Հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն էր, որը Ռուսաստանի վարչապետը որոշել էր նշել խորհրդանշական ֆորմատ ունեցող հանդիպումով: Նա իր մոտ էր հրավիրել ռուս գրողների: Գրողներից շատերը տարակուսեցին` փորձելով հասկանալ` իրենցից շնորհավորանքնե՞ր են սպասում, թե՞ այնուամենայնիվ` լուրջ զրույց: Վլադիմիր Ռասպուտինն, օրինակ, hարցրեց. «Զարմանալի է, թե ինչո՞ւ եք մեզ Ձեր ծննդյան օրը հրավիրել»: «Դա պատահական է ստացվել»,- պատասխանեց Վ.Պուտինը: Ընդ որում` ռուսական ամենազոր իշխանավորի հետ հրաժարվեցին հանդիպել ռուս գրողներ Լյուդմիլա Ուլիցկայան, Զախար Պրիլեպինն ու Դմիտրի Բիկովը: Ուշագրավ է, որ հասարակության կողմից 3 գրողների այդ քայլը ոչ թե որպես քաղաքական դեմարշ, այլ` որպես ապաքինվելու սկիզբ է ընկալվել: Դմիտրի Բիկովն իր քայլն այսպես է մեկնաբանել. «Կարծում եմ, որ եթե իմ ասելիքը սկսվեր «Շնորհավորում եմ» բառերով, ոչ մի լուրջ խոսակցություն չէր ստացվի: Հո չի՞ կարելի մարդուն իր ծննդյան օրը ոչ հաճելի բաներ ասել: Ես պատրաստ եմ խոսել վարչապետի հետ մնացած 364 օրերին, որպեսզի ազատ լինեմ շնորհավորական ֆորմատից»:
Իսկ այդ օրը Երեւանում տեղի ունեցավ մեկ այլ շնորհավորական միջոցառում, որը թեեւ նվազ ռեզոնանս ունեցավ հասարակության համար, սակայն ոչ պակաս վտանգավոր էր: Խոսքը հայ-ռուսական համատեղ բեմադրության պրեմիերայի մասին է, որը իրականացվել է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Հայաստանի Թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը պատրաստել էր «Ես ճայ եմ» ներկայացումը, որը նվիրել էր Անտոն Չեխովի հոբելյանին: Պատահականորեն ստացվել էր այնպես, որ նույն այդ օրը նշվում էր նաեւ Ղազանչյանի 50-ամյակը, ինչի առիթով էլ ՀՀ Մշակույթի նախարարը նրան մեդալ հանձնեց (խոսք գնաց նաեւ ներդրումների մասին, բայց դե ներդրումները անհասկանալի օրինաչափությամբ միայն կլոր տարեթվերի հետ ձեռք ձեռքի տված են հաշվարկվում):
Հ.Ղազանչյանի պրեմիերայի եւ տարեդարձի համընկնումը միանգամից բացառեց անկեղծ գնահատականը: Ինչպե՞ս կարելի է հոբելյարին մոտենալ ու չասել` շնորհավորգ Այդ բառն անպայման պետք է ասվի, սակայն թե ի՞նչն են շնորհավորում` բեմադրիչի արած գո՞րծը, թե՞ ծնունդը. պարզ չէ: Սահմանագծի լղոզումը շատ ձեռնտու ֆորմատ է, որն էլ կիրառվեց այդ երեկո: Միգուցե Հ. Ղազանչյանն էլ Պուտինի նման խորամանկ ու հեռատես է ու չի ցանկացել հրավիրյալներին երկընտրանքի հնարավորություն տալ: Այդ օրը նրան պետք է շնորհավորեին, ինչն էլ տեղի ունեցավ: Սակայն հարց է ծագում. եթե ռեժիսորն ու ԹԳՄ նախագահն այդքան խելացի ու խորամանկ է, ինչո՞ւ իր խելացի մտքերը չի փորձել բեմի վրա ներկայացնել: Իրականում «Ես ճայ եմ» ներկայացումը «դե մոդե» մի բան է, որը սովետական բույր ունի, բայց միեւնույն ժամանակ՝ նորարարության ճիգեր է պարունակում: Ընդ որում` այդ ղազանչյանական նորարարությունը նույնպես սովետական է: Այսինքն` հոգեբանական-պաթետիկ: Ներկայացման դադարները, ջղաձիգ շեշտադրումներն ու ամենակարեւորը` միզանսցեններն այնքան խղճուկ ու անհիմն են, որ միակ նորարարությունը հիստերիկ հնչերանգներն են դառնում: Դա բառիս բուն իմաստով` հիստերիկ ներկայացում է, որը մինչեւ վերջ դիտելու համար իսկական հերոս է պետք լինել: Ներկայացման հերոսուհին ծերացող դերասանուհի է, որը այստեղից-այնտեղից վերցրած մոնոլոգներ է կարդում, մերթ հայտնվելով հոգեբուժարանում, մերթ խորասուզվելով հուշերի մեջ: Հայտնվում են տարբեր ստվերներ, կայծակներ, էկրանի վրա անհասկանալի կադրեր են, դեկորացիան ու երաժշտությունն էլ համատարած հիստերիան են ընդգծում: «Ճայ» պիեսի հերոսուհի Արկադինան գեղեցիկ է ծերանում, նա մեծ իմաստով` դժբախտ կին է, իսկ Հ.Ղազանչյանը նրան մոլագար է պատկերացնում, որն անընդհատ խոսում է, խոսում է, կրքերի հոսանքի մեջ է ընկնում: Պատառոտված վարագույրներն ու խրտվիլակներն էլ ուղղակիորեն ընդգծում են հերոսուհու պատառոտված մտքերը: Եթե ռեժիսորը ցանկանում էր ծերացող գեղեցկուհու ցավը ցույց տալ, ապա նա լրիվ հակառակ էֆեկտի է հասել. այդ ամենը որպես սարսափելի անճաշակություն ու անկարողություն է ընկալվում: Միզանսցենները գրեթե անփոփոխ են, ռեժիսորի մտահղացման համաձայն` հերոսուհին (Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի դերասանուհի Օլգա Կուզինա) նույնիսկ շարժասայլակին է նստում, որպեսզի առավել անշարժ լինի ու խոսի իր հույզերի մասին` առավել կենտրոնացած: Եթե դա է նորարարությունը, ապա նույնիսկ չես էլ ուզում պատկերացնել, թե ո՞րն է կլասիկան:
Այդ ներկայացումը, որը ֆինանսավորել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Մոսկվայի կառավարությունները, սթափ գիտակցություն ունեցող ոչ մի մարդ ինքնակամ դիտել չի ցանկանա: Դիտելու ժամանակ հանդիսատեսը լավագույն դեպքում սկսում է հորանջել, հետո շատ-շատ հորանջել, իսկ վերջում` նիրհել: Կուշտ նիրհելուց հետո էլ` հեղինակին մեդալ է տալիս:
Վերադառնալով Պուտինին, նշենք, որ նրա 57-ամյակի կապակցությամբ հավաքված մտավորականներից մեկը՝ շատ էմոցիոնալ ու ինքնատիպ գրող Ալեքսանդր Կաբակովն ասել է. «Գրողները սովորաբար կենտրոնանում են գրողական խնդիրների վրա` մոռանալով, որ պետք է խոսեն ընթերցողից: Գրողի համար ամենավատ բանը խեղճացված, ստորացված ընթերցողն է: Եթե ինձ կարդացողը իրեն ստորացված է զգում, ուրեմն ես գրող չեմ»: Այդ նույն միտքը առավել քան արդիական է մեզ համար: Մեր հանդիսատեսն այնքան ստորացված է, որ նույնիսկ չի էլ համարձակվում Ստանիսլավսկու նման գոռալ` «Չեմ հավատում», «Չեմ հավանում», «Ձանձրանում եմ»: Մանավանդ, երբ տեսնում է, որ մշակույթի պատասխանատուները, տարբեր թատրոնների ղեկավարները ձանձրույթի հեղինակին ծափահարում, մեդալ են տալիս, ջերմ խոսքեր են ասում, մտածում է` միգուցե ե՞ս չեմ հասկացել, միգուցե դա իրոք լա՞վ գործ էր: Սեփական տպավորություններին չվստահելը, ներքին ձայնի խլացումը ամենավատ արդյունքն է, որին կարող է հասնել արվեստը:
Արվեստում չկա ավելի սարսափելի բան, քան ձանձրույթը: Մանավանդ, երբ այդ ձանձրույթը բուն է դնում ամենաշարժուն ու «կենդանի» արվեստի տեսակում` թատրոնում: Եվ եթե ՀՀ վարչապետն ու ՀՀ Մշակույթի նախարարը, որոնք ֆինանսավորել ու պարգեւատրել են այս ներկայացումը, կասեն, որ «Ես ճայ եմ» ներկայացումը արվեստ է, ուրեմն մեր հանրապետությունը մեր մշակույթով մեզ ստորացնել է ուզում: Արվեստը պետք է լիցք փոխանցի, այլ ոչ թե խլի լիցքերի վերջին «խազերը»:
Հ.Գ. Պուտինի հետ հանդիպած բոլոր հեղինակները նվիրեցին իրենց գրքերն ու բարի մաղթանքներ փոխանցեցին: Պահն էր այսպիսին, եթե գնացել ես, ուրեմն լավ բաներ ասելու ու լսելու ես գնացել: Նույնիսկ, եթե սկզբում որոշել ես սուր հարցեր տալ: Բայց Պուտինը ոգեւորեց գրողներին՝ ասելով, որ ավելացնելու է ֆինանսական աջակցությունը, քանի որ ֆինանսապես ապահով գրողներն ավելի որակյալ գործեր են ստեղծում: Նման վիճելի ու պարադոքսալ մոտեցում ունի արվեստին նաեւ մեր հանրապետությունը: