«Մենք չափը չենք անցնում»

27/08/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Նոր հայեր» ուրախների եւ հնարամիտների ակումբի տղաները հումորային
հաղորդումներ են պատրաստում: Արմեն Պետրոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ
է, ամուսնացած է, ունի մեկ աղջիկ: Ասում է, որ թեեւ արդեն 30 տարեկան է,
բայց տարիքային ճգնաժամ չունի, որովհետեւ դեռ իրենից բողոքող չկա: Գրիգոր
Գասպարյանն իր 29 տարիների ընթացքում հասցրել է ընդունվել միջնակարգ դպրոց
եւ նրան զարմանալիորեն հաջողվել է դպրոցն ավարտել, որից հետո ձեռք է բերել
տնտեսագետի մասնագիտություն: Ամուսնացած է: Այժմ Արմենը եւ Գրիգորը
ներկայացնում են «Երեկոյան կոկտեյլ» հաղորդաշարը:

– Ինչպե՞ս է եղել, որ մասնագիտությամբ տնտեսագետ եք, բայց ընտրել եք հեռուստատեսային հումորը:

Գրիգոր. – Այն տարիներին, երբ մենք ընդունվում էինք ինստիտուտ՝
Հայաստանում շիլաշփոթ էր: Տնտեսագետի մասնագիտական հեռանկարը մշուշոտ էր,
պարզ չէր՝ անցնում ենք սովետակա՞ն, թե՞ կապիտալիստական էկոնոմիկային: Այդ
ժամանակ սկսվեց ՈՒՀԱ (Ուրախների եւ հնարամիտների ակումբ) ստեղծագործական
գործունեությունը, եւ ես իմ մասնագիտությունից շեղվեցի: Պետք է ասեմ, որ
շատ ուրախ եմ դրա համար:

– Հավանաբար «Երեկոյան կոկտեյլն» աշխատատար հաղորդաշար է, մեկ նյութ
ստանալու համար գաղտնի նկարահանումների վրա երկա՞ր ժամանակ եք աշխատում:

Արմեն.– Յուրաքանչյուր հաղորդում ինդիվիդուալ մոտեցում է
պահանջում: Կա հաղորդում, որի վրա աշխատում ենք 15 օր, եւ կա, որ
պահանջում է ընդամենը մեկ օր: Աշխատանքի ծավալը կախված է սյուժեի
բարդությունից: Բարդ է հանդիպումը, որովհետեւ երգիչը կարող է գալ կամ
չգալ, եւ ամեն ինչ կախված է հանդիպումից: Չի կարելի ասել, որ այդ
պատահականությունների պատճառով նկարահանումները ձախողվում են, որովհետեւ
այսպես թե այնպես նկարահանումը կայանում է, բայց կարող է ձգձգվել: Կոպիտ
ասած՝ հաղորդման հերթական «զոհը» չգիտի, որ նկարահանում է արվում, այլապես
անելիքը կկոնկրետանա:

– Ինչո՞ւ եք որպես «զոհ» ընտրել հատկապես արվեստագետներին, նույն
զավեշտական արարքները կարելի է անել նաեւ օլիգարխների, քաղաքական
գործիչների դեպքում:

Արմեն. – Մի քանի պատճառներ կան. նախ՝ մենք չենք ցանկանում մտնել
քաղաքականություն, որովհետեւ հեռուստատեսությունում նրանց հանդեպ արվող
հումորը կդիտվի որպես քաղաքական հակառակորդի կողմից պատվեր կամ լավագույն
դեպքում՝ այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ կողմնապահություն: Դա մեզ
պետք չէ: Եթե երգիչներն իրար հանդեպ անտարբեր են, ապա քաղաքական
գործիչներն այդպիսին չեն: Կան քաղաքական գործիչներ, ովքեր ակնհայտորեն չեն
սիրում իրար: Իսկ երգիչներին ամենեւին չի հետաքրքրում իրենց գործընկերների
ճակատագիրը:

– Թաքնված տեսախցիկով նկարահանելը մարդու իրավունքների ոտնահարման դրսեւորում չէ՞ արդյոք:

Արմեն. – Եթե մենք ապրեինք ԱՄՆ-ում, մեր «զոհերի» հետ անպայման
պայմանագիր կկնքեինք, որ այս կամ այն կետը խախտելիս պատասխանատվության
կենթարկվենք: Սյուժեն նկարահանելիս մենք մեր նյութը պարտադիր ներկայացնում
ենք «զոհին», եւ եթե նկարահանված անձը թույլ է տալիս կամ իր
համաձայնությունն ունենում ենք, ապա այդ ժամանակ եթերով ներկայացնում ենք,
հակառակ դեպքում՝ հաղորդումն ուղղակի չի ցուցադրվի: Բարեբախտաբար, մինչ
օրս նման դեպք չի եղել, որ երգիչը կամ երգչուհին արգելի սյուժեն եթերով
ցուցադրել: Լավագույն դեպքում՝ մեկ օրով նեղացել են, ու անցել է:
Վիճաբանություններ երբեք չեն եղել, բայց պատահել է, որ «զոհը» տաքարյուն է
եղել, չի ընդունել տեսանյութը, բայց գնացել է տուն, մարսել է ու հասկացել
է, որ հետաքրքիր ներկայացում է: Կան մարդիկ, որոնց համար ինչ-որ առումով
ձեռնտու է իրենց մասին հաղորդում ցուցադրելը, եւ եթե զգան, որ հաղորդումն
իրենց վնասում է, հավատացեք, իրենց համաձայնությունը չեն տա:

– Ձեր հաղորդումների ժամանակ հաճախ միջադեպերի ընթացքը բացահայտում է
որոշ արվեստագետների բացասական կողմերը, որոշ «աստղեր» դիմակազերծվում են:

Արմեն. – Չէի ասի, թե բացասական կողմեր են ի հայտ գալիս, որովհետեւ
ճիշտ հակառակն է, մենք ինչ-որ իմաստով բարձրացնում ենք նրանց իմիջը: Ի
վերջո, մեր արտիստներին պրոպագանդում ենք:

– Իսկ երգիչ-երգչուհիների դեպքում հաղորդումը որպես պատվեր չի՞ ընկալվում:

Արմեն. – Բոլորովին. Չկա մի մարդ, որը կպատվիրի նկարահանել,
օրինակ, Արման Բարդումյանին, որովհետեւ ինքը բացի մեզնից եւ այն
մարդկանցից, ովքեր իրեն լսում են, ուրիշ ոչ ոքի համար հետաքրքիր չէ:

– Չե՞ք կարծում, որ արդեն շատ են թաքնված տեսախցիկներով հաղորդումները:

Գրիգոր. – Բարեբախտաբար մեր հեռուստաալիքներն այսօր
հեռուստադիտողին ընտրության հնարավորություն են տալիս: Թեեւ թաքնված
տեսախցիկը հիմա հեռուստատեսային մոդա է դարձել: Ժամանակի ընթացքում
կոնկրետ ծրագրեր ակտուալ են դառնում, հետո անհետանում են, որովհետեւ զուտ
մոդայիկ ծրագրեր էին: Կարծում եմ, մեկ տարի հետո եթերներում կնվազեն
թաքնված տեսախցիկները:

– Լրագրողական հարցումներ կատարելիս ստիպված ենք լինում մարդկանց երկար
համոզել, որ թաքնված տեսախցիկի նկարահանող խմբի հետ կապ չունենք,
որովհետեւ մարդկանց մեջ անհանգստություն կա, որ իրենց գաղտնի նկարահանում
են:

Գրիգոր. – Կոնկրետ ես դեմ եմ փողոցային նկարահանումներին,
որովհետեւ որոշ ծրագրեր չափն անցնում են: Որպես հեռուստադիտող՝ մի քանի
անգամ տեսել եմ, թե ինչպես են մարդկանց ստորացնում:

Արմեն. – Մենք ընտրում ենք մարդկանց, որոնց ճանաչում ենք, գիտենք
նրանց բնավորության գծերը, հետեւաբար չափը պահպանում ենք, որպեսզի որեւէ
մեկին չվիրավորենք: Այսինքն՝ կոնկրետ անձին ճանաչելով՝ կոնկրետ դեպք ենք
նախապատրաստում: Բնականաբար, այդքան էլ ճիշտ չէ, երբ տարեցներին ծաղրում
են կամ անհարմար վիճակի մեջ են գցում: Մեր հաղորդումը թաքնված տեսախցիկ
չէ, պարզապես կոնկրետ մարդու հանդեպ հումորային իրավիճակ ստեղծելն է:
Այսօր մենք հեռուստադիտողից բազմաթիվ նամակներ ենք ստանում, որոնց
ցանկությունն է տեսնել արվեստագետի այն կողմերը, որոնք ամենօրյա եթերում
չեն երեւում: Երկրպագուի համար դա հետաքրքիր է: Այսինքն՝ բեմից երեւացող
երգիչն ինչպե՞ս է խանութ գնում կամ ինչպե՞ս է այս կամ այն իրավիճակը
հաղթահարում: Ընդունված ֆրազներ կան, օրինակ՝ «Բարեւ ձեզ, ես ձեզ սիրում
եմ», դրանցից այն կողմ երկրպագուն երգչի մասին ոչինչ չգիտե: Այս դեպքում
հեռուստադիտողը ծանոթանում է արվեստագետի կենցաղին, վերաբերմունքին,
ունակություններին եւ այլն: Իսկ եթե արվեստագետն անկեղծ է եւ նույնն է
կյանքում, ինչ բեմում է, ուրեմն՝ վախենալու ոչինչ չունի: Նման դեպքում նա
նույնիսկ ուրախ է, որ իրեն նկարահանել ենք:

– Դուք հնարավորություն ունեք մեր «աստղերի» խոհանոցին ծանոթանալու. գտնում եք, որ նրանք գրագե՞տ մարդիկ են:

Արմեն. – Իհարկե, բոլորի մասին ասել, որ կիրթ են՝ ճիշտ չի լինի: Կան արտիստներ, որոնք կիրթ են, եւ կան, որոնք «չկիրթ» են:

– Կա՞ մի տեսանյութ, որի վրա ինքներդ շատ եք ծիծաղել:

Արմեն. – Կան, բայց դրանք շատ են: Օրինակ՝ Արսեն Սաֆարյանի, Արմինե
Նահապետյանի, Անդրեի մասին տեսանյութերը: Լինում է, որ թույլ տեսանյութ է
ստացվում: Հաճախ մենք մտածում ենք մի բան, բայց նկարահանվում է մեկ այլ
բան: Սյուժեների 80%-ը ստացվում է նախատեսվածին համապատասխան: