Խաղողագործներին վճարո՞ւմ են

08/10/2009

Արարատի մարզի խաղողագործների դժգոհության ալիքը դեռեւս չի մարել: «Ես դեռ չեմ հավաքել խաղողը: Էս տարի շատ ահավոր է մեր վիճակը: Եթե մինուս զրոյի մասին լսած չկաք, ուրեմն` լսեք: Էս տարի էդ «թիվը» իմ բերքի եկամուտն ա»,- մեզ հետ զրույցում նշեց Տափերական գյուղի բնակիչ Մարտիրոս Հովհաննիսյանը: Ըստ նրա` մարզի մթերման կետերում խաղողի համար վճարվող ամենաբարձր գինը 130 դրամն է, ընդ որում` սա վերաբերում է միայն տվյալ մթերման կետի հետ պայմանագիր ունեցող գյուղացիներին: Մինչդեռ մնացած գյուղացիները, ովքեր պայմանագիր չեն կնքել, խաղողը հազիվ հանձնում են 80 դրամով: «Համարյա բոլոր կետերում էլ էդպես ա` Մխչյանում, Մրգավանում, Շահումյանում ու մնացած տեղերում: Նույնիսկ տեղ ա եղել, որ խաղողը 70 դրամով են վերցրել: Իսկ պայմանագրերի մասին խոսք լինել չի կարող: Օրինակ, մեր գյուղի երեւի 80 տոկոսից ավելին պայմանագիր չեն կնքել»,- նշեց Տափերականի բնակիչը: