«Հայ-թուրքական կարգավորման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականությունում առկա է եղել սկսած անկախության առաջին տարիներից, անգամ 1992 թ. պատրաստվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը։ Նկատելով, թե վատ չէր լինի, որ այսօրվա պետական այրերը հրապարակեին 92 թ. փաստաթուղթը, Վահան Փափազյանն ասել է, որ իրենց պատրաստած փաստաթուղթն էականորեն տարբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ներկայացված այսօրվա Արձանագրություններից։ Մասնավորապես, ըստ նրա, 92 թ.-ի փաստաթղթում սահմանների մասին խոսք չկար։ Շարունակելով՝ նախկին արտգործնախարարը մեղադրել է Ռոբերտ Քոչարյանին, որի իշխանության գալուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչը չկար Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք: Ըստ Փափազյանի, Հայոց ցեղասպանության ճանաչումը օրակարգ մտցնելու արդյունքն այն է, որ այսօր ներկայացված Արձանագրություններում տեղ է գտել պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը։ Փափազյանը հայտարարել է, թե այդ հանձնաժողովում մենք չենք կարողանալու ապացուցել պատմական ճշմարտությունը, քանի որ «աճուրդում հաղթում են հարուստները»: Այսինքն, ըստ նախկին արտգործնախարարի, Թուրքիան գնելու է հիշյալ հանձնաժողովի բոլոր մասնագետներին, այդ թվում՝ հայերին: Պարոն Փափազյանը խոսել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա ընթացքի մասին: «Ես չեմ ուզում ամբողջ մեղքը բարդել ներկա իշխանությունների վրա: Մադրիդյան սկզբունքները Քոչարյանի եւ Օսկանյանի ծնունդն են: Նրանք են հռչակել այս ամենը»,- հայտարարել է նախկին արտգործնախարարը: Ըստ Փափազյանի, ԼՂՀ խնդիրը միշտ առկա է եղել հայ-թուրքական կարգավորման հարցում, իսկ ներկա փաստաթղթերում ԼՂՀ խնդիրն ուղղակի առկա է: Նախկին արտգործնախարարը պնդել է, թե հայ-թուրքական Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն միայն Ղարաբաղի հարցում որոշակի առաջընթաց լինելու դեպքում, իսկ որոշակի առաջընթացը նշանակում է՝ հայկական զորքերի դուրսբերում Ղարաբաղի 5 շրջաններից: