Ըստ ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 10-11-ը եւ երեկվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Մեհդիլի, Յուսուֆջանլու, Մարզիլի, Սարըջանլու, Սեյսուլան, Ջրաբերդ, Լեւոնարխ Նամիրլի, Յարմջան եւ Թալիշ ուղղությունում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Միաժամանակ ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է երեկ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն լուրը, թե իբր հոկտեմբերի 11-ին շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի մեկ զինվոր։