, եւ բացի այդ, Թուրքիան հսկայական ջանքեր ու գումարներ էր ծախսում ցեղասպանության գործընթացը կանգնեցնելու համար: Մինչդեռ հիմա մեր նախագահը բավականին մեծ գումարներ է տնտեսում Թուրքիայի համար, եւ գուցե դա աննկատ չմնա ո՛չ Թուրքիայի, ո՛չ աշխարհի համար: Կարծում եմ` Թուրքիան, ելք բացելով դեպի Արեւելք, մեծ խնդիր է լուծում: Վրաստանի պատերազմից հետո Թուրքիան ստանում է խիստ վտանգված ցամաքային կապ Ադրբեջանի եւ թուրքական աշխարհի հետ: Թուրքիայի արեւելքը բնակեցված է քրդերով, որոնք շուտ թե ուշ սեփական պետությունն են հիմնելու: Իսկ այն, որ նախագահ Սարգսյանն ասաց, թե ինքը գործարար մարդկանց հետ քննարկել է սահմանների բացման դրական եւ բացասական կողմերը, նա արդեն կարող էր այստեղ կետ դնել, որովհետեւ նման հարցերը ոչ թե վաճառականների հետ պետք է քննարկել, այլ մասնագետների հետ: Վաճառականները հայրենիք չունեն: Նրանք կարող են լինել ավել կամ պակաս հայրենասեր: Բիզնեսը ապազգային է, եւ դա ընտրելով իբրեւ հիմնաքար` նախագահ Սարգսյանը հայտարարեց, թե ինչի վրա եւ ում վրա է կառուցում իր քաղաքականությունը: Իսկ դա նույնիսկ քաղաքականություն չէ, այլ վաճառականություն: Երկիրը զավթել են վաճառականները, եւ, բնականաբար, իրենք բոլոր գործողություններում ելնում են վաճառականի շահերից ու գաղափարներից: Մենք վաճառականներ չենք: Երկրում պետք է լինեն վաճառականներ, բայց պետք է լինեն նաեւ այլ մասնագետներ:
– Մեր հասարակությունը, ասես, թմբիրի մեջ է ու չի ընկալում այն, ինչ կատարվում է: Հասարակությունը կարթնանա՞:
– Ես կարծում եմ՝ դա հետեւողական աշխատանքի արդյունք է, որը սկսվեց առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք, ով իր տխրահռչակ ծեսը կատարեց ու հայտարարեց, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Դրանից հետո սկսվեց այդ պարահանդեսը: Ես շտապում եմ վստահեցնել, որ մեր ժողովուրդը ընդվզելու է: Ես վստահ եմ, որ Սարդարապատը պատմական կոթողից վերածվելու է իրական շարժման, նոր ընդվզման ու հեղափոխության: