«Թուրքերը կաշխատեն մեր օլիգարխների հետ»,- ասում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

10/10/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թուրքիայի հետ թշնամություն անելը շատ ավելի հեշտ էր, քան այս պայմաններում բարեկամություն անելը դուրս կգա: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Անշուշտ պետք է պատրաստվել տնտեսական հարաբերություններին, վաղ թե ուշ պետք է բախվեինք թուրքական կապիտալի հետ, թուրքական ձեռներեցության հետ: Բայց այսօր սահմանի բացումով ՀՀ կենտրոնացված օլիգարխացված տնտեսությունը բախվելու է թուրքական ոչ կենտրոնացված, ոչ օլիգարխացված, դինամիկ մասնավոր սեկտորին»,- ասում է Հ. Բագրատյանը: Թուրքիան, ըստ բանախոսի, գերազանցում է ՀՀ-ին ինչպես 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի ծավալով (մոտ 2 անգամ), այնպես էլ միջնակարգ եւ բարձրագույն կրթությունը բնութագրող բոլոր ցուցանիշներով: Սահմանի բացումով, առաջին հերթին, ըստ նրա, ՀՀ ներմուծվող իրանական բազմաթիվ ապրանքներ կփոխարինվեն թուրքականով, որոնք համեմատաբար ավելի էժան են: Էժան ապրանքների հոսքի հետեւանքով տեղական արտադրողի վիճակը եւս սկզբում մի փոքր կվատանա: Հետո, ըստ Բագրատյանի, մենք կբախվենք Թուրքիայի գլխավոր առավելության` նրա դինամիկ զարգացող մասնավոր սեկտորի հետ, եւ մեր ձեռներեցները չեն կարողանա մրցակցել թուրք մանր ու միջին ձեռներեցների հետ: Սակայն, ըստ Բագրատյանի, ամենակարեւոր խնդիրն այն է, որ ի տարբերություն Թուրքիայի, ՀՀ տնտեսությունը ամբողջությամբ օլիգարխիական տնտեսություն է, եւ թուրքերը կաշխատեն հենց մեր օլիգարխների հետ: «Ամենասարսափելին ինձ համար այն չէ, որ մենք այսօր արտադրանք չունենք: Օրինակ, Անթալիայում կան հյուրանոցների մոտ 5000 սեփականատերեր: Այնինչ, Հայաստանում չէին թողնի դա. կամ պետք է Քոչարյանը լիներ, կամ մյուսը լիներ, ընդամենը` մի 10 ազգանունգ Ոնց որ Սեւանում է: Թուրքիայում այդպիսի ագահություն չկա: Սահմանի բացումով թուրքական կապիտալը կբախվի Հայաստանի օլիգարխների հետ: Բայց թուրքերն այնքան հիմար չեն, որ գան Հայաստանում մասնավոր ձեռներեցներին զարգացնեն: Թուրքերը կսկսեն աշխատել այդ օլիգարխների միջոցով` լավ հասկանալով, որ որքան օլիգարխների ուժը մեծ է, այնքան Հայաստանը չի զարգանա: Եթե ուզում եք իմանալ, պրոբլեմը այդ 10 հոգին են, որ չեն թողնում Հայաստանը զարգանա»,- ասում է Հ. Բագրատյանը: Այնպես որ, ըստ նրա, եթե սահմանի բացման հետեւանքով Հայաստանում մանր ձեռներեցությունը չզարգանա, իսկ մեր գյուղացիներն ու ընդհանրապես փոքր բիզնեսը տուժի, ապա դրա պատճառը պետք չէ փնտրել սահմանի բացման մեջ, այլ պետք է փնտրել մեր օլիգարխիկ կենտրոնացված համակարգերի մեջ: Մեր պարտությունների պատճառը, ըստ Բագրատյանի, պետք է փնտրել միմիայն մեր մեջ: Անդրադառնալով սահմանի բացման վերաբերյալ մինչ այժմ արված վերլուծություններին, Հ. Բագրատյանը առանձնացրեց 4 տարի առաջ AEPLAC-ի վերլուծությունն ու առանձին տնտեսագետների մասնավոր վերլուծությունները «բալանսային մեթոդով»: AEPLAC-ի վերլուծությունը Հ. Բագրատյանը համարում է պարզապես ծիծաղելի: Ըստ նրա` դա արվել է «եվրոպական փողերով», բայց մյուս կողմից էլ` իշխանությունների հրահանգով «ցույց են տվել, թե սահմանի բացումով լուրջ փոփոխություններ չեն լինի»: Ըստ Բագրատյանի` այդ վերլուծությամբ հայտարարվել էր, թե սահմանների բացմամբ առաջին երկու տարում Հայաստանի եւ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը կաճի ընդամենը 20 մլն դոլարով: «Ինձ հայտնի է նաեւ մի հետազոտություն, որը ձեռնարկել են մասնավոր անձինք` բալանսային մեթոդով գնահատելով Թուրքիայի արտաքին առեւտուրը: Նրանց եզրակացության հիմքում հետեւյալն էր` եթե սահմանները բացվեն, սկզբից կլինի պարզ ապրանքափոխանակություն, հետո կդրսեւորվեն որոշակի կորպորացիոն միտումներ` թուրքերը ձեռնարկություններ կբացեն Հայաստանում, այստեղից որոշ կապիտալ դուրս կգա, մեր օլիգարխները կգերադասեն Բոսֆորի ափերում տներ գնել, եւ երրորդ փուլում կլինի ինտեգրացիա: Եվ այդ պարզ ապրանքափոխանակությունը երկու տարվա մեջ կավելանա շուրջ 400 մլն դոլարով»,- նշեց Հ. Բագրատյանը: Երբ լրագրողները նրան հիշեցրին նաեւ Դաշնակցության կողմից վերջերս արված վերլուծությունը, Հ. Բագրատյանն ասաց. «Դրան էլ եմ ծանոթ: Թերթել եմ նրանց վերլուծությունը, ճիշտ ասած` ես ավելի գերադասում եմ երեք էջանոց այդ բալանսային վերլուծությունը, քան նման ուսումնասիրությունը: Դաշնակցության այդ ուսումնասիրության մեջ բալանսային անալիզ չկար»: Լրագրողները Հ. Բագրատյանին հիշեցրին նաեւ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե նախարարությունների ու գերատեսչությունների մակարդակով մանրամասն վերլուծություններ են իրականացվել (եւ իրականացվում) հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետեւանքների վերաբերյալ, եւ այդ վերլուծությունները հիմնականում գաղտնի են պահվում: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` ոչ մի լուրջ վերլուծություն էլ չեն իրականացրել»,- հայտարարեց Հ. Բագրատյանը: Փոխարենն, ըստ Բագրատյանի, թուրքական կողմը 5 մատի պես գիտի Հայաստանի տնտեսությունը: «AEPLAC-ի այդ զեկույցը, երբ որ 3 տարի առաջ Երեւանում ներկայացվեց, այստեղ երեք թուրքեր էին զեկուցում: Եվ երբ թուրքերը ելույթ ունեցան, սրանք հասկացան, որ թուրքերը պատրաստված են, 5 մատի պես գիտեն Հայաստանի տնտեսությունը: Ես հանդիսանում եմ Արեւելյան Եվրոպայի ռեֆորմների հանձնաժողովի անդամ, որ գլխավորում է Եգոր Գայդարը, այնտեղ է նաեւ Ստամբուլի համալսարանի ռեկտորը: Նա դեռեւս 2-3 տարի առաջ ինձ ասել էր, որ իրենք լուրջ հետազոտություններ են իրականացնում Հայաստանի տնտեսության վերաբերյալ, եւ դա ֆինանսավորվում է պետության կողմից: Նման լուրջ հետազոտություններ Հայաստանում երբեք չեն իրականացվել»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը: Նա նաեւ խոսեց նախաստորագրված արձանագրությունների ու սահմանի բացման «գնի» մասին: Ըստ Բագրատյանի` մենք շատ բարձր գին ենք վճարում դրա դիմաց: Նա շատ բարձր գին է համարում հատկապես պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծումը. «Ինձ համար բոլորովին անսպասելի էր ցեղասպանության հարցի հայտնվելը, չեն գիտակցել հարցի խորությունը, Սերժն ու նրա նախորդը քիչ են կարդացել, եւ պրոբլեմներ ունեն խնդիրը պատկերացնելու հետ կապված: Ընդհանրապես Հայաստանում ցեղասպանության խնդրի հետ կապված կա 3 մոտեցում: Առաջինը` Դաշնակցության մոտեցումն է, ըստ որի` մինչեւ Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը, նրա հետ հարաբերություններ հաստատել չի կարելի: Երկրորդը մեր մոտեցումն է, այն է` Թուրքիայի կողմից ցեղասպանության չճանաչելը չպետք է խանգարի նրա հետ հարաբերությունների հաստատմանը: Եվ պարզվեց, որ կա երրորդ մոտեցումը, այն է` եկեք ցեղասպանության հարցը քննարկենք»,- ասաց Հ. Բագրատյանը` վստահեցնելով, որ պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովում քննարկվելու է հենց ցեղասպանության հարցը: «Այն բանից հետո, երբ երեկ Գյուլը հրավիրեց պատմաբաններին մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին, այլեւս պարզ է, որ պայմանավորվել են հենց ցեղասպանության հարցը քննարկել: Փաստն այն է, որ մարդը արդեն հրավիրել է պատմաբաններին` որքան ուզում է Հայաստանի իշխանությունները հակառակը հայտարարեն»,- նշեց Հ. Բագրատյանը: Նա հիշեցրեց, որ մինչեւ հիմա ցեղասպանությունը ճանաչած երկրների կեսը այն ճանաչել են իրենց իշխանության ժամանակ, թեեւ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, իրենք այն չեն դարձրել արտաքին քաղաքականության նպատակ: «Մենք Քոչարյանին եւ Դաշնակցությանը ասում էինք` շատ մի ատեք, սիրել կա: Երբ դուք ցեղասպանությունը դարձնում եք նպատակ, մի ուրիշ ծայրից հակառակ ուղղությամբ դա դուրս կգա»: Հ. Բագրատյանը հիշեցրեց, որ երբ 2001-2005թթ. քննարկվում էր Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցը, հայերը Հայաստանում ու սփյուռքում ամեն ինչ անում էին դրան խանգարելու համար: «Չեմ կարող մոռանալ, որ երբ ԵՄ-ն մերժեց Թուրքիայի հետ բանակցությունները, Երեւանում գառ մորթեցինք Ֆրանսիական դեսպանատան դիմաց: Հետո` 2006 կամ թե 2007 թվականին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե Հայաստանը դեմ չէ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, բայց արդեն ուշ էր»,- ասաց Հ. Բագրատյանը` հավելելով, որ Կիպրոսի ու քրդական հարցի հետ Թուրքիայի առջեւ ԵՄ-ն դնում էր ցեղասպանության ճանաչման խնդիրը: Ըստ նախկին վարչապետի, ակնհայտ է, որ մենք, խոչընդոտելով Թուրքիայի` Արեւմուտք գնալուն, նպաստեցինք նրա` դեպի Արեւելք ծավալվելուն: Հ. Բագրատյանը նշեց նաեւ, որ Թուրքիայի բնական աճը տարեկան 1.5% է կազմում, իսկ աշխատանքային բնակչության աճը` տարեկան 2.5%: «Դեմոգրաֆիական այս գրոհը գալու է մեր վրա»,- ասում է ՀՀ նախկին վարչապետը: Եվրոպայում այսօր, ըստ նրա, թուրքերի թիվը 5-6 մլն է, մինչդեռ պետք է լիներ 20-30 մլն: Արեւմուտքը, սակայն, Թուրքիային դարձնում է ռեգիոնալ կենտրոն: Եվ այդ գործընթացի մի մասն էլ, ըստ Հ. Բագրատյանի, հայ-թուրքական սահմանի բացումն է, ինչից մեր իշխանությունները չեն կարող խուսափել, քանի որ հակառակվելու դեպքում «դրսի միջամտությամբ» կզրկվեն իշխանությունից: Ինչ վերաբերում է սահմանների ճանաչմանը, ապա Հ. Բագրատյանը նշեց, որ համենայնդեպս մինչեւ 1996թ. վերջերը թուրքերը միայն դա էին առաջ քաշում, եւ նրանց ընդհանրապես չէր հետաքրքրում ցեղասպանության հարցը: Բանախոսը, սակայն, նշեց, թե այս խնդիրը ինքը մանրամասն չի ուսումնասիրել եւ չի ուզում դատողություններ անել: Միայն ավելացրեց, որ երբ մենք խոսում ենք Կարսի պայմանագիրը չճանաչելու մասին, չպետք է մտածենք, թե մեր սահմանները գծվել են Սեւրի պայմանագրով: «Այստեղ ավելի շուտ, կարծում եմ, առաջ է գալիս Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որ կնքել են դաշնակցականները Թուրքիայի հետ, եւ որով Հայաստանը 12 հազ. քառ. կմ էր դառնում»,- ասաց Հ. Բագրատյանը: