Նալբանդյանի հրաժարականի պահանջն անիմաստ է

10/10/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Դեմիրճյան, անցած շաբաթ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ 12 կուսակցություններ եւ քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն ստորագրեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ: Դաշնակցականները հայտարարեցին, որ թեեւ Կոնգրեսին միանալու առաջարկությամբ չեն դիմել, բայց ՀԱԿ անդամ տարբեր կուսակցությունների հետ խոսել են այդ թեմայով: Կոնկրետ Ձեր կուսակցությունը ՀՅԴ-ի հետ քննարկե՞լ է այդ արձանագրությունների թեման, կամ եղե՞լ է իրենց նախաձեռնությանը միանալու առաջարկություն:

– Կոնկրետ ՀԺԿ-ի հետ որեւէ խոսակցություն այդ առումով չի եղել: Մենք անիմաստ ենք համարում պահանջել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Կարծես թե այս երկրում ամեն ինչ մինչեւ հիմա նորմալ էր, Նալբանդյանը եկավ ու խառնեց: Մենք պահանջել եւ պահանջում ենք արտահերթ համապետական ընտրություններ: Դա պահանջում ենք ելնելով ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակից, նախաստորագրված արձանագրություններում մեզ համար անընդունելի դրույթներից` մասնավորապես պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու կետից, այլ նախ՝ այն պատճառով, որ այս իշխանությունները, մեղմ ասած, չեն ձեւավորվել ազատ-անկախ ընտրությունների միջոցով: Որ այս իշխանությունները պատասխանատու են 2008-ի մարտի 1-ին ժողովրդի նկատմամբ իրականացրած սպանդի համար: Երկրորդը` այս իշխանությունների օրոք երկրում շարունակում է բարգավաճել երկրում ձեւավորված կոռումպացված, օլիգարխիկ-կրիմինալ համակարգը: Այսօր խոսում են այն մասին, թե 21-րդ դարում անթույլատրելի է ունենալ փակ սահմաններ: Սա ակնհայտ ճշմարտություն է: Բայց 21-րդ դարում անթույլատրելի է նաեւ կեղծել ընտրությունները, քաղաքական հայացքների համար մարդկանց չպետք է բանտերում պահել: 21-րդ դարում երկիրը չպետք է ղեկավարեն կիսագրագետ քրեական տարրերը: Եվ եթե չձերբազատվենք այս կոռումպացված, կրիմինալ համակարգից, մեր երկիրը զարգացման հեռանկար չի ունենա թե՛ բաց, թե՛ փակ սահմանների դեպքում: Իշխանությունների լեգիտիմությունը չափազանց կարեւոր է նաեւ հենց այս արձանագրությունների վավերացման հարցում: Այս արձանագրությունների հետ կապված սփյուռքում իբր թե քննարկումներ իրականացվեցին: Սակայն ճիշտ կլիներ, որ թե՛ սփյուռքում, եւ թե՛ Հայաստանում իրական քննարկումներ իրականացվեին մինչեւ այս փաստաթղթերի նախաստորագրումը: Այդ արձանագրությունները ստորագրելուց հետո պետք է վավերացվեն խորհրդարանի կողմից: Քաղաքականությունից հեռու մարդու համար էլ պարզ է, որ այս խորհրդարանը չի արտահայտում մեր հասարակության տրամադրությունը: Եվ անթույլատրելի է, որ նման խորհրդարանը քննարկի ու վավերացնի այս արձանագրությունները: Այնպես որ, մեր պահանջները բխում են մեր երկրի շահերից:

– Բայց ընդդիմադիր ներկայացող մի շարք ուժեր ասում են, թե արտահերթ ընտրությունները երկրում ցնցումներ են առաջացնելու, իրենք դա չեն ուզում:

– Այդ ցնցումների համար ամբողջովին պատասխանատու են այս իշխանությունները, որոնք կեղծում են ընտրությունները, բռնանում են ժողովրդի կամքի վրա: Հայաստանում ձեւավորվել է ընտրությունները կեղծելու կուռ ավանդույթ, եւ դրան որքան շուտ վերջ դրվի, այնքան լավ մեր երկրի համար: Այնպես որ, լուրջ չեն այդ փաստարկները:

– Ձեր կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորվա՞ծ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններով: Այնուամենայնիվ, նախաստորագրված արձանագրությունների մեջ ԼՂՀ-ին վերաբերող նախապայման կա՞:

– Իհարկե, արձանագրություններում Ղարաբաղի մասին դրույթ չկա, բայց Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է ԼՂՀ հարցի կարգավորման հետ: Մենք ամեն օր լսում ենք Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այդ մասին: Մեզ ասում են, թե դուք հիմք մի ընդունեք այդ հայտարարությունները: Բայց ընդունենք թե չընդունենք, փաստ է, որ Թուրքիան կապում է: Այնպես որ, հնարավոր է, որ Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները մինչեւ ԼՂՀ հարցի կարգավորումը: