ՀՌԱԿ-ում շատերը տեղյակ չէին

10/10/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոկտեմբերի 6-ին Երեւանում ՀՅԴ-ի նախաձեռնությամբ 12 քաղաքական կուսակցություններ հանդես եկան մի հայտարարությամբ, որտեղ պահանջվում էր չստորագրել հայ-թուրքական արձանագրությունները:

Այս հայտարարության տարածման հաջորդ օրը խմբագրությունը էլփոստով ընթերցողներից մեկից մի նամակ ստացավ, որով նամակագիրն իր զարմանքն էր արտահայտում, որ ավանդական Ռամկավար Ազատական կուսակցությունը (ՌԱԿ) միացել է մեկ այլ ավանդական կուսակցության` Հայ Հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) հայտարարությանը` հասարակությանը բոլորովին անհայտ կուսակցությունների հետ: Նամակագիրն այդպիսով իր զարմանքն էր արտահայտում, թե ինչպե՞ս կարող է ՌԱԿ-ը հանդես գալ ՀՅԴ-ի դրոշի տակ: Ավելին, նամակում կասկած էր հայտնվում, թե միգուցե ՌԱԿ Կենտրոնական Վարչությունն` ի դեմս ատենապետ Մայք Խարատյանի, տեղյակ չե՞ն, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) միացել եւ ստորագրել է այդ հայտարարության տակ: Նաեւ ասվում էր, թե ՀՌԱԿ-ի որոշումները միանձնյա են կայացվում, քանի որ դրանք չեն համաձայնեցվում ՀՌԱԿ-ի մաս կազմող կուսակցությունների հետ: Փորձեցինք ճշտել նամակում բերված տեղեկությունը: Պարզվեց, որ ՀՌԱԿ-ն իր կուսակցական ղեկավար կազմում ներկայացված կուսակցությունների անդամների հետ որեւէ քննարկում չի ունեցել հայտարարությունը ստորագրելու կամ չստորագրելու մասին: «Ոչ, մենք գործընկերներով դեռ չենք քննարկել»,- այսպես մեր հարցին պատասխանեց «Դաշինք» կուսակցության ներկայացուցիչն ու ՀՌԱԿ հանրապետական վարչության անդամ Կարեն Քոչարյանը: Իսկ 2 տարի առաջ լուծարված «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչն ու ՀՌԱԿ-ի հանրապետական վարչության անդամ Միքայել Մնացականյանը նշեց, որ վերոնշյալ հայտարարության առիթով որեւէ քննարկում չի եղել, ավելին` ինքը տեղյակ չի եղել ՀՌԱԿ-ի այդ քայլի մասին. «Ես այդ մասին իմացել եմ լրատվամիջոցներից»: Նույնաբովանդակ պատասխան տվեց նաեւ ՀՌԱԿ փոխատենապետ, ՀԱԱԿ-ի ներկայացուցիչ Էդուարդ Անտինյանը. «Ես այդ մասին տեղեկացա մամուլից, այդ իսկ պատճառով որեւէ տեղեկատվություն չեմ կարող տալ»: Ի վերջո, փորձեցինք անձամբ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանից պարզել, թե վերջինս ո՞ւմ անունից է ստորագրել հայտարարությունը` ՀՌԱԿ-ի՞, թե՞ ՌԱԿ-ի: Բառացիորեն մեջբերում ենք Հ. Առաքելյանի խոսքերը. «Այդքան մանրամասնություններ լրագրողին պետք է չհետաքրքրի` ՀՌԱ՞Կ-ն է, թե՞ Սփյուռքի ՌԱԿ-ը: Դուք տեսաք, նախագահը որ գնաց Սփյուռքի հանդիպումներին` մենք միակարծիք էինք եւ էստեղ տարբերություն չկա` ես համատեղում եմ, ես նաեւ Սփյուռքի ՌԱԿ-ի փոխատենապետն եմ, եւ ՀՌԱԿ-ի ատենապետը»,- զայրացած ասաց Հ. Առաքելյանը: Մեր երկրորդ հարցին, թե արդյոք կուսակցության ղեկավար կազմում ներկայացված մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկե՞լ է գործընթացը, եւ ի՞նչ վերաբերմունք են ունեցել այդ ներկայացուցիչները, Հ. Առաքելյանը պատասխանեց. «Դուք խորամուխ եք լինում ու հեչ լրագրողի տպավորություն չեք թողնում: Ես Ձեր առջեւ հաստատ հաշվետու չեմ: Ի՞նչ ա նշանակում՝ տեղյա՞կ են, թե՞ տեղյակ չեն: Դուք եթե դա ասում եք, պետք է ի նկատի ունենաք նաեւ մեր սեպտեմբերի 1-ի հայտարարությունը»: Այնուամենայնիվ, հետաքրքիր էր իմանալ նաեւ ՌԱԿ-ի ատենապետ Մայք Խարատյանի կարծիքը այս մասին, ում հեռախոսահամարը նախ փորձեցինք իմանալ ՌԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, որտեղ կրկին մեզ «բախտ» վիճակվեց խոսել Հ. Առաքելյանի հետ: Վերջինիս արդեն խիստ հետաքրքրում էր, թե վերջապես «մենք ի՞նչ ենք ուզում իրենցից, եւ ընդհանրապես մեր ի՞նչ գործն է, որ խառնվում ենք»: Այնուամենայնիվ, Հ. Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ Մ. Խարատյանը տվյալ պահին ինքնաթիռում է եւ Բեյրութից Կանադա է ուղեւորվում: Իսկ երբ խնդրեցինք մեզ տալ ՌԱԿ-ի ատենապետի հեռախոսահամարը, նա պատասխանեց. «Մայքը երեք օր ճանապարհներին է լինելու, եւ մենք չենք կարող տալ նրա հեռախոսահամարը»: Ի վերջո, մեզ հաջողվեց գտնել հեռախոսահամարը: Մ. Խարատյանն օդանավի մեջ չէր, այլ Կանադայի իր բնակարանում քնած էր (պարզվեց, որ բնակարանի հեռախոսահամարն էր): Եվ չնայած ժամային գոտիների խիստ տարբերությանը, որովհետեւ մեր զանգելու պահին այնտեղ դեռ ժամը 6-ն էր, ատենապետը բավական բարյացակամ պատասխանեց մեր բոլոր հարցերին` նշելով, որ ՀՌԱԿ-ն իր իրավասություններն ունի, եւ Հ. Առաքելյանը կարող է որոշումներ կայացնել: Այն հարցին, թե արդյոք ՀՌԱԿ փոխատենապետը հայտարարության հետ կապված ստացե՞լ էր Մ. Խարատյանի համաձայնությունը, վերջինս երկար դադարից հետո պատասխանեց` «Այո»:

Հետաքրքիրն այս պարագայում այն է, որ ՀՌԱԿ-ը միացել է մի հայտարարության, որում ստորագրյալները ՀՀ իշխանություններից, տվյալ դեպքում` նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են հայ-թուրքական փոխհարաբերությունների եւ արձանագրությունների մասին անհատապես թակել 7 մլն սփյուռքահայերի դուռը եւ հարցնել նրանց կարծիքը, այն դեպքում, երբ ՌԱԿ-ի ենթակա հայաստանյան կառույցում մի հայտարարության եւ գործընթացների են միանում` առանց նրա ղեկավարների կարծիքը հաշվի առնելու: