Երեկ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որը հաջորդել է նախօրեին տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպմանը: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի՝ երեկվա հանդիպման ընթացքում «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր»: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ նախագահի մամլո գրասենյակը չի փոխանցել: Իսկ հինգշաբթի օրը կեսգիշերին մոտ ավարտվել է Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական դեմ առ դեմ հանդիպումը: Հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով` երկու երկրների արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այնուհետեւ նախագահները զրույցը շարունակել են դեմ առ դեմ, որից հետո նրանց կրկին միացել են համանախագահները եւ արտգործնախարարները: «Երեք ժամ տեւած զրույցի ընթացքում կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները»,- ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունում: Հանդիպումից հետո Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ասել է, որ այն կառուցողական էր, եւ կողմերին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում: Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հավելել է, որ նախագահները կետ առ կետ անցել են միջնորդների ներկայացրած փոփոխություններով եւ նոր լրացումներ են արել: Նախագահները պայմանավորվել են կրկին հանդիպել եւ արտգործնախարարներին հանձնարարել են նոր հանդիպում կազմակերպել, որի ժամանակ ներկայացված կլինեն արդեն Մադրիդյան սկզբունքները նորացված տարբերակով` իրենց իսկ լրացումներով: Փաստաթղթի հիմնական սկզբունքները, ըստ ամերիկացի համանախագահի, մնում են ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը: «Հանդիպման ավարտին համանախագահները լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել են, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները շարունակել են այն հարցերի քննարկումը, որոնց շուրջ դեռեւս չկա փոխըմբռնում: Համանախագահներն ասել են, որ բանակցությունները շարունակվում են միջազգային իրավունքի եւ հիմնարար փաստաթղթերի բոլոր` ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման եւ ԵԱՀԿ արտգործնախարարների Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ ամրագրված հայտնի սկզբունքների շրջանակում: Նրանք նաեւ նշել են, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացը որեւէ կերպ չի առնչվում հայ-թուրքական երկխոսությանը, եւ դրանք տարբեր տրամաբանությամբ առանձին գործընթացներ են»,- ասված է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունում: