2002թ. մայիսին ՀՀ Կառավարության եւ «Գաֆեսջյան ընտանիք» հիմնադրամի միջեւ պայմանագիր կնքվեց, ըստ որի` Կասկադում մեծ բարերար Ջերարդ Գաֆեսջյանի (Gerard Cafesjian) հովանավորությամբ պետք է կառուցվեր «Գաֆեսջյան թանգարանը»: Կառուցման ավարտման ժամկետը 2007թ. էր: Ըստ պայմանագրի` այդ 5 տարիների ընթացքում հիմնադրամն ամբողջությամբ ազատվում էր պետտուրքերից: Կառավարությունը թանգարանին էր հատկացրել նաեւ Կասկադին հարող 11 հա հողատարածքը: Կասկադի պուրակը, սակայն, թանգարանին էր տրվել միայն շահագործման նպատակով: Իսկ 11 հա հողատարածքը ՀՀ Կառավարության ներդրումն էր «Գաֆեսջյան ընտանիք» հիմնադրամի թանգարանի նախագծում: Թանգարանի նախագծի ամբողջ վերահսկողությունն իրականացրել է «Գաֆեսջյան ընտանիք» հիմնադրամը` ի դեմս հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ուոթրսի: Նշենք նաեւ, որ հիմնադրամն իր մեջ ներառում է թե բարեգործական եւ թե շահույթ հետապնդող ընկերություններ (օրինակ` CS մեդիա ընկերությունը, «Կասկադ բանկը», եւ այլն): Այս պայմանագրից արդեն անցել է 7 տարի, սակայն թանգարանն այդպես էլ վերջնականապես կառուցված չէ: Ավելին` փոխարենը «Գաֆեսջյան ընտանիք» հիմնադրամում առաջացել են ներքին խմորումներ, եւ մի շարք պատասխանատուներ հեռացվել են աշխատանքից, այդ թվում ինքը` Ջ. Ուոթրսը: Մեր տեղեկություններով՝ աշխատանքից հեռացվել էր նաեւ Ջ. Ուոթրսի տեղակալ, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Էդուարդ Պալասանյանը: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց իր հեռացման մասին մեր տեղեկությունը, նշելով, որ իրեն ոչ թե հեռացրել են, այլ իր դիմումի համաձայն՝ 2009թ. մարտի սկզբին ազատվել է աշխատանքից: «Գաֆեսջյան ընտանիք» հիմնադրամում նա աշխատել է 2002թ. հունիսից մինչեւ 2009թ. մարտի 1-ը:
– Այնուամենայնիվ, մինչեւ այս մարտի 1-ը աշխատել եք հիմնադրամում, եւ փաստն այն է, որ արդեն 2009թ. ավարտվում է, իսկ թանգարանը դեռեւս չի կառուցվել: Ավելին, այս տարիների ընթացքում համառ խոսակցություններ էին շրջում, նույնիսկ մամուլում որոշ հրապարակումներ են եղել, որոնցում մեղադրվում եք եւ Դուք, եւ «Արմենիա» հեռուստաընկերության նախագահ Բագրատ Սարգսյանը, եւ հատկապես ամերիկացի տնօրեն Ջոն Ուոթրսը: Վերջինիս եւ Բ. Սարգսյանի մասին նույնիսկ խոսում էին, թե պարզապես սնանկացնում են Ջ. Գաֆեսջյանին: Ինչո՞ւ ծրագիրը չիրականացավ, արդեն հսկայական գումարներ են ծախսվել:
– Նախ՝ ես անհատների հասցեին ուղղված բամբասանքներին եւ ասեկոսեներին չեմ ցանկանում անդրադառնալ եւ դրանց վրա ժամավաճառ լինել: Այսքանը Ջոն Ուոթրսի եւ Բագրատ Սարգսյանի գործունեության մասին: Ինչ վերաբերում է թանգարանի աշխատանքների դադարեցմանը, ապա դրա համար կան երկու հիմնական պատճառներ: Մեկն ուղղակիորեն պայմանավորված է հիմնադրամի ղեկավարման աշխատանքների հետ, այսինքն` նախագծի զարգացումը դուրս է եկել վերահսկողությունից: Եվ երկրորդը, որ այնպիսի մի նախագիծ էին պատրաստել պրն Գաֆեսջյանի համար, որի բյուջեն 3-4 անգամ ավելի էր այդ ծրագրի համար նրա նախատեսած բյուջեից: Ըստ Ջ. Գաֆեսջյանի ծրագրի` թանգարանի բյուջեն պետք է կազմեր 30 մլն դոլար, իսկ նրան ներկայացվել էր մոտ 150 մլն դոլարանոց նախագիծ:
– 150մլն դոլարով Երեւանում կարելի է ոչ թե մեկ, այլ 5-ից ավելի թանգարաններ կառուցել:
– Այո: 20-30 մլն դոլարով իսկապես կարելի էր թանգարան կառուցել, ինչպես եւ նախատեսել էր պրն Գաֆեսջյանը: 2002թ. թանգարանի համար նա նախատեսել էր 25 մլն դոլար, եւ 5 մլն դոլար էլ ավելացրել էր Կասկադի բարեկարգման համար, որը քարուքանդ վիճակում էր հանձնվել իրեն: Այսինքն` սկզբում բյուջեն կազմել էր 30 մլն դոլար:
– Իսկ նախագծի երկրորդ տարբերակը ցույց չէի՞ն տվել պրն Գաֆեսջյանին:
– Նախագիծը ղեկավարել է Ջոն Ուոթրսը, եւ բացթողումը նրանն է: Նա էր ղեկավարում ճարտարապետին: Իսկ ես պարզապես ղեկավարում էի շինարարական աշխատանքները, այսինքն` նախագիծը պետք է հանձնեին ինձ, ես էլ պետք է այն իրականացնեի:
– Ի պաշտոնե որո՞նք էին Ձեր լիազորությունները:
– Թանգարանի նախագիծն ինձ հետ կապ չուներ, բացի ամբողջ համալիրի շահագործման ղեկավարումը եւ հիմնադրամի առօրյան, ինձ վրա էր դրված Կասկադի բարեկարգման պարտականությունը (նախագիծ եւ շինարարություն) ու նոր թանգարանի կառուցումը ճարտարապետի նախագծի հիման վրա: Եվ ինչպես ակնհայտ է՝ ես Կասկադը ամբողջությամբ խելքի բերեցի: Թանգարանը, իհարկե, այլ խնդիր է…
– Շինաշխատանքների հիմնական բյուջեն Դո՞ւք էիք կազմում:
– 7 տարիներ շարունակ մենք ամեն ամիս ֆինանսական հաշվետվություն էինք ներկայացնում, թե որքան գումար ենք ստացել եւ որքան ենք ծախսել նախագծերի զանազան մասերի վրա (ավելի քան 20 առանձին տողերով), եւ նաեւ ներկայացնում էինք հաջորդ ամսվա աշխատանքների նախահաշիվը նույն մանրամասնություններով: Սակայն նախահաշվի մեջ նրանք հաշվի չէին առել այն, որ 25 մլն դոլարի մեջ պետք է ներառեին նաեւ աշխատավարձերը եւ կասկադի շահագործման ծախսերը: Իմ տվյալներով` տարեկան միջին հաշվով մոտ 700.000 դոլար ծախսվել է աշխատավարձերի վրա: Ամեն ամիս մենք միայն 3-4000 դոլար էլեկտրականության վարձ էինք վճարում: Էլեկտրականության ծախսերը ես նույնիսկ կրճատել էի` շարժասանդուղքների վրա (որոնք պետք է աշխատեին անդադար) լազերային աչք դրեցի, որ շարժասանդուղքը սկսի աշխատել այն ժամանակ, երբ մարդը մոտենում է: Հակառակ դեպքում` ստիպված կլինեինք ամսական 7-8 հազար դոլար միայն էլեկտրականության համար վճարել: Ես իսկապես ստացել էի քարուքանդ, չաշխատող սարքավորումներ, իսկ շենքում ամենուր ջուր էր կաթում: Մենք այդ ամբողջ քարերը քանդել ենք, ջրամեկուսացման համակարգ ենք տեղադրել: Այդ բոլոր աշխատանքները մեծ ծախսեր էին պահանջում, որոնց բացատրագրերը ես ունեմ:
Դուք ինձ ասում եք, որ ոմանք ինձ մեղավոր են համարում: Ուրեմն, ես Ձեզ կներկայացնեմ այն ցանկը, որտեղ յուրաքանչյուր ծախսի հաշվետվությունը կա: 2002թ. հունիս-2009թ. մարտ ամիսներին «Գաֆեսջյան թանգարան» հիմնադրամի Երեւանում կատարված ծախսերն ու ներդրումներն են` աշխատավարձեր (տարեկան միջինը` 700.000 դոլար)՝ 4.900.000 դոլար, ընթացիկ ծախսեր` կոմունալ, հանրային կապ եւ այլն` 1.400.000 դոլար, Կասկադի եւ Թամանյան պուրակի նորոգում, հարդարում եւ բարեկարգում` 11.800.000 դոլար, թանգարանի կառուցում` 4.800.000 դոլար, մետաղի եւ ցեմենտի գնում` 4.000.000 դոլար, տարածքային բեռնվածությունների հեռացում` 3.000.000 դոլար, եւ զանազան ծախսեր` 2.900.000 դոլար: Նշեմ, որ այս ցանկում ներառված չեն «Գաֆեսջյան թանգարան» հիմնադրամի ԱՄՆ-ում կատարած ծախսերը:
Վերոնշյալ հաշիվներում ներառված են «Հայֆիլմի» տարածքում կառուցված ժամանակակից չափանիշների պահոցներ՝ պրն Գաֆեսջյանի հավաքածուները անվտանգ եւ կլիմայական ճիշտ պայմաններում պահելու համար: Նույնպես «Հայֆիլմի» տարածքում կառուցել ենք արդիական մեծ ջերմոց, որտեղ պիտի աճեցվեին թանգարանի եւ կասկադի տարածքներում ցանվող բոլոր ծաղիկներն ու բույսերը: Մենք ներկա դրությամբ տարին շուրջ 20.000 դոլարի ծաղիկների սերմեր էինք գնում, որը այլեւս պիտի խնայեինք, քանզի ջերմոցը պիտի արտադրեր մեր կարիքից մի քանի անգամ ավելի ծաղիկներ, որի ավելցուկը պիտի իրացվեր ազատ շուկայում: Ի դեպ, պրն Գաֆեսջյանն էլ խրախուսում եւ բարձր էր գնահատում այս նախաձեռնությունը:
Պետք է ավելացնեմ, որ վերջին 2 տարում կրկնակի անիմաստ աշխատանքներ են արվել Կասկադի արդեն բարեկարգված եւ հարդարված տարածքներում: 2007թ. նոր ճարտարապետ ընդունվեց աշխատանքի` Դեյվիդ Հաթսոնը, ով քանդեց իմ միջոցով բարեկարգված պուրակն ու ներքին տարածքների հարդարումները: Ցուցասրահների վերադեկորացիոն աշխատանքներ արեց, օրինակ, թեք առաստաղը հավասարեցրեց, կաթնագույն ապակիներ տեղադրեց, եւ այլն: Սրանք՝ այն դեպքում, որ արդեն բոլոր սրահների հարդարումները ավարտված էին եւ պատրաստ էին ցուցահանդեսներ կազմակերպելու համար: Երբ ես աշխատանքի անցա` սրահները հիմնականում պատուհաններ չունեին, եւ ես նորերը տեղադրեցի: Սակայն, չգիտես ինչո՞ւ, այդ նոր ճարտարապետը դրանք ամբողջությամբ քանդեց եւ այնպիսի պատուհաններ բերեց, որոնք հսկայական գումարներ արժեին:
Իսկ նոր թանգարանի համար ճարտարապետը մի հսկա փոս փորել տվեց, որովհետեւ ուզում էր, որ թանգարանի նկուղային մասը երկու հարկից բաղկացած լինի: Նախագծով նախատեսվում էր մեկ հարկ: Փոսը փորելու, հողային աշխատանքների համար այնպիսի հսկայական գումարներ ծախսվեցին, որը, կարելի է ասել` թանգարանի շենքի նախահաշվի շատ անհամաչափ մասն է կազմում: 4 մլն 629 հազար դոլարի հողային աշխատանքներ են կատարվել: Փոսը փորելիս հասանք բազալտե հոծ շերտի: Այդ բազալտե շերտը քանդելու համար, որը բավականին խորն էր, խոշոր ծախսեր պահանջվեցին: Ցանկացած փորձառու ճարտարապետ գիտակցում է, որ բազալտե քարեր քանդելը նույնիսկ շենք կառուցելու նախագծից էլ թանկ է: Որպես ճարտարապետ՝ գիտակցում էի, որ նման դեպքերում չի կարելի շարունակել եւ պետք է նախագիծը փոխել, բայց, մենք հարկադրված էինք առանց առարկության կատարել նրանց որոշումները եւ աշխատանքները վերջացնել: Հիմա այդ փոսն արդեն ներսից ամբողջությամբ կառուցապատվել է: Այն, ինչ կատարեց Հաթսոնը, պարզապես անիմաստ էր: Նա ներկայացրեց այնպիսի նախագիծ, որը, բնականաբար, պրն Գաֆեսջյանը չէր ուզում:
– Ի վերջո, ի՞նչ փուլում է այժմ գործընթացը:
– Պարոն Գաֆեսջյանը 150մլն դոլար չէր նախատեսել թանգարանի նախագծի համար, եւ նա իրավացի է: Լսել եմ, որ նա նոյեմբերին գալու է Երեւան: Նրա այցը 4-5 անգամ հետաձգվել էր: Նույնիսկ օդանավ էր վարձել եւ ուզում էր մի քանի սենատորների եւ բարձրաստիճան անձանց հետ գալ Հայաստան` թանգարանի բացման առիթով: Բայց անընդմեջ հետաձգվում էր նրանց գալը, որովհետեւ ճարտարապետը նախագծային աշխատանքները չէր հասցնում, եւ մենք էլ մեր հերթին չէինք կարողանում ավարտել շինարարական աշխատանքները: Հիմա կարծես թե Կասկադի պուրակն են սկսել բարեկարգել` նստարաններ են տեղադրում, հռոմեական գլադիատորի արձանն են բերել: Ինչ-որ կերպ ուզում են վերջացնել այն: Լսել եմ, որ որոշ սրահներում ուզում են ցուցադրություններ կազմակերպել:
– Կհասցնե՞ն:
– Կարծում եմ, կարելի է գործը շուտ վերջացնել, եթե որակը տվյալ պարագայում կարեւորված չէ:
– Երբեւէ առիթ ունեցե՞լ եք հանդիպել Ջերարդ Գաֆեսջյանին:
– Մի անգամ Նյու Յորքում էի հանդիպել: Մոտ 2-3 ժամ զրուցեցինք: Իհարկե, զրույցը կապ չուներ թանգարանի հետ: Մի քանի անգամ էլ տեսել եմ Երեւանում, բայց չեմ շփվել: Նրա հետ իմ կապը եղել է միայն Ջ. Ուոթրսի միջոցով: Եղել են նաեւ դեպքեր, երբ իրավիճակի եւ իմ մտահոգությունների վերաբերյալ նամակ եմ գրել պրն Գաֆեսջյանին, բայց պատասխան չեմ ստացել: Այդ նույն նամակների օրինակներից ուղարկում էի թե՛ Ջոն Ուոթրսին, թե՛ Մայքլ Դոմարշին (2007 թվից նշանակված հիմնադրամի գործադիր տնօրենը):
Հատկապես ինձ մտահոգում էր Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի (ՆՓԱԿ) հարցը: Սա իմ երկրորդ խնդիրն էր: Երբ 7 տարի առաջ աշխատանքի ընդունվեցի, իմ աշխատավարձը որոշակի գումար էր կազմում, որը մեկ երրորդն էր Նյու Յորքում իմ որակավորմամբ մասնագետի ստացած աշխատավարձի: 7 տարի աշխատեցի հիմնադրամում առանց աշխատավարձի հավելման: Երեք տարի առաջ պայմանավորվեցի Ջ. Ուոթրսի հետ, որ եթե պրն Գաֆեսջյանը կհովանավորի ՆՓԱԿ-ը, ես մինչեւ կյանքիս վերջը կաշխատեմ առանց հավելավճարի: Եվ Ջոնի հետ առանց որեւէ փաստաթղթերի` պայմանավորվեցինք: Սակայն հիմնադրամի ներսում արդեն հարաբերությունները փոքր-ինչ խաթարվել էին: Ես անմիջապես հայտնեցի Ուոթրսին, որ նախագծի ճարտարապետի հետ այլեւս չեմ կարող աշխատել: Նաեւ ասացի, որ եթե իրենք կարծում են, որ ես խոչընդոտ կարող եմ լինել, կարող եմ հեռանալ աշխատանքից: Նրանք բացառեցին այդ տարբերակը` ասելով, որ իրենք այդ խնդիրները կլուծեն: Ես շարունակեցի աշխատել: Իսկ նախքան իմ հեռանալը` մինչեւ 2009թ. մարտի 1-ը, նրանք խախտեցին ՆՓԱԿ-ի վերաբերյալ պայմանավորվածությունը` դադարեցնելով ֆինանսավորումը: Ուոթրսը նամակով տեղեկացրեց ինձ, որ տնտեսական ճգնաժամի պատճառով են դադարեցրել ֆինանսավորումը, եւ, որ շուտով կվերականգնեն: Այդ խոստման հիման վրա ես իմ ընտանեկան խնայողությունները ներդրեցի ՆՓԱԿ-ի գործունեության համար` վստահությամբ, որ գումարները տալու են: Մինչ օրս 8 ամսվա 75.000 դոլար գումարը դեռեւս չեն տվել: Ես փաստաթուղթ չունեմ, հետեւաբար, ես չեմ կարող նրանց դատի տալ: Բայց եթե նույնիսկ կարողանայի էլ` չէի անի, քանի որ Ջերարդ Գաֆեսջյանը ազգային մեծ բարերար է, ու նրան պետք չէ վիրավորել, որքան էլ որ նրանք իմ նկատմամբ արդարացի չեն եղել:
– Ո՞ր փաստաթղթերն էր ստորագրում Ջոն Ուոթրսը, որոնք` Բագրատ Սարգսյանը:
– Թանգարանի համար նախատեսված հողամասի որոշ հատվածներ տարբեր մարդկանց կողմից զբաղեցված էին, եւ այդ հողամասերի եւ դրանց շուրջը եղած տների, ավտոտնակների հետգնման գործարքների համար ստորագրել են պրն Սարգսյանն ու պրն Ուոթրսը:
– Ինչո՞ւ Ձեր նամակները չէին հասնում պրն Գաֆեսջյանին:
– 2008թ. դեկտեմբերին, երբ տեսա, որ թանգարանի նախագիծը բավական մեծ է, եւ իրավիճակն էլ ոչ այդքան լավ, մի նամակով գործողությունների պլան ուղարկեցի պրն Գաֆեսջյանին, թե ի՞նչ պետք է անել վիճակից դուրս գալու համար: Նշեցի ժամանակացույց` ասելով, որ 3 տարվա ընթացքում ես թանգարանը պատրաստ կհանձնեմ Ձեր ուզած բյուջեով եւ Կասկադն էլ ամբողջությամբ տեսքի կբերեմ, սակայն պայմանով, որ նախագծի ղեկավարումը հանձնեն ինձ: Նամակը հասցեագրեցի պրն Գաֆեսջյանին` կրկնօրինակները ուղարկելով Ուոթրսին եւ Դոմարշին: Ես երբեք որեւէ մեկի գլխի վրայով չեմ անցել: Մեզ նախազգուշացրել էին, որ պրն Գաֆեսջյանը ծանր առողջական վիճակում է եւ պետք չէ նրան էմոցիոնալ ճնշում պատճառել` հանկարծ նամակ չգրեք, չասեք, որ վիճակը խայտառակ է: Եվ, բնականաբար, Ջոնը նամակը չհանձնեց, իսկ Դոմարշն էլ նամակից հետո միանգամից փոխվեց իմ նկատմամբ: Այն մարդը, որ ասում էր ինձ, թե՝ քո կարիքն ունենք, նամակից հետո նույնիսկ չէր բարեւում ինձ, չէր կանչում ժողովների: Երբ ես այդ ամենը նկատեցի, փետրվարին Ջոնին ասացի այդ հարաբերությունների մասին, որոնք արդեն անհամացել էին, եւ ներկայացրի իմ հրաժարականը:
Իմ նամակը, ի վերջո, հասավ պրն Գաֆեսջյանին: Ես կասկած ունեի, որ Ջոնն իմ նամակը չի փոխանցել: Եվ նույն նամակը ապրիլին ուղարկեցի պրն Գաֆեսջյանի խորհրդականին` նշելով, որ այն արդեն դեկտեմբերին պրն Գաֆեսջյանին էի ուղարկել: Նրանք պատասխանեցին, որ որեւէ նամակ չեն ստացել իմ կողմից: Ապա խորհրդականն ինձ հայտնեց, որ պրն Գաֆեսջյանը կարդացել է այն եւ շատ շնորհակալ է իմ առաջարկի համար: Նա ինձ խնդրեց, որ ես մայիսին անպայման Երեւանում լինեմ, որպեսզի պրն Գաֆեսջյանի նոր ներկայացուցչի հետ հանդիպեմ: Երբ այդ մարդը եկավ, նրան արդեն թունավորել էին մի քանի զրպարտություններով: Բայց երկու ժամ նրա հետ զրուցելուց հետո նա անդրադարձավ դավադրության առկայությանը եւ մի քանի անգամ ներողություն խնդրեց ինձնից:
Ինձ չեն կարող մեղադրել, ես տեր եմ իմ բոլոր ստորագրություններին, բացի երկու` երկաթի վաճառքի եւ տարածքի բեռնվածությունների, այսինքն` հողամասերի գնման գործարքներից, որով զբաղվում էր Բագրատ Սարգսյանը եւ անձամբ Ջոն Ուոթրսը: Ես որեւէ մասնակցություն այդտեղ չեմ ունեցել: Երկաթի վաճառքը կատարվեց Ջոն Ուոթրսի ուղղակի կարգադրությամբ (նամակը առկա է): Երբ թանգարանի նախագիծը պատրաստ էր, «Հայպետնախագծի» (որի հետ համագործակցում էինք) տնօրենին խնդրեցի տալ նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ մետաղների ցանկը: Մենք այդ մետաղը Ջոն Ուոթրսի վավերացմամբ Ուկրաինայից գնեցինք տոննան 770 դոլարով: Գնեցինք 4.800 տոննա երկաթ: Դա, իհարկե, ռիսկային քայլ չէր, քանի որ, եթե նույնիսկ այդքան երկաթը չօգտագործեինք, միեւնույն է, կարող էինք վաճառել: Փաստն այն էր, որ երբ պրն Գաֆեսջյանը որոշեց փոքրացնել նախագիծը, մենք ունեինք մոտ 3000 տոննա հավելյալ երկաթ, որը այլեւս պետք չէր: Նախ պարոններ Ուոթրսը եւ Դոմարշը մեզ կարգադրեցին, որ մենք 1200 դոլարից պակաս պետք է չվաճառենք այն, ընդ որում` վաճառքը լինելու էր կանխիկ: Այդ ժամանակ մենք 2-3 մլն դոլար էինք պարտք կապալառուներին, ովքեր մեզ առաջարկում էին` այդ երկաթը մի քիչ ցածր գնով տանք իրենց, ու իրենք էլ մեր պարտքից դուրս կգային: Նույնիսկ ոմանք պատրաստ էին 1000-1100 դոլարով գնել այն: Մեկ շաբաթ անց, սակայն, Ուոթրսից գրավոր կարգադրություն եղավ, որով նա հրահանգում էր մեզ` այդ երկաթը 770 դոլարով վաճառել նույն միջնորդ ընկերությանը, որի միջոցով երկաթը ներմուծել էինք Ուկրաինայից: Ի՞նչ պետք է անեի. կատարեցի իմ վերադասի կարգադրությունը:
– Նաեւ տնտեսական ճգնաժա՞մն է պատճառը, որ պրն Գաֆեսջյանը սկսել է հետեւել իր գումարներին: Մեր տեղեկություններով` մոտ 2 ամիս առաջ էլ աշխատանքից ազատել են մոտ 180 մարդու:
– Սա իսկապես ցավալի երեւույթ է: Այդ 180 մարդը տարիներ, ամենայն սրտացավությամբ եւ հոգատարությամբ աշխատել են հիմնադրամի համար, եւ հիմա ճգնաժամի պատճառով կորցնում են իրենց ապրուստի միակ միջոցը: Սա երեւի կապիտալիզմի ամենադաժան հետեւանքն է: Բայց անխուսափելի…
Հիշում եմ, որ Վաշինգտոնում Գաֆեսջյանի լոբբինգի կազմակերպության տնօրենը` պրն Ռաս Վարթյանը, դեռ 3 տարի առաջ մի առիթով ասաց. «Երբ պարոն Գաֆեսջյանի առջեւ դնեն այդ բոլոր նախագծերի վրա ծախսված գումարների համագումար-հաշվետվությունները, նա պարզապես կաթվածահար կլինի»: Նա մեծ գումարներ է ներդրել «Հայֆիլմի», թանգարանի, ալտերնատիվ էներգիայի հետազոտությունների եւ այլ ծրագրերի եւ հիմնարկների վրա, որոնք այսօր լիարժեք չեն գործում կամ ավարտված չեն: Ըստ էության, նման զեկուցում վերջապես հասել է պրն Գաֆեսջյանի ուշադրությանը, որի արդյունքում իրականացվել են նշված արմատական փոփոխությունները: Իմ կարծիքով՝ դրաման դեռ չի ավարտվել, եւ պիտի սպասել թերեւս ավելի լուրջ քայլերի: Ես իրապես ցավում եմ նախագծի այս ընթացքի համար: Աննախադեպ եւ հրաշալի մշակութային այս նախագիծը կանգնած է կործանման շեմին: Կարեւոր չի, թե Պալասանյա՞նը կավարտի այն, թե՞ մի ուրիշը: Կարեւորն այն է, որ հսկայական ներդրում է կատարվել Հայաստանի մշակույթի ոլորտում, որը, պիտի օգնել, որ հասնի բարեհաջող ավարտի: Ես սա ասում եմ սրտանց եւ ամենայն բարի մաղթանքներով: