– Հայաստանի համար ի՞նչ վտանգներ եք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ներկայիս գործընթացում եւ նախաստորագրված արձանագրություններում:
– Ես չգիտեմ` այն վտանգները, որոնք ես եմ տեսնում, նո՞ւյնն են, ինչ մյուսներն են տեսնում: Բնական շահ է հարեւանների, այդ թվում եւ՝ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալը: Բայց խնդիրն այն է, թե ինչ գնով: Ընդհանուր առմամբ կա մեկ հիմնական խնդիր` այն, որ ՀՀ իշխանությունները շատ են շտապում իրենց որոշումների մեջ: Այսօր կայացրած որոշումները ազդելու են հետագա եւ նախորդ սերունդների վրա: Իմ երկրորդ մտահոգությունն այն է, որ նույնիսկ ամենադրական սցենարի դեպքում Թուրքիայի հետ համագործակցությունը ոչնչով չի անդրադառնա ՀՀ ներքաղաքական կյանքի վրա: Նույնիսկ, եթե ՀՀ-ն այս հարաբերություններում հաղթանակի, դա ոչնչով չի փոխի Հայաստանի քաղաքական ճգնաժամը, լեգիտիմության պակասը եւ տնտեսական անհավասարությունը: Այս ամբողջ գործընթացը շեղում է ուշադրությունը ՀՀ ներքաղաքական իրավիճակի նկատմամբ: Եվ թուրքական իշխանությունների համար հաղթանակ է Հայաստանի եւ սփյուռքի միջեւ խորացող տարաձայնությունը: Դա մեզ թուլացնում է ԼՂՀ հարցում: Ես ունեմ մեկ այլ մտահոգություն` եկեք արձանագրությունները դիտարկենք որպես պայմանագիր երկու երկրների միջեւ: Մենք առօրյա կյանքում կնքում ենք պայմանագրեր, որոնցից յուրաքանչյուրն ունի բաժին, որ եթե մենք դրժենք մեր պարտավորությունները, տույժ ենք մուծելու կամ պատժվելու ենք: Բայց այս արձանագրություններում պատժի մասին որեւէ կետ չկա: Իմ պահանջն այն է, որ արձանագրությունը նույնքան կարեւոր է, որքան համաձայնությունը: Այս փաստաթղթերում պետք է նույնքան կարեւոր կերպով լինի պայման, որ եթե որեւէ մի կողմը դրժի համաձայնությունը, պետք է պատիժ ստանա: Իսկ այս դեպքում Թուրքիային ոչինչ հետ չի պահում, որ այդ արձանագրություններով նախատեսված պարտավորությունները դրժի: Նույնիսկ, եթե դրանք հաստատվեն թուրքական խորհրդարանի կողմից: Համաձայնության մեջ որեւէ տեղ չի նշվում, որ որեւէ կերպ կպատժվի 1 կամ 100 օր հետո սահմանը փակելու համար:
– Պատժի մեխանիզմի բացակայությունից միգուցե կարող է օգտվել նաեւ Հայաստա՞նը:
– Թուրքիան պետք է բացի սահմանը եւ ուղարկի դիվանագետներ, բայց դա փոխհամաձայնություն չէ, դա միջազգային հարաբերություններում ընդունված նվազագույն տարբերակն է: Երկրները դրա համար չպետք է պարգեւատրվեն կամ գովաբանվեն: Ավելի հավանական է, որ Թուրքիան եւ ոչ թե Հայաստանը կխախտի այս պայմանագիրը: Այդ Թուրքիան էր, որ փակեց սահմանը, եւ ոչ թե Հայաստանը: Եվ այդ պատժի բացակայությունը ավելի շուտ հաղթանակ է Թուրքիայի համար: Այս արձանագրությունների եւ հարաբերությունների կարգավորման հարցերը պետք է փոխհարաբերությունները նորմալացնեն ավելի հավասարակշիռ մակարդակով: Ի՞նչ է իրականում Թուրքիան տալիս Հայաստանին: Նրանք այնքան բարի են գտնվում, որ նստում եւ խոսո՞ւմ են մեզ հետ: ՀՀ-ն տալիս է ավելի շատ` Թուրքիայի տարածքային պահանջները, հանում եւ խաղի մեջ է դնում ցեղասպանության հարցը: Բայց այս գործընթացում Հայաստանն էլ ունի երկու ձեռքբերում: Առաջինն այն է, որ ԼՂՀ-ն արձանագրությունների մեջ ներգրավված չէ, դա Թուրքիայի համար այլեւս նախապայման չէ: Երկրորդ հաղթանակն այն է, որ այս ամբողջ գործընթացը փչացրել է թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Բայց այս երկու հաղթանակներն էլ Հայաստանի դիվանագիտական հաղթանակը չեն: Այդ երկու ձեռքբերումները բխեցին Թուրքիայի որոշումներից: Ու ես անհանգստացած եմ, որ հայկական դիվանագիտությունը թույլ է թուրքական դիվանագիտությունից:
– Իսկ Թուրքիան ինչո՞ւ թույլ տվեց, որ այդ երկու հարցերում Հայաստանը ձեռքբերում ունենա:
– Առաջին հերթին ասեմ, որ Թուրքիան որոշեց ճշտել իր քաղաքականությունը: Տեսավ, որ ՀՀ-ի շրջափակումը չաշխատեց: Բացի այդ, Թուրքիան իրեն այլեւս երջանիկ էր զգում Ադրբեջանի հետ, որովհետեւ նրա քաղաքականությունը որոշակի կախվածություն էր ձեռք բերել Բաքվից: Ղարաբաղի հարցը արձանագրություններում չդնելու որոշումը տակտիկա է եւ ոչ թե ռազմավարություն: Բայց մյուս կողմից էլ՝ թուրքական ռազմավարությունը հետեւյալն է, եթե նույնիսկ իրենց խորհրդարանը վավերացնի այդ արձանագրությունները, եւ սահմանը բացեն, ոչինչ չի կանգնեցնի Թուրքիային, որ 1 տարի կամ 6 ամիս անց ԼՂՀ-ի հետ կապված պահանջ ներկայացնի, ու նորից փակեն:
– Կարծիք կա, որ արձանագրությունների` «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու» դրույթը ԼՂ-ի հարցի հետ կապված նախապայման է:
– Համաձայն չեմ: Դա նաեւ կարող է օգտագործվել Կիպրոսի դեպքում, որովհետեւ այդ համատեքստում Թուրքիան կարող է լինել նույնքան թույլ, որքան Հայաստանը: Դա կարող էր պնդել Հայաստանը, որ Ադրբեջանը չմիջամտի երրորդ երկրների գործերին:
– Դուք ասում եք, թե Թուրքիան ուզում է փոխել իր քաղաքականությունը եւ դուրս գալ Բաքվից ունեցած կախվածությունից, կամ` փչացել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Բայց թուրք պաշտոնյաներն ամեն օր հայտարարում են, որ ի վնաս Ադրբեջանի` ՀՀ-ի հետ հարաբերություններ չեն հաստատի:
– Միշտ չէ, որ պետք է հավատալ, թե ինչ են ասում քաղաքական գործիչները: Այդ ուղերձների մեծ մասը Թուրքիայի ու Ադրբեջանի ժողովուրդների համար են: Թուրքիան չի ուզում կորցնել Ադրբեջանին, բայց մինչ այսօր էլ Ադրբեջանն ավելի հզոր ուժ է ունեցել այդ երկրում, եւ Թուրքիան ուզում է Ադրբեջանից վերցնել վետոյի իրավունքը: Հայ-թուրքական այս հարաբերությունների իրական ստուգատեսը դեռ առջեւում է: Ամենադժվար հատվածը Թուրքիայի խորհրդարանի քննարկումներն են լինելու, որի արդյունքում, չի բացառվում, որ արձանագրությունների վավերացումը հետաձգվի: Բայց ԱՄՆ-ը ուզում է, որ այդ կարգավորումը ողջամիտ ժամկետում լինի, եւ կարող է ճնշեն Թուրքիային, որ այդ պրոցեսը չերկարացնի:
– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարծես թե Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել, այն դեպքում, երբ այդ հարաբերությունների կարգավորման դեպքում ՌԴ-ի ազդեցությունն այս տարածաշրջանում կթուլանա: Տարօրինակ չէ՞ ՌԴ-ի այս չեզոքությունը, թե՞ դա առաջին հայացքից է թվում:
– Ռուսաստանը չեզոք չէ: Հենց սկզբից էլ նա աջակցել է այդ գործընթացին: ՌԴ-ն այս գործընթացում առայժմ ունի երկու ձեռքբերում` մեկուսացրել է Վրաստանին, եւ Ադրբեջանը Մոսկվային հիմա ավելի մոտ է կանգնած: Ռուս-թուրքական հարաբերությունների ազդեցությունն է պատճառը, որ Սարգսյանի հրավերը Գյուլին եղավ Մոսկվայից: Եթե հիշում եք, դա եղավ մինչեւ Վրաց-օսական պատերազմը:
– Թե՛ մեր, թե՛ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները միակողմանի են, եւ այս իրավիճակում այնքան էլ պարզ չէ` կողմերից ո՞րն է ավելի շահում այս հարաբերությունների կարգավորումից:
– Թուրքիան է ընտրել դառնալ Հայաստանի թշնամին, Թուրքիան է ցեղասպանությունն արել, Թուրքիան է հետո որոշել մերժել ցեղասպանությունը, հետո Թուրքիան որոշեց փակել սահմանը: Խնդիրն այն չէ, թե ես հավատում եմ թուրքական հայտարարություններին, նույնիսկ, եթե նրանք ասեն ամբողջ ճշմարտությունը: Նրանք նախ պետք է գործով ցույց տան, որ ուզում են ընկեր լինել: Դա նաեւ նշանակում է՝ ցեղասպանության ճանաչում: Մենք դեռ չգիտենք, թե Թուրքիան արդյո՞ք որոշել է չլինել մեր թշնամին: Նրանք դա դեռ պետք է ապացուցեն:
– Եթե Թուրքիան այդ ամենը անելուց հետո ուզում է հարաբերությունները կարգավորել, ապա ինչո՞ւ է դրա համար վճարում Հայաստանը արձանագրություններում առկա մտահոգիչ պայմաններով:
– Թվում է, թե ՀՀ իշխանություններից մի քանի հոգի են որոշել վճարել: Ես չեմ կարծում, որ այդ մասին որեւէ մեկը հարցրել է Հայաստանի հանրությանը:
– Անցած շաբաթ 12 քաղաքական ուժեր միավորվեցին ընդդեմ այս արձանագրությունների: Ձեր կարծիքով՝ այս համագործակցությունը կարո՞ղ է այս գործընթացի եւ ներքաղաքական կյանքի վրա ինչ-որ ազդեցություն ունենալ:
– Կարծում եմ, որ իրական խնդիրը կառաջանա թուրքական եւ ոչ թե հայկական խորհրդարանում: Կարծում եմ, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած չեն այդ միավորման պատճառով: ՀՀ իշխանությունները քննադատվել են թե՛ սփյուռքում, թե՛ այստեղ: Եթե ազգային հարցերի համար է միավորվում ընդդիմությունը, շուտ է ասել, թե դա բավարա՞ր է: Բայց այս երկիրը դինամիկ ու ակտիվ ընդդիմության կարիք ունի: