«ՀԱԿ-ը ավելի հիմնավոր ուժ է»

08/10/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նախօրեին ՀՅԴ-ի նախաձեռնությամբ 12 քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն էին ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների դեմ: «Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում ու մեր ժողովրդի զգոնությունը թուլացնելուն են կոչված այն պնդումները, թե իբր դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց նախապայմանների բավարարման»,- նշված է հայտարարության մեջ: Այս ուժերը բնականաբար չեն պահանջել նախագահի հրաժարականը, թեեւ հանրությանը գրեթե անհայտ որոշ մարդիկ համարձակություն են ունեցել արձանագրությունները որակել «դավաճանական» (Գեւորգ Յազըճյան) ու սպառնացել, որ «վրիժառությունը ժամանակին վրա կհասնի» (Արմեն Ավետիսյան): Այս հայտարարությանը չի միացել ՀԱԿ-ը: «Նախաստորագրված արձանագրությունները վիժեցնելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի կոնսոլիդացիան է մեկ պահանջի շուրջ, այն է` Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հայտարարության մեջ նման բան չկա, իսկ մենք համարում ենք, որ դա միակ ադեկվատ ճանապարհն է: Միայն այդ դեպքում համագործակցությունը հնարավոր կլիներ»,- մեզ հետ զրույցում ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Մեր հարցին` արդյո՞ք այս 12 ուժերն ամբողջությամբ կամ հիմնականում չեն վերահսկվում իշխանությունների կողմից, Ա. Մուսինյանը պատասխանեց, թե իրենք խնդրին այլ կերպ են նայում: «Մենք խնդրին այլ կերպ ենք նայում` արձանագրությունների ստորագրումը ու վավերացումը կանխելու միակ ձեւը Ս. Սարգսյանի հրաժարականին հասնելն է: Մենք կողջունենք, եթե այդ հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերը ընտրեն այս վարքագիծը: Երբ հրաժարականի պահանջ նրանց կողմից դրվի, համագործակցության հնարավորությունները կմեծանան»: Երբ ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին հարց էր տրվել ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանին, վերջինս ասել էր, թե իրենք խոսել են ՀԱԿ-ի կազմի մեջ գտնվող մի քանի ուժերի հետ, որոնք իրենց մտահոգությունները կիսել են: Ենթադրվում է` որ առաջին հերթին նա նկատի ուներ ՍԴՀԿ-ին: Սակայն այս կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի գնահատականը 12 ուժերի համատեղ հայտարարությանը շատ ավելի կոշտ էր, քան Մուսինյանինը. «Ի սկզբանե ՀԱԿ-ում 18 կուսակցություն կա, եւ 2 տարի պրոցես էր գնում: Կարծում եմ, որ այդ կոնսոլիդացումը պետք է տեղի ունենար ՀԱԿ-ի շուրջ, եթե այդ միավորումը ազգային նպատակներ է հետապնդում: Իսկ եթե նրանք փորձում են առանձին հանդես գալ եւ նոր ուժ ձեւավորել, դա ակնհայտ մեզ հուշում է, որ ուզում են հակակշիռ դառնալ ՀԱԿ-ին, եւ դա ուղիղ ուղղորդված է իշխանությունների կողմից: Նման կերպ ոչ մի հարցի շուրջ մենք պատրաստ չենք միավորվելու»: Նա նույնպես պնդում է, որ գլխավորը Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջն է. «Եթե նա հրաժարական չի տալիս, ինչքան էլ փորձեն միավորվել, անհնար է: Եվ, հետեւաբար, ես նաեւ համոզված չեմ, թե դա ուղղորդված չէ իշխանությունների կողմից` երրորդ ուժ ձեւավորելու, որը կարող է հակակշիռ դառնալ ՀԱԿ-ին: Մենք նման ձեւաչափին օժանդակելու ցանկություն եւ որոշում չունենք: Մենք չենք ուղղորդվում ոչ մեկի կողմից»: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն էլ, գնահատելով 12 կուսակցությունների այս քայլը, ասաց, թե այդ կուսակցությունները ընդդիմադիր են եւ, առաջին անգամ չէ, որ հայտարարություն են անում: «Ինչ վերաբերում է նրանց, որոնք «դավաճաններ» բառն են օգտագործել, ասեմ, որ այդ հասկացությունը շատ հարաբերական է եւ քաղաքական գործընթացից ու արդյունքից կերեւա` դավաճանները նրանք են, ովքեր երկիրը տանում են ճանապարհների բացման, տնտեսական զարգացման, պետականության հզորացմա՞ն, թե՞ նրանք, ովքեր խանգարում են դրան: Ինչ վերաբերում է «վրեժխնդրություն» բառին, ասեմ, որ նրանք, ովքեր դա ասել են, այնքան փոքր ուժ են իրենցից ներկայացնում, որ այդ վրեժխնդրություն հասկացությունը ծիծաղելի է ինձ համար: Սփյուռքում նույնիսկ նման բաների մասին չեն խոսում: Մի քիչ պատշաճությունը խախտվել է այդ վիրավորական արտահայտություններով: Բայց դե գիտեք` բոլոր տեղերում էլ կան նման մարդիկ, որ վիրավորական արտահայտություններ են անում»,- նշեց Ռ. Զոհրաբյանը: Հարցին, թե այդ 12 քաղաքական ուժերին միասին վերցրած կարելի՞ է լուրջ ուժ համարել` հատկապես, եթե համեմատենք նրանց ՀԱԿ-ի հետ, նա պատասխանեց, թե ՀԱԿ-ն ավելի մեծ կշիռ ունի, քան այս 12 կուսակցությունները միասին վերցրած: «Կարծում եմ` ՀԱԿ-ը ավելի հիմնավոր ուժ է, քան թե այս 12-ը, որ հավաքվել են իրար գլխի»: Իսկ արդյո՞ք այդ 12-ը ամբողջությամբ կամ ընդհանուր առմամբ չեն ղեկավարվում հենց իշխանությունների կողմից ընդդիմադիր երկրորդ բեւեռի տպավորություն թողնելու եւ ՀԱԿ-ին չեզոքացնելու նպատակով. «Նման կարծիք կարող է առաջանալ` հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն մինչեւ վերջերս կոալիցիայի մեջ էր, եւ մարդկանց թվում է` մինչեւ հիմա կապ կա: Բայց իրականում նման կապ չկա, եւ թե սփյուռքի ցույցերում, եւ թե Երեւանում ՀՅԴ-ն մի քիչ արմատական է: Այնպես որ, մենք մեր դեմ ուժեր ղեկավարել չենք կարող»: