«Հայ-թուրքական Արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին, եթե Հայաստանը դրանց տեքստում որեւէ փոփոխություն չկատարի»,- «Wall Street Journal»-ին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ըստ որի` համաձայնագրի կողմնակիցները զգալի պատնեշներ են հաղթահարել հայ-թուրքական մերձեցման ճանապարհին: Նա անդրադարձել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` այսօր Քիշնեւում կայանալիք հանդիպմանը` նշելով, որ, թեեւ 2 գործընթացները (ԼՂՀ հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցումը) փոխկապակցված են, այնուամենայնիվ, Արձանագրությունների ստորագրումը կախված չէ նախագահների հանդիպումից: Պատասխանելով խորհրդարանների կողմից Արձանագրությունների վավերացման մասին հարցին` նա ասել է, թե ինքն այդ հարցում ոչինչ չի կարող երաշխավորել, քանի որ, օրինակ, Անկարայում Արձանագրությունների վավերացման հարցն անցկացվելու է փակ քվեարկությամբ: Եվս մեկ անգամ անդրադառնալով Արձանագրությունների ստորագրմանը խոչընդոտող հնարավոր գործոններին` Էրդողանը նշել է, թե խոչընդոտ կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը ցանկանա փոփոխություններ մտցնել տեքստում: «Սա ամենակարեւոր կետն է. Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի իր քաղաքականության ուղեգիծը սփյուռքահայության պատանդ դառնա»,- հայտարարել է նա: Վերջինիս հայտարարությունը տարօրինակ է այն առումով, որ մոտ 2 շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը ուղիղ տեքստով հայտարարեց, թե արձանագրություններում այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէ: