Համահայկական ուղեւորության շրջանակներում երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Դոնի Ռոստով, որտեղ նրան դիմավորել է Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը:
«Ազատության» փոխանցմամբ` Դոնի Ռոստովում բողոքի որեւէ ցույց նախատեսված չէ, սակայն Ռուսաստանի մի շարք հայկական կազմակերպություններ, այդ թվում` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, «Արարատ» միությունը, «Երկրամաս» թերթի խմբագրությունը, հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները չստորագրելու կոչով դիմել են Հայաստանի իշխանություններին: Վերոնշյալ կազմակերպությունների հայտարարությունում ասված է, թե այդ փաստաթղթերում արձանագրված են Թուրքիայի նախապայմանները, մասնավորապես` թուրք-հայկական փաստացի սահմանի ճանաչում, պատմաբանների հանձնաժողովի ստեղծում եւ այլն:
Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը Դոնի Ռոստով ուղեւորվել է Բեյրութից: Մինչ հայ համայնքի հետ հանդիպումը, Ս. Սարգսյանին է այցելել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ս. Սարգսյանն ու Արամ Առաջինը զրուցել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նախաստորագրված արձանագրություններին վերաբերող հարցերի մասին:
Սերժ Սարգսյանը Բեյրութում եւս հանդես է եկել ելույթով` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հնչեցված հիմնական տեսակետներին ու մտահոգություններին: «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այժմ գոյություն ունեցող անբնական վիճակը օգտակար չէ ո՛չ մեզ եւ ո՛չ էլ Թուրքիայի համար: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը հնարավորություն կտա ստեղծել մի հարթակ, շատ թե քիչ տանելի մի միջավայր` երկխոսությունն ու բանակցություններն առաջ տանելու համար»,- նշել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչող մտահոգություններին` Ս. Սարգսյանն ընդգծել է, որ նման մտահոգություններ եղել են նաեւ հայ ժողովրդի վերջին քսանամյակի պատմության երկու կարեւորագույն զարգացումների` անկախության հռչակման եւ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի համար մղված զինված պայքարի ժամանակ: «Ու չնայած գոյություն ունեցած մտահոգություններին` վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ բերեց ցանկալի արդյունքի»,- ասել է նա:
Ցեղասպանության հարցի առնչությամբ էլ նշել է. «Մենք բազմիցս շեշտել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնման խնդիր է, այլեւ կարեւոր հանգամանք Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից: Այն անհրաժեշտություն է»: Անդրադառնալով մտահոգությանն էլ, թե գործընթացի արդյունքում Թուրքիան կարող է դերակատարություն ստանձնել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում, Ս. Սարգսյանը նշել է. «ԼՂ հակամարտությունը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ ունենք այն, ինչի համար մենք` մեր ժողովուրդը, պայքարել է 1988թ. սկսած»: Նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ ԼՂՀ հիմնախնդրի հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ փոխշաղկապված չեն, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Նշենք, որ Դոնի Ռոստովից Սերժ Սարգսյանը մեկնելու է Քիշնեւ, որտեղ մասնակցելու է ԱՊՀ հերթական գագաթաժողովին, իսկ հոկտեմբերի 8-ին հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ի դեպ, երեքշաբթի օրը Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ: