«Հայաստանում չկա մեկը, որը կարողանա Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին։ Կարող ա մտքում ունենա, բայց չի կարա բացահայտ դուրս գա»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Նա համոզված է, որ հայ-թուրքական կարգավորումը հնարավոր չէ առանց Ղարաբաղի խնդրում զիջումների, սակայն, եթե նույնիսկ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները ստորագրվեն, եւ դրա արդյունքում հայկական կողմը ստիպված լինի ԼՂ հարցում զիջումների գնալ, ոչ մեկը թույլ չի տա: Ըստ Ս. Բաբայանի` դա թույլ չեն տա առաջին հերթին իր սերնդակիցները, Ադրբեջանի դեմ պատերազմածները, Արցախի հողերն ազատագրածներն ու ԼՂ-ի բնակչությունը: Նա կարծում է, որ բողոքի այս ալիքը կհասունանա նախաստորագրված արձանագրությունների վավերացման փուլում, եւ կախված այն բանից, թե ազգային ուժերը որքան համախմբված կգործեն, հարցն անգամ կարող է հասնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին: Հրաժարական պահանջողներից մեկն էլ Ս. Բաբայանը կլինի. «Երբ ազգի հարց են դրել մեջտեղ, փայ-փայ են անում, մնացել է ժողովրդին ծախեն, բա Սերժ Սարգսյան չլինի, ով ուզում է լինի: Չի կարելի դա թույլ տալ. առեւտրի գոտի չի Հայաստանը ձեր համար: Ժողովրդին վախեցնեք, վախը բռնեք, որ պատերազմ է լինելու, ձեններդ կտրե՛ք, սոված եք մնալու, շուտ անենք` ինչ կա, տանքգ Քանի հազարամյակ տալով` գալիս եք, էլ ի՞նչ եք ուզում տաք, հերի՛ք է, էլի, վե՛րջ տվեք վախեցնելով»: Նաեւ հավելել է, որ ոչ մեկը մեզ հետ ուժով չի կարող հարց լուծել. «Թուրքիան Հայաստանի հետ ունի 300 կմ սահման: Այդ 300 կմ-ով քանի՞ հազար զորք կարող է մտնել: Չի կարող ավելի քան 20-25 հազար մանյովր անի: Մենք պատրաստ ենք ցանկացածի հետ, թող չվախեցնեն. ոչխարն էլ է քանակով շատ լինում: գԱմեն ինչ գտնվում է Ղարաբաղում, մենք պետք է կարողանանք Ղարաբաղը պահել ու այսօր ոչ մի փոխզիջման մասին պետք չի ընդհանրապես խոսել»,- հայտարարել է նա: Սահմանների հնարավոր բացման մասին խոսելիս՝ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասել է. «Եթե Ղարաբաղը մենք նվեր կտանք` բոլորս միասին այստեղ նստած, ուրեմն կբացվի, եթե չենք տա այդ նվերը, ուրեմն չի բացվի»: Անդրադառնալով ՀՅԴ այսօրվա պայքարին` Ս. Բաբայանն ասել է, որ հարգում է Դաշնակցությանը եւ գտնում է, որ ՀՅԴ-ն իր ուժերի չափով փորձում է պայքարել այս արձանագրությունների դեմ. «Դաշնակցությունն այլընտրանք էլ չունի եւ պարտավոր է սա անելու: Եվ մենք բոլորս էլ պետք է օգնենք Դաշնակցությանը` հասնելու դրան»: Բայցեւ ՀՅԴ-ի` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջին անդրադառնալով` Ս. Բաբայանն ասել է. «Նալբանդյանը քաղաքականություն չի իրականացնում, նրան ինչ ասում են, նա այդ էլ կատարում է»: Ըստ բանախոսի` հայ ժողովրդին պետք է Կարմիր գրքում գրանցել, որովհետեւ երկրագնդի վրա չկա որեւէ այլ ժողովուրդ, որն իր ազատագրած պատմական հողերը ցանկանում է հանձնել հարստանալու եւ լավ ապրելու համար: Նախիջեւանում կայացած թուրքալեզու երկրների համաժողովի ժամանակ հնչած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը` ադրբեջանական պատմական հնամենի երկրամասի` Զանգեզուրի անջատումը Ադրբեջանից եւ դրա միացումը Հայաստանին աշխարհագրորեն մասնատել է թուրքական մեծ աշխարհը, ըստ Ս. Բաբայանի` հստակ «մեսիջ» էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասնական են եւ չեն հրաժարվել իրենց նախկին ծրագրերից: Ս. Բաբայանն ասել է նաեւ, որ սփյուռքի դժգոհությունից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետեւություններ անի եւ փոփոխություններ մտցնի փաստաթղթերում։ Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է արդյոք Արձանագրությունների ստորագրումից հետո ընկած ժամանակահատվածում գործընթացը տապալվի, Ս. Բաբայանն ասել է. «Սփյուռքի հետ հանդիպումներից հետո, իմ կարծիքով, նախագահը պետք է փորձեր կամ փոփոխություններ մտցնել, կամ վիժեցնել, հակառակ դեպքում շատ լուրջ պրոբլեմ ենք ունենալու ազգի պառակտման թե ներսում, թե դրսում»։ Ըստ նրա, այդ պառակտումն արդեն իսկ կա ու կշարունակվի թե Հայաստանում, թե Սփյուռքում։