Հոկտեմբերի 8-ին բրիտանական հանրահայտ «The Independent» թերթը հոդված է հրապարակել՝ «Մոռացված ցեղասպանություն. հայերը ցնցված են Թուրքիայի հետ համաձայնագրից» վերնագրով։ Հրապարակումը բուռն քննարկման թեմա դարձավ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերել էին ընդամենը մի նախադասություն, որտեղ նշվում էր, թե հայերը որոշ էթնիկ զտումներ են կատարել Ղարաբաղում։ Մինչդեռ հոդվածագիրը՝ Ռոբերտ Ֆիսկը, բոլորովին այլ բանի վրա է ուշադրություն հրավիրել։ Հաշվի առնելով, որ հոդվածը բավականին հետաքրքիր է եւ հայկական մամուլում ներկայացվել է հատվածաբար՝ ըստ ռուսական «Ինոպրեսսա»-ի հրապարակման, ներկայացնում ենք տվյալ հոդվածի թարգմանությունը բնագրից, ամբողջությամբ։
Ռոբերտ Ֆիսկ
Այն, ինչը 1915թ. աշնանը տեսավ ավստրիացի ինժեներ Լիցմայերը (որն օգնում էր կառուցել Կոստանդնուպոլիս-Բաղդադ երկաթգիծը), սկզբում նրան թվաց Միջագետքի ուղղությամբ շարժվող թուրքական մեծ զորախումբ։ Սակայն, երբ ամբոխը մոտեցավ, նա հասկացավ, որ դա զինվորների հսկողությամբ շարժվող կանանց քարավան էր։ Բոլոր 40 հազար կանայք հայուհիներ էին՝ որոնց բաժանել էին, իրենց ամուսիններից։ Իսկ ամուսինների մեծ մասին ժանդարմներն արդեն մորթել էին։ Կանայք մահացու արշավի էին գնում։ Այդ ցեղասպանության ընթացքում զոհվել է ընդհանուր առմամբ մինչեւ 1.5 մլն հայ։
Կանանց մշտապես ծեծում եւ բռնաբարում էին, եւ ոմանք նախընտրում էին թույն խմելով ինքնասպան լինել՝ թողնելով Էրզրումի, Սերենի, Սիվաշի, Բիթլիսի եւ Արեւմտյան Հայաստանի մյուս քաղաքներում գտնվող իրենց տները։
Լիցմայերի ժամանակակիցներից մեկը՝ եպիսկոպոս Գրիգորիս Բադալյանն, այսպես է նկարագրել այդ կանանց. «Նրանցից ոմանք հասցվել էին այնպիսի վիճակի, որ հիշեցնում էին ցնցոտիների մեջ փաթաթված կմախքներ, մաշկը վերածվել էր արեւից, ցրտից եւ քամուց քայքայված կաշու։ Շատ հղիներ այն աստիճանի էին զրկվել զգացմունքներից, որ իրենց նորածիններին թողնում էին ճամփեզրին եւ հեռանում՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով մարդկության եւ Աստծո դեմ»։
Ամեն տարի նորանոր ապացույցներ են ի հայտ գալիս զանգվածային զտումների մասին, որոնք դարձան անցած դարի առաջին Հոլոքոստը։ Եվ ամեն տարի Թուրքիան հերքում է, որ ցեղասպանություն է իրականացրել։ Սակայն շաբաթ օրը, ի սարսափ ցեղասպանության զոհ դարձած հայերի միլիոնավոր ժառանգների, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ստորագրել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը, ինչը պետք է հնարավորություն տա ձեռք բերել նոր առեւտրային համաձայնություններ եւ նավթային շահեր։ Նա այդ բանն անելու է՝ չկատարելով երկրի սահմաններից դուրս ապրող հայերին տված իր ամենակարեւոր խոստումը. նա չի պահանջելու, որպեսզի Թուրքիան ընդունի, որ 1915թ. հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել։
Երեկ Բեյրութում հազարավոր հայեր ցույց էին կազմակերպել այն հյուրանոցի առաջ, որտեղ հանգրվանել էր պրն Սարգսյանը։ Նրանք բողոքում էին «առեւտուր՝ հրաժարման դիմաց» համաձայնության դեմ։ Պաստառների վրա գրված էր. «Մենք չենք մոռանա», «Հայոց պատմությունը չի վաճառվում»։ Նրանք Հայաստանի նախագահին դավաճան էին անվանում։ «Ինչո՞ւ են վաճառքի հանել մեկուկես միլիոն մեր նահատակներին,- հարցնում էր ակցիայի մասնակիցներից մեկը,- Իսկ ի՞նչ կասեն Թուրքիայում մեր հայկական հողերի, մեր նախնիների թողած տների մասին։ Սարգսյանը դրանք վաճառում է»։
Տխուր ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանով, ԱՄՆ-ով, Ֆրանսիայով, Լիբանանով եւ աշխարհի շատ այլ երկրներով սփռված 5.7 միլիոն սփյուռքահայերը արեւմտահայերի հետնորդներն են, ովքեր կրել են 1915թ. թուրք-օսմանյան վայրագությունների հիմնական հարվածը։
Փոքրիկ, լեռներով շրջափակված, ընդամենը 3.2 միլիոն բնակչությամբ ժամանակակից Հայաստանը, որը մի ժամանակ Արեւելյան Հայաստան էր կոչվում, աղքատ, խորը կոռումպացված եւ կասկածելի ժողովրդավարություն ունեցող երկիր է։ Այն կախված է Սփյուռքում ապրող ավելի հարուստ բարեկամների կողմից ուղարկվող դրամական փոխանցումներից։ Եվ հենց դրանով է պայմանավորված Սերժ Սարգսյանի անհույս առաքելությունը՝ այցելությունները Նյու Յորք, Լոս Անջելես, Փարիզ, Բեյրութ եւ Դոնի Ռոստով՝ համոզելու համար, որ նրանք (սփյուռքահայերը.- խմբ.) աջակցություն հայտնեն հայ եւ թուրք արտգործնախարարների կողմից Շվեյցարիայում ստորագրվելիք համաձայնագրին։
Թուրքերը նաեւ ազդարարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր լուծման մասին, որը պատմական Հայաստանի մի մասն է, եւ գրավվել է Ադրբեջանից՝ հայկական զինուժի կողմից։ Պետք է խոստովանել, որ հայերն այնտեղ որոշ էթնիկ զտումներ են անցկացել։ Սակայն Սփյուռքին զայրացրել է ոչ թե դա, այլ այն, որ Երեւանը հրաժարվել է բանակցությունների համար Ցեղասպանության ճանաչման պայման դնել։
«Հայաստանի կառավարությունը փորձում է մեր գլխի տակ փափուկ բարձ դնել, ասելով, որ հայ եւ թուրք պատմաբանները կնստեն եւ կորոշեն՝ ինչ է տեղի ունեցել 1915թ.։ Սակայն Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ կպահպանե՞ր Գերմանիայի հետ, եթե գերմանական կառավարությունը հանկարծ կասկածի տակ դներ Հոլոքոստը եւ առաջարկեր պատմաբանների մասնակցությամբ քննարկել այդ հարցը»,- հարցնում էր Բեյրութի ցուցարարներից մեկը։
Դավաճանությունը միշտ էլ օդում ճախրել է։ Բարաք Օբաման ԱՄՆ արդեն երրորդ նախագահն է, որ հայ ընտրողներին խոսք տվեց ճանաչել Ցեղասպանությունը, իսկ ընտրվելուց հետո դավաճանեց՝ հրաժարվելով անգամ օգտագործել այդ բառը։ Լլոյդ Ջորջը եւ Ուինսթոն Չերչիլը ժամանակին ամպագոռգոռ կերպով դատապարտում էին տեղի ունեցածը, իսկ Չերչիլն առաջին բրիտանացի գործիչն էր, ով դա անվանեց հոլոքոստ։ Սակայն բրիտանական ԱԳՆ-ն այսօր հայտարարում է, որ 1915թ. «սպանությունների մանրամասները» նախկինի պես հայտնի չեն։ Մինչդեռ նոր փաստերը շարունակում են ի հայտ գալ, այդ թվում՝ նաեւ մեր թերթի ընթերցողների կողմից։ Ինձ ուղղված նամակում ավստրալացի Ռոբերտ Դեւիդսոնը գրել է, որ իր պապը՝ Ջոն «Ջոկ» Դեւիդսոնը, Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայել է Ավստրալիայի թեթեւ հեծելազորում եւ հայերի ցեղասպանության ականատես է. «Նա գրել է, որ Հոմսի պատերի տակ հարյուրավոր դիակներ կային։ Տղամարդիկ, կանայք եւ երեխաներ՝ ամբողջովին մերկ, որոնց մարմինները քայքայվում էին կամ շների կեր դառնում։ Ավստրալացիներին ցնցել էր այն դաժանությունը, որ թուրքերը ցուցաբերել էին այս մարդկանց նկատմամբ։ Մի անգամ էլ նրանց ջոկատը հանդիպել է մի հայուհու՝ իր երկու երեխաների հետ։ Նրանք այնքան էին նիհարել, որ կմախքներ էին հիշեցնում։ Կինը նշաններով հասկացրել է, որ թուրքերը մորթել են իր ամուսնուն եւ երկու մեծ երեխաներին»։
Պատմաբան Փիթեր Բալաքյանը «Հայկական Գողգոթա» կոչվող իր նոր գրքում գրում է բրիտանացի զինվորների մասին, որոնք հանձնվել էին թուրքերին Քութ Ալ-Ամար ամրոցում (ներկայիս Իրաքի տարածք)։ Այդ զինվորներին ուղարկել էին դեպի հյուսիս՝ դեպի իրենց սեփական վախճանը։ 13 հազար բրիտանացի եւ հնդիկ զինվորներից ողջ էին մնացել ընդամենը 1600-ը։ Եվ այդ ողջ մնացածները պատմում էին հայերի կոտորածների զարհուրելի տեսարանների մասին Դեր Զորի մոտ, որը ոչ այնքան հեռու է սիրիական Հոմսից։ Այդ անապատում նրանք հանդիպել են մարդկային ոսկորների, կոտրված գանգերի եւ կմախքների սարերի։ Դրանք սփռված էին ամենուր, եւ դրանց մեջ կային սպանված երեխաների շատ կմախքներ։
Երբ շաբաթ օրը արտաքին գործերի նախարարները Շվեյցարիայում նստեն ստորագրելու արձանագրությունները, նրանց մնում է միայն հուսալ, որ իրենց գրիչների թանաքը արյան չի վերածվի։