Մեկ ազգ եւ գրեթե իրարամերժ մշակույթներ

12/10/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Թե ինչո՞ւ է տարբեր գնահատականներով՝ 7-10 միլիոն սփյուռքահայերից մոտ երեք տասնյակը մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, ինչո՞ւ սփյուռքահայերը, անկախ հոգեբանական, մշակութային բարդություններից` տիրոջ իրավունքով չեն վերադառնում հայրենիք, ինչո՞ւ նրանք չարձագանքեցին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի առաջարկին եւ նրա բնակարանի մոտ հերթ չկանգնեցին` մեկ տարի Հայաստանում բնակվելու համար, ունի հիմնավոր բացատրություն: Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այսինքն` մեր պետությունը, երբեք գրագետ եւ լուրջ վերլուծության չի ենթարկել Սփյուռքի հետ իր փոխհարաբերությունները, հստակ չի պատկերացրել` ի՞նչ է պարտավոր տալ եւ ի՞նչ ակնկալել Սփյուռքից:

Հայաստանում կոռուպցիան, կիսագրագիտությունը, նեղ աշխարհայացքն ու անազնվությունը արդեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը, եւ դա է առաջին հերթին վանում Սփյուռքի մեր հայրենակիցներին` Հայաստանում հաստատվելու մտքից: Սակայն որքան կշահեր Հայաստանը, եթե եվրոպական արժեքների կրող եւ իրենց ազգային ավանդույթները պահպանող մեր հայրենակիցները մեծ խմբերով վերադառնային հայրենիք: Տեսականորեն պատկերացնենք, որ մի քանի հարյուր ֆրանսահայեր, ամերիկահայեր կամ լիբանանահայեր միասին վերադառնում են հայրենիք, այստեղ հող գնում, տներ կառուցում, ձեւավորում իրենց համայնքը, ինչպես այսօր այլ երկրներում են անում, բացում սեփական գործը: Այդ դեպքում երկու, խոստովանենք, տարբեր մշակույթների բախումը շատ զգալի ու ցավոտ չէր լինի: Այդ մեծ համայնքով էլ պաշտպանեին իրենց շահերը` հարկային կամ մաքսային մարմինների ապօրինություններից, ինչը չեն կարողանում անել առանձին-առանձին: Ինչպես, ի դեպ, չեն կարողանում իրենց իրավունքները պետական մարմինների ապօրինություններից պաշտպանել նաեւ հայաստանցի գործարարները: Ավելին, եթե այդ տասը միլիոն սփյուռքահայերից գոնե երեք միլիոնը վերադառնար հայրենիք` անտեսելով բոլոր այն բարդությունները, որոնք այստեղ սպառնում են թե՛ նրանց, թե՛ տեղաբնակներիս` նույն չափով, ապա հնարավորություն կլիներ մարդկային այդ ռեսուրսով, ընդ որում, որակյալ ռեսուրսով փոխել թե՛ տեղացի հայերիս վերաբերմունքը պետության հանդեպ, թե՛ պետության քամահրական վերաբերմունքը սեփական քաղաքացիների հանդեպ: ԱՄՆ-ում, Մերձավոր Արեւելքում, Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում հաստատված հայերը, առաջնորդվելով այդ երկրների օրենքներով եւ վերցնելով այդ երկրների մշակույթի առողջ մասը, կարող էին այդ առաքելությունն իրականացնել: Ընդ որում, արժե հաշվի առնել, որ միայն եւ միմիայն Հայաստանի Հանրապետությունում նրանք եւ նրանց սերունդները կարող են հայ մնալ: Ի դեպ, զանգվածային ներգաղթը կարող էր լուծել նաեւ լեզվի պատնեշը: Այն բնական ձեւով կհաղթահարվեր, եթե հայերի մեծ մասը բնակվեր մշակութային նույն պայմաններում, այս դեպքում` Հայաստանի Հանրապետությունում: Իսկ քանի որ լեզուն կենդանի օրգանիզմ է, իսկ հայերենն անչափ ճկուն է, կհաղթահարվեր նաեւ լեզվական պատնեշը: Եթե…

Հայաստանում բարդ է, անչափ բարդ, սակայն տեսանք, թե որքան հետաքրքիր օրինակ եւ նախադեպ է Ռալֆ Յիրիկյանը: Հարգելով ազգային արժեքները եւ կրելով եվրոպական արժեքների լավագույն կողմերը` Հայաստանում հրապարակային գործունեություն ծավալած թերեւս միակ ցիվիլ գործարարն է, ով իր բիզնեսը կազմակերպում է նույնքան գրագետ, որքան գրագետ բաշխում է իր եկամուտները` արժանանալով հայաստանցիների հարգանքին եւ սիրուն: Ինչը չես ասի հայաստանցի շատ գործարարների, առավել եւս` օլիգարխների մասին:

Սակայն ունենք նաեւ հակառակ օրինակը: Ինչպե՞ս վարվեցին պրն Գաֆեսջյանի հետ: Շահագործեցին նրա առատաձեռնությունը, նրա միջոցները սկսեցին ոչ նպատակային վատնել: Հիշենք ժամանակին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի դեմ սփյուռքահայ գործարարների բողոքը. վերջիններս նախարարին մեղադրում էին կաշառք պահանջելու մեջ: Չկա մի հայաստանցի, ով, անգամ առանց լուրջ փաստերի, կասկածի, որ մեր նախարարները կոռումպացված են: Հասկանալի է, որ Վարդան Այվազյանի գլխից մեկ մազ չպակասեց:

Քաղաքակիրթ եւ պետության ամրապնդմանն ուղղված հարաբերությունների դեղատոմս գտնելը բարդ կլիներ, եթե աշխարհում չլիներ հրեաների նախադեպը: Իսրայելն աշխարհի բոլոր հրեաներին կոչ արեց վերադառնալ հայրենիք` դրա համար ստեղծելով տնտեսական եւ սոցիալական այնպիսի դաշտ, որ հրեայի համար իր հայրենիքում ապրելը դարձավ ոչ թե զոհաբերություն, այլ արժանապատիվ եւ իմաստավորված որոշում:

Չգիտես ինչու, մեր ղեկավարներին թվաց, որ Սփյուռքի հետ փոխհարաբերությունները գրագետ եւ համակարգված դասավորելուն պակասում էր մի կառույց միայն, որն է՝ Սփյուռքի նախարարությունը: Այսինքն` պակասում էր սպորտային, մշակութային ծրագրերը կոորդինացնող պետական մի կառույց: Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների այն մակարդակը, որ կա այսօր, ընդ որում, գնալով խորացող անջրպետով, ցույց է տալիս, որ Սփյուռքի հետ փոխհարաբերությունները պահանջում են մոտեցման այն լրջությունը, ինչ Ղարաբաղի խնդիրն է, Ցեղասպանության խնդիրն է, Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է:

Հայաստանցիների եւ սփյուռքահայերի միջեւ տարաձայնությունները միշտ եղել են: Եվ դա այդպես էլ պետք է լիներ: Հիշենք 1946-ի ներգաղթը ինչ հետեւանք ունեցավ հայրենիք վերադարձած հայրենադարձների համար: Մի մասն աքսորվեց, մշակութային, սոցիալական տարբերությունը տեղացի հայերի հետ ներքին լուռ եւ լուրջ հակազդեցության հանդիպեց: Բանը հասավ այնտեղ, որ սփյուռքահայերը նախընտրում էին ամուսնանալ միմյանց հետ, տեղացի հայերը սփյուռքահայ հարս կամ փեսա չէին ուզում: Չմոռանանք, տակավին մի քանի տարի է, ինչ մեր լեքսիկոնից անհետացել է «ախպար» պիտակը:

Կարելի է պատասխանատվության բեռը դնել բազմամիլիոն Սփյուռքի վրա, նկատել, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում մեր նախագահի վրա ճնշումներ են փորձում բանեցնել, իսկ տասն օրից ավելի Հայաստանում չեն ձգում: Չեն ցանկանում հայաստանցիների հետ միասին փորձել մեր երկիրն էլ դարձնել այնպիսին, որպիսին է, ասենք, իրենց համար հայրենիք ծառայող երկիրը: Սակայն օտարության մեջ գտնվող մարդկանց հոգեբանությունն արդեն որոշակիորեն խաթարված է, կեցությունն, ինչպես ընդունված է նման դեպքերում մեջբերել, որոշում է գիտակցությունը: Ցավոք, հակառակը հայերիս հետ տեղի չի ունենում:

Սակայն կա մի խնդիր եւս. եկեք տեսնենք, ի՞նչ վիճակում են կամ որտե՞ղ են այն` մատների վրա հաշված սփյուռքահայերը, ովքեր իրենց բարեկեցությունը մի կողմ դրած` եկան մասնակցելու Ղարաբաղյան պատերազմին: Սարգիս Հացպանյանը մինչ օրս չի կարողանում իշխանություններին, ընդ որում, նաեւ՝ Արցախի իշխանություններին, ապացուցել, որ ինքը ազատամարտիկ է, եկել է Ֆրանսիայից, կռվել Ղարաբաղում` վտանգելով կյանքը: Եվ ոչ միայն չի կարողանում, այլ հիմա, այս պահին նա ազատազրկված է` անհասկանալի մեղադրանքով: Մյուս ազատամարտիկը` Ժիրայր Սէֆիլյանը, մի քանի տարի ազատազրկման դատապարտվեց` իշխանությունների հասցեին հնչեցրած սպառնալիքների մեղադրանքով, նրա` ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները պարբերաբար մերժվում են: Ժիրայր Սէֆիլյանն, ի տարբերություն միլիոնավոր սփյուռքահայերի, այսօր խիստ գործնական է պայքարում հայ-թուրքական` արդեն ստորագրված արձանագրությունների դեմ, քանի որ Հայաստանում է:

Զանգվածային հայրենադարձության, այսինքն` հայապահպանության համար պետությունը պետք է գնա լուրջ, անգամ հեղափոխական որոշումների: Սակայն իրատեսությունը հուշում է, որ գիտակցական այս ռեսուրսով այդ ռեֆորմները տեղի կունենան միայն տիկին Քլինթոնի, պարոնայք Քուշների եւ Լավրովի ճնշմամբ: Իսկ նման բան արդեն դժվար տեղի ունենա: