Երեկ Սպիտակ տունը հաստատել է, որ երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Լոս Անջելեսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱՄՆ նախագահը զանգահարել է` «խրախուսելու Սերժ Սարգսյանի խիզախ ղեկավարումը եւ քաջալերելու նրան` շարունակել առաջընթացը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում»: «Նախագահ Օբաման ընդգծել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը` կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: «Բարաք Օբաման իր լիակատար աջակցությունն է հայտնել գործընթացին, որը կհանգեցնի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ առավել պայծառ ապագա կբերի գործընթացում ներգրավվածներին»,- ասված է հաղորդագրությունում: