Բուժիչ նամակներ

12/10/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Առողջ սնունդ եւ երկարակեցություն

Մասնագետների մի որոշակի խումբ գտնում է, որ վաղ ծերության պատճառը մեր ընդունած այն սննդի տեսակներն են, որը ամբողջությամբ չի յուրացվում մեր օրգանիզմի կողմից: Այսինքն, վաղ ծերությունը ապրելակերպի կանոնների խախտումն է:

Գիտական հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ նա, ով ճիշտ է սնվում, եւս 30 տարի է ավելացնում իր կյանքի տեւողությանը: Մեր նամակագիրների օգնությամբ փորձենք պարզել, թե որ մթերքներն են օգտակար, որոնք` վնասակար, եւ կոնկրետ ինչ մթերք պետք է օգտագործել երկար ապրելու համար:

Օրինակ` Գոհար Կիրակոսյանը գրում է, որ «ապրելով երկարակյացների ընտանիքում (հայրն ու մայրն ապրել են 90 տարի)` հույս ունեմ, որ ես էլ կարող եմ ապրել երկար, ինչի համար ինքս էլ հետեւում եմ նրանց օրինակին. նրանք սնվում էին շատ պարզ ու հասարակ: Հիմնականում ապրում էին ամառանոցում, իրենց կերակրացանկից գրեթե ամբողջությամբ հանել էին միսը, սկսեցին ավելի շատ օգտագործել ձուկ, ուտում էին շատ հատապտուղներ ու բանջարեղեն: Իսկ այգում ունեին խնձորենու ծառ, որի վաղահաս եւ ուշահաս պտուղներն ուտում էին համարյա կլոր տարին: Մածունը եւս անպակաս էր նրանց սեղանից: Իսկ մենք գիտենք, թե ինչպես է այն կարգավորում աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Այսինքն՝ պետք է եզրակացնել, որ նրանց երկարակեցության գաղտնիքը շատ պարզ էր ու հասարակ` բնության հետ կապը, բնական սնունդն ու մաքուր օդը: Իսկ ես կառաջարկեմ աղցանի բաղադրատոմս, որը շատ օգտակար է առողջությանը: Վերջինիս համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ արեւածաղկի յուղ, 1 գլուխ սոխ, 2 հատ գազար, 1 կապ նեխուր, 2 պճեղ սխտոր եւ մոտավորապես 70 գրամ ծովակաղամբ:

Շատ մանր կտրատել սոխը, նեխուրն ու սխտորը: Հետո ավելացնել արդեն խաշած ծովակաղամբն ու քերած գազարը։ Հետո այս ամենը խառնել ձեթով: Վերջում կարելի է ավելացնել կանաչի` ըստ ճաշակի` համեմ կամ մաղադանոս: Այս աղցանի հիմքը պետք է լինի ծովակաղամբը: Այն կարելի է օգտագործել ոչ միայն այս աղցանի մեջ, այլ նաեւ ճաշերի` աղի փոխարեն»:

Իհարկե, առողջ սննդամթերք է համարվում առաջին հերթին ձուկը: Այն շատ օգտակար է: Ձկան մեջ պարունակվող սպիտակուցները շատ հեշտ յուրացվում են օրգանիզմի կողմից: Դրանք պարունակում են անփոխարինելի ամինաթթուներ, A, D եւ E վիտամիններ, ինչպես նաեւ՝ անփոխարինելի ֆոսֆորը, որը հիմնականում ձկան ոսկորների մեջ է լինում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ուտել լավ պահածոյացված ձուկ, որպեսզի ոսկորներն էլ օգտագործվեն: Այնպես որ, ձուկը շատ օգտակար է. այն կարելի է ուտել ցանկացած ձեւով պատրաստված:

Մասնագետները նաեւ մի հետաքրքիր դիտողություն են անում` եթե մենք խոսում ենք այն սննդի մասին, որը պետք է երկարացնի կյանքի տեւողությունը, ապա դա բոլորովին այլ սնունդի մասին է: Այն չպետք է չափից ավելի համեղ լինի: Եթե մենք խոսում ենք համերի մասին, ուրեմն սա արդեն այլ խոսակցություն է: Նման ճաշատեսակներն ու սննդամթերքը կյանքը չեն երկարացնում:

Առողջ սնունդի մեջ կարեւոր դեր ունեն առաջին ճաշատեսակները` ժողովրդի լեզվով ասած` ջրիկ ճաշը: Շատերը կարծում են, որ առաջին ճաշատեսակը պատրաստելու համար շատ ժամանակ է անհրաժեշտ, քանի որ անպայման արգանակ պետք է պատրաստել: Բայց ոչ, արգանակ նույնիսկ պետք էլ չէ: Կարելի է վերցնել սովորական ջուր, իսկ ջրի մեջ լցնել մանր կտրատած բանջարեղեն, մի քիչ էլ բուսական յուղ, եւ ահա պատրաստ է առաջին ճաշատեսակը: Կարելի է նույնը անել կարագով եւ ավելացնել մի քիչ կանաչի ու թթվասեր: Իսկ եթե այս ամենին էլ մի փոքր ցանկացած տեսակի ձավարեղեն ավելացնենք, կստացվի ոչ միայն օգտակար, այլ նաեւ համեղ ուտելիք:

Իսկ ձավարեղենի մասին պետք է ասել, որ ամենաօգտակարն ու համեղը հնդկաձավարն է: Այն պարունակում է շատ օգտակար նյութեր եւ կարելի է ուտել ցանկացած տարիքում: Հնդկաձավարը կարող է փոխարինել մսին` երկաթի պարունակությամբ: Հենց այդ պատճառով էլ պետք չէ հնդկաձավարը եփել կաթով կամ համատեղել կաթնամթերքի հետ, քանի որ երկաթն ու կաթնամթերքի կալցիումը «անհաշտ ախոյաններ» են:

Իհարկե, խոսքը երեկոյան կեֆիրի մեջ թրջած հնդկաձավարի մասին չէ, որը առավոտյան ուտում են, որպես թեթեւ ու օգտակար սննդամթերք: Սա արդեն այլ բան է: Այստեղ մենք հնդկաձավարի հետ ստանում ենք օգտակար բակտերիաներ, որը դրականորեն է ազդում մեր դիմադրողականության վրա: