Սիմվոլների պատերազմ

10/10/2009

Հսկայածավալ աղմուկ բարձրացրած Քրիստինա Օրբակայտեի ու չեչեն գործարար Ռուսլան Բայսարովի երեխայի «կիսումը» արդեն նոր ռուս-կովկասյան պատերազմի դրդապատճառի է նմանվում: Այդ ընտանեկան նեղ պատմությունն այնքան մեծ հասարակական հնչողություն է ստացել, որ ամիսներ շարունակ «խլացրել» է մնացած իրադարձությունները: Վերջերս Գրոզնիի դատարանը որոշում էր կայացրել, որ այսուհետ ռուս բեմի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի թոռը պետք է ապրի իր հոր հետ, ինչի դեմ հանդես եկան ոչ միայն Պուգաչովան ու Օրբակայտեն, այլեւ` ողջ Ռուսաստանը: Թե ո՞ւմ հետ պետք է ապրի 11-ամյա Դենի Բայսարովը, այժմ պետք է օրենսդրորեն կարգավորվի: Մի քանի օր առաջ Ռուսաստանի Պետական դուման լսումներ անցկացրեց, որոնց նպատակը ընտանեկան խնդիրների հարթումն եւ մայրերի ու երեխաների իրավունքների պաշտպանությունն էր: Ռուսաստանը փորձում է ետ վերադարձնել տղային եւ շուտափույթ ուզում է օրենք ընդունել, իսկ Չեչնիան տղային ետ տալ չի պատրաստվում ու արհամարհանքով է նայում ռուսական քայլերին:

Կիսաչեչեն-կիսառուս տղան սկզբունքային դեր է խաղում երկու ազգերի «աստղային» էլիտայի փոխհարաբերություններում: Իրար են բախվել Ռուսաստանի սիմվոլ հանդիսացող Պուգաչովայի կլանը (որն, ի դեպ, հաճախ կարողանում է բազմաթիվ արտոնություններից օգտվել, ընդհուպ՝ մինչեւ Պուտինի եւ Մեդվեդեւի անձնական ինքնաթիռով ճանապարհորդելը) ու կովկասյան մուսուլմանական ավանդույթները, որոնք պարտադրում են «տեղը դնել» անհնազանդ կանանց ու ամեն ինչ լուծել պատրիարքալ մոտեցմամբ: Փոքրիկ մի տղայի ճակատագիրը վերածվել է մայր-Ռուսաստանի եւ հայր-Չեչնիայի պատերազմի, քանի որ տղայի հայրը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մտերիմ ընկերն է, իսկ տղայի տատիկը Ռուսաստանի վարչապետի (դե ֆակտո` նախագահի)` Վլադիմիր Պուտինի սիրելի երգչուհին է: Եվ երկու նախագահներն էլ փորձում են ապացուցել (առայժմ` դեռ օրենքի սահմաններում), որ ավելի մեծ ուժ եւ հեղինակություն ունեն: Ռուսաստանի հասարակությունը տարակուսում է` ինչո՞ւ Պուտինը լուրջ հակահարված հասցնել ու երեխային մորը վերադարձնել չի կարողանում: Չի կարողանում, որովհետեւ Չեչնիան հենց այն մոդելով է կառուցվել, որը գծել է Պուտինը: Իսկ սեփական կառույցի դեմ պայքարելը նշանակում է՝ խոստովանել, որ ինչ-որ բան սխալ է կառուցվել: Ուշագրավ է, որ Պուտինի կառուցած գրեթե անխոցելի ուժային իշխանական մոդելը ճաք տվեց ամենաանհասկանալի` սրբություն համարվող ընտանեկան արժեքների պաշտպանության կետում: Եվ հենց այդ կետում Ռուսաստանը ընդունեց իր անզորությունը: Ամենայն հավանականությամբ` տղան մնալու է հոր հետ: