Իրանի հոգեւոր եւ քաղաքական էլիտան խուսափում է մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունների թեման

10/10/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Սեպտեմբերի 27-ին Իրանի զինված ուժերը հաջողությամբ փորձարկեցին միջին` 300-700 կմ հեռահարությամբ «Շահաբ-1» եւ «Շահաբ-2» հրթիռները: Սեպտեմբերի 28-ին փորձարկվեցին նաեւ «Շահաբ-3» հրթիռները, որոնք նախատեսված են մինչեւ 2000 կմ հեռավորության նշանակետերի դեմ հարձակումներ իրականացնելու համար: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, թե «Այս փորձարկումները ցույց են տալիս, որ Իրանը պատրաստ է ոչնչացնել ցանկացած ռազմական սպառնալիք այլ երկրների կողմից»: Փիթսբուրգում գումարված Մեծ 20-յակի գագաթաժողովում ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան խստորեն դատապարտեցին Իրանին` ուրանի գաղտնի հարստացման նոր գործարան կառուցելու համար: ԱՄՆ նախագահն անգամ սանկցիաների անհրաժեշտություն տեսավ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւս երկիմաստ հայտարարություն արեց` նկատելով. «Սանկցիաները հազվադեպ են արդյունավետ լինում, սակայն որոշ դեպքերում դրանք անխուսափելի են»: Ի՞նչ եք կարծում, ռուսական ռազմակայաններ ունեցող Հայաստանի համար որքանո՞վ են վտանգավոր Իրանի` ուժի ցուցադրության այս դրսեւորումները:

– Իմ խորին համոզմամբ` Իրանի կողմից ուժի դրսեւորման քաղաքականությունը լինելու է երկարաժամկետ, քանի որ այն հիմնականում պայմանավորված է տարածաշրջանում ստեղծված ուժի վակուումով, որն Իրանն այսօր ցանկանում է զբաղեցնել: Մյուս կողմից՝ միջազգային հանրությունը արդեն իսկ ապացուցել է, որ չի կարող պայքարել Իրանի ուժեղացման եւ դիրքերի ամրապնդման դեմ: Ռազմական գործողություններն Իրանի դեմ, իմ խորին համոզմամբ, բացառված են: Ինչ վերաբերում է տնտեսական պատժամիջոցներին, ապա դրանք անհեռանկար են. Իրանի տնտեսության եւ պետական շահույթների հիմքը կազմում է նավթային սեկտորը։ Սա միակ ոլորտն է, որի նկատմամբ պատժամիջոցները կարող են լուրջ հարված հասցնել Իրանի տնտեսական վիճակին եւ, ենթադրաբար, քաղաքականությանը։ Սակայն այսօր արեւմտյան պետություններն իրենք չեն կարող նման պատժամիջոցներ կիրառել խոշորագույն նավթ արտահանող պետություններից մեկի նկատմամբ, քանի որ դրանք կարող են բերել գների կտրուկ աճի, ինչն է՛լ ավելի կապակայունացնի համաշխարհային տնտեսությունը: Միգուցե նման հեռանկարից կարող է շահել Ռուսաստանը, որն ինքն է նավթ արտահանող եւ նավթի գներից կախված պետություն, սակայն ոչ ԱՄՆ-ը, եւ ոչ էլ արեւմտյան այլ երկրներ նման պատժամիջոցների չեն գնա:

– Իրանը ակտիվորեն համագործակցում է Չինաստանի, Ճապոնիայի եւ ԵՄ երկրների հետ: Թեեւ Իրանը համարվում է Հայաստանի համար տարածաշրջանում միակ համեմատաբար երկարատեւ եւ հուսալի գործընկերը, այդուհանդերձ, Իրանի դեմ սանկցիաներ` պատժամիջոցներ կիրառելու դեպքում Հայաստանը դարձյալ երկընտրանքի առաջ է կանգնելու: Հայաստանում այսօր մշակվո՞ւմ է համապատասխան ռազմավարություն:

– Իմ համոզմամբ, Հայաստանին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում: Ամեն դեպքում, համարում եմ, որ Իրանը խուսափելու է լուրջ պատժամիջոցներից: Իսկ եթե անգամ կիրառվեն սանկցիաներ, դրանք, ըստ գոյություն ունեցող սցենարների անգամ, չեն անդրադառնալու ՀՀ-Իրան տնտեսական համագործակցության հիմնական ոլորտներին` էներգետիկային, տրանսպորտին եւ առեւտրին։

– Թեեւ տեսական զրույցների շրջանակում է, սակայն արեւմտյան քաղաքական գործիչները չեն բացառում, որ Իրանի միջուկային ծրագրի առաջն առնելու համար միակ արդյունավետ քաղաքականությունը Իրանի` ուրանի հարստացմամբ զբաղվող գործարանները ոչնչացնելն է: Նման սցենար, ըստ Ձեզ, որքանո՞վ է հավանական:

– Այսօր նման սցենարը համարում եմ անհնար: Չգիտեմ` ինչ կլինի 5 կամ 10 տարի հետո, սակայն Իրաքում եւ Աֆղանստանում ունեցած խնդիրների լույսի ներքո Վաշինգտոնը դեռ բավական երկար ժամանակ հնարավորություն չի ունենա ռազմական ճանապարհով լուծել «իրանական հարցը»: Ես ինքս, օրինակ, համարում եմ, որ Իսրայելի կողմից հարվածը Իրանին ավելի հավանական է, քան հարվածը ԱՄՆ-ի կողմից։ Ուրիշ հարց է, թե որքանով է Իսրայելը պատրաստ վճարել նման հարվածի գինը, որը կլինի, ամենայն հավանականությամբ, նոր պատերազմը, մի կողմից՝ «Հիզբալլահի» ու «Համասի», մյուս կողմից` Իսրայելի միջեւ: Իմ խորին համոզմամբ, որքան Իրանը շատ մոտենա միջուկային զենքի ստեղծման շեմին, այնքան կմեծանա Իսրայելի կողմից այդ գնի վճարման պատրաստակամությունը:

– Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները կենթարկվե՞ն որոշակի դեֆորմացիայի: Այսինքն` ունե՞ք տվյալներ` ինչպես է արձագանքում կամ արձագանքելու Իրանը սահմանի բացմանը:

– Բուն իրանական լրատվամիջոցները Հայաստան-Թուրքիա երկխոսությունը քիչ են լուսաբանում, իսկ մեկնաբանություններ ես մինչ օրս ընդհանրապես չեմ տեսել։ Քաղաքական եւ հոգեւոր բարձրագույն իշխանություններն ընդհանրապես խուսափել եւ խուսափում են մեկնաբանություններից եւ գնահատականներից: Իրանն, իհարկե, մեծ ուշադրությամբ է հետեւում հայ-թուրքական գործընթացներին, քանի որ դրանք կարող են փոխել ուժերի հավասարակշռվածությունը տարածաշրջանում: Կարծում եմ, որ Թեհրանը մեծ ուրախությամբ լցված չէ այս գործընթացից, սակայն համոզված եմ, որ մեծ անհանգստություն էլ չկա: Վերջին տարիներին Իրանի կապերը Հայաստանի հետ շատ են ամրացել, իսկ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է բերել ոչ թե դրանց թուլացմանը, այլ հետագա ամրապնդմանը: Իմ խորին համոզմամբ, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, Հայաստանից Թուրքիա հիմնական արտահանվող ապրանքն է լինելու էլեկտրաէներգիան, որը արտադրվելու է, այդ թվում, նաեւ իրանական գազից։ Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման պայմաններում կմեծանա Իրան-Հայաստան գազատարի թողունակության ավելացման հեռանկարը: Զուտ տնտեսապես Իրանն այս գործընթացից շահելու է: Իսկ քաղաքականապես դժվար շատ բան կորցնի, քանի որ սահմանը բացելուց հետո Թուրքիան չի դառնալու Հայաստանի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը:

– Մտավախությունները, որ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում բնակվող քրդերը սահմանի բացումից հետո առանց լուրջ բարդությունների կարող են թափանցել Հայաստան, որքանո՞վ են արդարացված: Արդյո՞ք նման հոսքը Հայաստանի դեմոգրաֆիայի վրա էական ազդեցություն կարող է ունենալ: Մտավախություններից մեկն էլ, որ հաճախ հնչում է, այն է, թե թուրք մեծահարուստները կարող են Հայաստանում հողեր գնել:

– Ես շատ թերահավատ եմ նման սցենարների նկատմամբ: Սահմանը, ասենք, բացվեց։ Դա միանգամայն չի նշանակում, որ ով ուզես, երբ ուզես, այն անցնելու է, գալու է Հայաստան ու հետո էլ այստեղ հաստատվի մշտական բնակության։ Մենք ունենք սահման, սահմանապահներ, օրենքներ, որոնցից մեկը խստիվ սահմանափակում է արտասահմանցի ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ում հող գնելը, ունենք վիզային ռեժիմ, ոստիկանություն, բանակ, անվտանգության ծառայություն եւ այլն: Ոչ մի քրդական էքսպանսիա դեպի Հայաստան, իմ խորին համոզմամբ, պարզապես չի կարող լինել: Պարզ է, որ խնդիրներ լինելու են: Հայաստանին սահմանակից շրջանները ունեն ոչ միայն զուտ սոցիալական խնդիրներ, այլ նաեւ թրքա-քրդական կոնֆլիկտի գոտի են հանդիսանում: Սակայն ես համոզված եմ, որ մենք նման խնդիրների լուծման բոլոր հնարավորություններն ունենք: