Երեկ ժամը 17։00-ին Հանրապետության հրապարակից սկսվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած բողոքի երթը՝ ընդդեմ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների։ Մինչ Ծիծեռնակաբերդ շարժվելը երթի մասնակիցները շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ Արմեն Ռուստամյանը նախ բարձրաձայն ընթերցել է իրենց մտահոգությունների նամակը՝ նշելով, որ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է նախագահի վրա: Հետո այն հանձնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին։
Հետաքրքիրն այն է, որ ՀՅԴ-ն մի կողմից ընդունում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական նախաձեռնողը հենց ՀՀ նախագահն է, մյուս կողմից՝ ՀՅԴ ակտիվիստները երթի ընթացքում, ի թիվս այլ արտահայտությունների, վանկարկել են՝ «Նախագահ, չզիջես»: Նշենք նաեւ, որ երթի մասնակիցների թվի մասին տեղեկությունները, մեղմ ասած, շատ հակասական են։ Օրինակ՝ «Ա1+»-ը նշում է մի քանի հազար հոգու մասին, «News.am»-ը՝ 3-5 հազար մասնակիցների մասին, իսկ ՀՅԴ Գերագույն մարմնի պաշտոնաթերթ «Երկիրը» գրել է, որ բողոքի երթին մասնակցել են «շուրջ 50 հազար հայորդի, ում համար առաջնային է ազգային ինքնությունը»։