Շրջանը փակվում է

12/10/2009

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում հիմնական մարտահրավերները լինելու են Թուրքիայի խորհրդարանում, որտեղ փորձելու են վավերացումը հետաձգել մինչեւ հաջորդ տարեսկիզբ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Փաստաթղթերի վավերացումից հետո սահմանը պետք է բացվի 60 օրվա ընթացքում, մինչդեռ, Անկարային ձեռնտու է այն հետաձգել մինչեւ ապրիլ, երբ նշվելու է Ցեղասպանության 95-րդ տարելիցը»,- ասել է նա: Ըստ նրա, Ցյուրիխում կատարվածը թեստ էր Հայաստանի համար: «Արձանագրությունների ստորագրման հաջորդ օրը պաշտոնական Անկարան հայտարարեց, որ չի վերաբացի հայ-թուրքական սահմանը, մինչեւ չլուծվի ԼՂ հակամարտությունը: Սա Թուրքիայի հերթական ծուղակն էր, որը, կարծում եմ, վերջինը չի լինելու»,- հայտարարել է Կիրակոսյանը, ում կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրություններում առավել վտանգավոր են երկու կետ: «Առաջինը՝ անհավասարակշիռ պայմաններում ստեղծված փաստաթղթում խոսվում է, որ պետք է ճանաչվեն Թուրքիայի ներկա սահմանների հատվող կետերը: Երկրորդ՝ արձանագրություններում ոչ մի խոսք չի գնում պատժի մասին, ու եթե մի օր էլ Թուրքիան որոշի կրկին փակել սահմանները՝ դա կանի հանգիստ»,- պարզաբանել է ՌԱՀԿԿ-ի տնօրենը` նկատելով, որ այսօր Թուրքիան հաղթել է մեկ բանում՝ կարողացել է պառակտել հայկական Սփյուռքը եւ ներքաղաքական լարում մտցնել Հայաստանում: Ռ.Կիրակոսյանը անդրադարձել է նաեւ Սերժ Սարգսյանի երեկվա այցելությանը Մոսկվա եւ հիշեցրել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ողջ գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ Մոսկվայից Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին այցելել Երեւան: «Ուզում եմ ասել, որ գործընթացը սկսվեց Մոսկվայից հնչած հրավերով, եւ այժմ շրջանը փակվում է դարձյալ Մոսկվայում` արձանագրությունների ստորագրումից հետո նախագահ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցելությամբ, – ասել է Կիրակոսյանն` ավելացնելով,- Սա նշանակում է, որ ԼՂ-ի հակամարտության հանգուցալուծումը նախապայման չէ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար, բայց այս այցը նաեւ ի ցույց է դնում ռուսական ազդեցության առկայությունը գործընթացի ետեւում»: