Ախորժակը բացվում է

08/10/2009

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը օտարերկրացի գիտնականներին կոչ է արել ընդգրկվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններով նախատեսված` պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովում: «Ամեն տեսակի պնդումներ կան մեկ հարյուրամյակ առաջ տեղի ունեցածի վերաբերյալ: Պարզ է, որ մարդիկ, ովքեր չգիտեն` ինչ է տեղի ունեցել, որտեղ եւ ինչպես, չեն կարող որոշումներ ընդունել այդ հարցով,- «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է Գյուլը` ավելացնելով,- Մենք հույս ունենք, որ պատմաբանները, արխիվագետները կուսումնասիրեն այդ խնդիրը, իսկ մենք պատրաստ ենք ընդունել հանձնաժողովի եզրակացությունները»: «Ցույց տալու համար, որ անկեղծ ենք, մենք նույնիսկ ասել ենք, որ եթե որեւէ երկիր հետաքրքրված է այս հարցով, եթե ֆրանսիացի պատմաբանները, օրինակ, ցանկանում են մասնակցել այդ հանձնաժողովին, նրանց մասնակցությունը կողջունվի»,- Ֆրանսիա կատարելիք այցի նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ըստ Գյուլի, պատմական վիրավորանքներին անդրադառնալը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ տասնամյակների թշնամանքը հաղթահարելու ուղղությամբ կարեւորագույն քայլերից է: «Եթե ներկայում շարունակենք ապրել անցյալի խնդիրներով, մենք միայն կթունավորենք ապագան»,- ասել է Գյուլը` կոչ անելով «հավասարակշռված ներկայացնել պատմությունը»: «Չպետք է մոռանալ, որ մենք նույնպես շատ ենք տառապել աշխարհի չորս ծագերում, Բալկաններում, Կովկասում: Միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել գաղթել Բալկաններից, Միջին Արեւելքից, Կովկասից Թուրքիա, եւ ճանապարհին նրանց կեսը սպանվել են, մահացել»,- արդեն զոհի կերպարանքով ասել է Թուրքիայի նախագահը: