Երեկ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել Հայ ազգին ուղղված բաց նամակով: «Ոչինչ` ամեն ինչի մասին» սկզբունքով կառուցված բառապաշարով Ր. Հովհաննիսյանի նամակը ավելի շուտ հայրենասիրական կենաց է հիշեցնում, որպիսին կարելի է լսել սփյուռքահայերի մասնակցությամբ անցկացվող գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ: Այնուամենայնիվ, ստորեւ ներկայացնում ենք որոշ հատվածներ նրա այդ ծավալուն նամակից` այդուհանդերձ հույս ունենալով, որ «Հայ ազգն» իր մեջ տոկունություն, համառություն եւ խիզախություն կգտնի «Արձանագրություններ եւ նախապայմաններ» խորագրով այդ ուղերձը մինչեւ վերջ կարդալու համար: Այսպիսով, ներածական մասից հետո ՀՀ նախկին արտգործնախարարն իր նամակում գրում է. «Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը գրչի մի հարվածով հատեցին վտանգի եւ արժանապատվության գիծն ու 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հրաժարվեցին հինավուրց երկրի եւ նրա բնիկ ժառանգների հիմնարար իրավունքների, անվտանգության ու ամբողջականության տեւական պահպանման ազգային որոնումից: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական զույգ «արձանագրությունների» ստորագրումն իրոք կարող է դառնալ հայ ազգի դեմ կատարված եւ քողարկված ոճրագործությունների հաշվեմատյանի ամենավերջին գրառումը…»: «Որպես հայ ազգի ծառա` անդրադարձ կատարելով իմ նախկին պաշտոններին ու ներկա ընդդիմադիր կեցվածքին, ես ապշահար եմ այս վերջին ոճիրից: Իբրեւ Հայաստանի քաղաքացի, ով տարիներ շարունակ այդ պատվից զրկվել էր իրար հաջորդող իշխանությունների կողմից, ցավում եմ, քանի որ մեր ազգի հոգին վաճառվում է Թուրքիայի հետ «բարի կամքի» եւ «բաց սահմանների» կեղծ խոստումով…»: «Դժբախտաբար, հայ եւ թուրք իշխանությունների սկիզբ դրած գաղտնի դիվանագիտական գործընթացն իր հիմքում արատավոր էր, եւ այդ հիմքը դրվեց արյունոտ մի հողում, որտեղ ուժերի ակնհայտ անհամաչափությունը հարատեւում է ցայսօր: Առաջին` արձանագրությունները Հայաստանից պահանջում են հրաժարվել իր օրինական պատմական իրավունքներից եւ «դե յուրե» ճանաչել Թուրքիայի «դե ֆակտո» սահմանները, որոնք գծվել եւ նախասահմանվել էին հայ ժողովրդին իր բնօրրանում ոչնչացնելու եւ հայրենի օջախից բռնի կերպով զրկելու հիման վրա… Երկրորդ` այս արձանագրությունները ներառում են ահաբեկչության երկուստեք դատապարտման խնդիրը` շրջանցելով, սակայն, ավելի մեծածավալ ու եղկելի ոճրագործության` Ցեղասպանության դատապարտումը: Երրորդ` արձանագրությունները պահանջում են հարաբերությունների «պատմական հարթության երկխոսություն»: Այս քայլով, որը Հայոց ցեղասպանությունը «դատարկ արձագանքի սրահի» ներսում բանտելու կողմնակալ փորձ է, ոչ միայն ձեռնոց է նետվում Ցեղասպանության անառարկելի իրողության վրա, այլեւ ապահովվում է հայկական պետության մեղսակցությունը` Թուրքիային ազատելու իր ցեղասպան գործողությունների համար որեւէ պատասխանատվությունից…»: «Այստեղ ծրագիրը պարզ է եւ շատ հարմար «կարված». այն նպատակ ունի մեկընդմիշտ թաղելու պատմության անպատասխան մնացած հարցերը: Շուտով հայոց Ազգային ժողովից պիտի պահանջվի, որ օրենսդրական հավանություն տալով` նույնպես պատասխանատվություն կրի մոտավորապես 90 տարի առաջ կատարված այն փաստի համար, որով քեմալա-բոլշեւիկյան անօրինական համաձայնությունները պսակեցին ցեղասպանական գործընթացը` ջանալով վերջնականապես որոշել հայ ազգի ճակատագիրը` նրա թիկունքում: Ավելին` բավարարված չլինելով Թուրքիայի կողմից հայոց բնօրրանի երկարատեւ բռնազավթման այս պաշտոնական ընդունման հետապնդմամբ, այդ երկրի ղեկավարները համառորեն շարունակելու են ամենուրեք խախտել հավանություն տալու գործընթացը, որպեսզի շրջանցել տան իրենց մեղքը: Սա կիրականացվի հետեւյալ կերպ. արձանագրությունների կատարումը եւ թուրքական շրջափակման վերացումը նրանք կշաղկապեն «Ադրբեջանի բռնազավթված տարածքների» հետ: Սույն բառակապակցությունն ակներեւաբար կեղծ ու անպատշաճ հղում է ԼՂ-ի ազատասեր ժողովրդի եւ Ղարաբաղի` անհավանական թվացող ազատության, թուրք-ստալինական ժառանգությունից սահմանադրորեն ապագաղութացման եւ, որպես դրա հետեւանք, տարածքային ամբողջականության հանդեպ: Եզրափակիչ վերլուծությամբ` Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները զրկվել են իրենց եւ՛ ձայնը, եւ՛ ընտրությունն արտահայտելուց, որպեսզի որոշեն հույժ կարեւոր եւ էականորեն լուրջ գործընթացի արդյունքը: Գործընթաց, որը պիտի դարբնի երկու երկրների ապագա ճանապարհը: Սա հատկապես մտահոգիչ է, որովհետեւ գալիք շաբաթներին եւ ամիսներին կայացնելիք որոշումները կոչված են ճշտորոշելու ապագա սերունդների ճակատագիրը, պատմության հետ առերեսվելու շանսերը, հավաքական հիշողությունը չփոշիացնելու, թուրք-հայկական վիթխարի ջրբաժանը անկեղծորեն վերացնելու հրամայականը»: