«Յուրաքանչյուր մարդ ինքնարտահայտման իր ձեւն է փնտրում: Հաճախ այդ ձեւն
այնքան սպեցիֆիկ է, որ շրջապատում ընկալվում է որպես խենթություն, այլ
աչքով են նայում: Հավատացե՛ք, եթե ամեն մարդ, օրինակ, ծիրան վաճառելու
փոխարեն՝ գտնի «խենթանալու» իր ձեւը, ապա այս հասարակության վրա կարելի է
հույս դնել»,- ասում է տերարիումիստ Կարեն Մարտիրոսյանը: Կարենը 20
տարիների ընթացքում ձեռք է բերել 200-ից ավելի սողուններ եւ կաթնասուններ:
Նրա ինքնատիպ հավաքածուի մեջ գոյություն ունեն սողունների,
կոկորդիլոսների, կրիաների 45-ից ավելի տեսակներ, իսկ իր համար ամենաթանկ
սողունը 12-ամյա վագրանախշ պիթոնն է, որն ունի 80 կգ քաշ եւ 5 մետր
երկարություն: Ասում է, որ մարդիկ նյութապաշտ են դարձել, կենդանիների
հանդեպ սերը մի տեսակ վերացել է: Սողունների մեծաքանակ հավաքածուի իմաստը
Կարենը չի կարողանում բացատրել. «Դեռ երեք տարեկանից արտահայտվեց
սողունների հանդեպ իմ յուրօրինակ սերը: Այդ տարիքում անգիտակցաբար
առնչվում էի բակի դոդոշների, գորտերի հետ, կերակրում էի նրանց: Չեմ կարող
ասել, թե ինչո՞ւ հատկապես սողունների, երկկենցաղների հանդեպ հակում ունեմ:
Ձգողական ուժ կա, բնազդով եմ սիրում»: Կարենը չի սիրում, երբ իր
կենդանիներին անվանում են հավաքածու. ասում է, որ դրոշմանիշների, օճառների
կամ քարտեզների դեպքում հավաքածու անվանելը տեղին է, բայց եթե կենդանուն
սիրում ես, նրա վրա 5 տարի շարունակ աշխատում ես, որպեսզի սերունդ ստանաս,
ապա դա պարգեւի պես մի բան է: Մեր պայմաններում կենդանի խնամելը ծանր
աշխատանք է, որովհետեւ օձին միայն չես կերակրում, այլ բնական էկոհամակարգի
բացակայության պայմաններում նրա համար հատուկ բնություն ես ստեղծում:
Օրինակ, միջին տեսակի սողունի բազմացման համար պետք է արհեստական արեւ,
անձրեւ, ամպեր, ձմեռ ստեղծել, այլապես նա սերունդ չի տա: Ձմռանը
սողունների ամենաակտիվ բազմացման շրջանն է, հետեւաբար արեւադարձային
կենդանիների մեծ մասի համար անհրաժեշտ են օզոնային անձրեւներ: Անհրաժեշտ է
դեկտեմբեր ամսին ստեղծել արեւադարձային դաշտ, արհեստական անձրեւներ եւ
գոլորշիացումներ: Դա արվում է հատուկ միջոցներով՝ ճառագայթների, լամպերի,
տաքացուցիչների միջոցով, սննդի մեջ վիտամիններ ավելացնելով եւ նաեւ
վիտամինները ներարկելով օձերի մեջ, որպեսզի օձերի դիմադրողականությունն
ավելանա: Սողունների հետ շփվելու Կարենի փորձը ցույց է տվել, որ նրանց
խնամքը պայմանավորված չէ միայն գրականություն ուսումնասիրելով, այլ պետք է
նրանց սիրել, որպեսզի կարողանաս հասկանալ կենդանուն: Սողունների հետ
կապված վտանգավոր միջադեպեր Կարենի հետ եղել են, նա համարում է, որ
թունավոր օձի հետ շփվելիս պետք է ունենալ բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչը ձեռք
է բերվում տարիների ընթացքում: «Միջադեպեր լինում են բոլոր
մասնագիտությունների տեր մարդկանց հետ, այնպես, ինչպես էլեկտրիկին հոսանքն
է խփում, վարորդի հետ վթար է տեղի ունենում կամ շինարարն ընկնում է
շենքից, այսինքն, դա անխուսափելի է»,- ասում է նա: Կարենի կարծիքով՝ օձերն
ամենամաքուր կենդանիներն են, եւ եթե վերջին տարիներին շատ են խոսում
մարդկանց խայթելու դեպքերի մասին, ապա մեղքը միանշանակ մարդկանցն է:
Մարդիկ իրենց կառուցած օբյեկտներով դուրս են վռնդել օձերին իրենց
բնակավայրերից, իսկ օձերը շփոթված դուրս են եկել ու բնակավայր են փնտրում
մարդկանց մեջ: Կենդանիները փախչում են վայրի հողերից եւ խուճապահար չգիտեն
ուր գնալ: «Օձերը մարդկանց պես միգրացիաների սովոր չեն, որ եթե այստեղ լավ
է, գնանք այստեղ,- ասում է Կարենը,- ստիպված գալիս են Երեւան, որովհետեւ
քաղաքի բնակլիմայական պայմանները՝ խոնավությունը, բարձրությունն ավելի
հարմար է նրանց, քան հակառակ ուղղությամբ գտնվող հեռավոր գյուղերի
կլիմայական պայմանները: Օձերին հանդիպելու դեպքերը շատացել են, բայց եթե
անգամ նա խայթել է, եւ մարդ է մահացել՝ օձը մեղավոր չէ, մարդիկ են
մեղավոր: Օձը առաջնորդվում է ինքնապաշտպանական բնազդով»: Սողունների
սիրահարը սեռահասուն սողուններին բազմացնելով՝ նաեւ սերունդ է ստանում: Նա
համարում է, որ սերունդ ստանալն ինքնաբերաբար չի լինում, այլ լուրջ
հոգատարություն եւ կազմակերպչական աշխատանք է տարվում: Իսկ թե ինչպես է
կերակրում 200-ից ավելի կենդանիներին, Կարենն այսպես բացատրեց. «Կերը
գնում եմ, հաճախ թռչնաբուծարանից անորակ հավեր եմ վերցնում: Կերի հարցը
շատ բարդ է, ստիպված եմ պարբերաբար գումարներ հայթայթել նրանց պահելու
համար: Հաճախ ասում են՝ սա գործ է՞, որ անում ես, «բուդկա» դիր՝ «պապիրոս»
ծախի, ապրի: Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս ինչ-որ
նպատակի կամ առաքելության համար, երեւի իմը սա է»: Կենդանիներն ապրում են
սեփական տան մեջ, բայց արդեն կացարանի խնդիր ունեն, որովհետեւ Կարենը
հաճախ ստիպված է լինում նրանց համար բնակարան վարձել: 200 կենդանուց
յուրաքանչյուրն ունի իր վանդակը կամ տերարիումը: Հատկապես կոբրաները պետք
է պարտադիր առանձնացված լինեն: Նրանց համար ապահովվում է հատուկ
ջերմաստիճան, խոնավություն: Ինչպես Կարենն է ասում՝ սողունը շուն չի, որ
անկյունում պառկի, նրա համար հատուկ պայմաններ պետք է լինեն: Իսկ մեզանում
սողուններով բիզնես չի՞ արվում, ինչպես՝ օձերի բազմացում եւ վաճառք:
«Ցավոք, Հայաստանում օձը միայն սպանելու համար է, հայերը համարում են, որ
օձի լավը չկա: Պատահում է, որ վաճառում եմ: Փառք աստծո, վերջին տարիներին
օձ գնողին աննորմալ չեն համարում, ինչպես նախկինում էր: Մարդիկ սկսել են
հասկանալ, որ տերարիումիստիկան բարձր կուլտուրա է եւ քաղաքակիրթ
երկրներում շատ զարգացած է: Իրականում օձ պահելը, բացի կենսաձեւից, նաեւ
թանկ հաճույք է, որովհետեւ պետք է ի վիճակի լինես ապահովել կեր, հոսանք,
հիգիենա, ժամանակ եւ այլ կարեւոր հանգամանքներ»,- ասում է Կարենը: Օձերի
սիրահարը վկայում է, որ մեզանում օձը վաճառվում է մի զույգ կոշիկի գնից էլ
ցածր գնով: «Վաճառելիս գնի վրա չեմ կենտրոնանում, որովհետեւ ուրախություն
եմ ապրում, երբ հայտնվում է եւս մեկ համախոհ, թեեւ, եթե զգամ, որ դիմացինս
օձ սիրում է՝ հենց այնպես էլ կնվիրեմ: