Կլասիկ աբստրակցիա

27/08/2005

Նկարիչների միությունում բացվեց Արկադի Բաղդասարյանի՝ Առկոյի
ցուցահանդեսը: Իր 60-ամյակի կապակցությամբ նկարիչը ցուցադրեց տարբեր
տարիների աշխատանքները: Բացումը շքեղ էր եւ լի հայտնի մարդկանցով: Դերասան
Ազատ Գասպարյանն ասաց, որ Առկոյի ցուցահանդեսը տոն է բոլորի համար:
Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանն էլ ավելացրեց, որ Առկոն մեր քաղաքի
անբաժանելի մասն է դարձել: Առկոն նկարում է մաքուր աբստրակցիա՝ գունեղ
տպավորություններ, եւ առաջարկում դիտողներին՝ տպավորություններն իրենց
սեփականը դարձնել: «Եթե մարդը հավանում է նկարը, այն նրա կյանքի մի մասն է
դառնում: Ամերիկացի մի արվեստաբան ասել է. «Երբ գնում եք ցուցահանդես եւ
ինչ-որ նկար ձգում է ձեզ, առանց մտածելու գնեք եւ տանը կախեք, եւ մեկ
ամսից հետո կհասկանաք, որ այն ձեր կյանքի մի մասն է դարձել»։ Այս մտքին
համաձայն է եւ Առկոն, ում նկարները կան տարբեր երկրների թանգարաններում եւ
մասնավոր հավաքածուներում: Նա լավ վաճառվող նկարիչ է: Շարժվում է արդեն
իսկ լավ ծանոթ ու կլասիկա դարձած աբստրակտ արվեստի կանոններով՝ գույնն ու
երկրաչափական մարմինը դասավորում է գրագետ ու տպավորիչ: «Նկարները պետք է
ապրեն: Նկարիչը եթե չի վաճառվում, ուրեմն չի կայացել: Ավարտված նկարը պետք
է գնա: Ամեն նկար իր կյանքն ունի»,- ասում է նա: Առկոյի նկարները վաղուց
սեփական կյանքով են ապրում՝ հեղինակին եթե ոչ օրիգինալ, սակայն պահաջարկը
հասկացող եւ «լավ գնվող» նկարչի համբավ ապահովելով: Իսկ մեր քաղաքն ամառվա
այս շոգ օրերին գեղեցիկ ցուցահանդես դիտելու հնարավորություն ունեցավ:

Ն.Հ.