Եղբայր ենք մենք

08/10/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները մտան, մեղմ ասած, անցանկալի ու ցավոտ փուլ: Պատճառը (թե՞ առիթը, առայժմ դժվար է ասել) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունն էր: Որքանո՞վ էր ճիշտ այս ձեռնարկը, ովքե՞ր են ՀՀ նախագահին այդ քայլի խորհրդատուները, ի՞նչ արդյունք էին ակնկալում նրանք. այս հարցերն, իհարկե, կարեւոր են: Բայց դրանց պատասխանները գտնելը ժամանակի հարց է: Ժամանակ ու գործընթացներ են պետք տեսնելու համար, թե ինչ աստիճան է խաթարվել ազգային միասնությունը թե Սփյուռքում, թե Հայաստանում: Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում տեղի ունեցածը Հայաստանում էլ է երկակի ընկալում ծնել: Հայաստանցիների մի մասն ակնհայտ ուրախացել է Սերժ Սարգսյանի այցի դեմ բողոքի ակցիաներից: Մյուս մասը շոկի մեջ է: Նրանք վիրավորված են, որ մեր հայրենակիցներն օտար երկրներում քարերով ու հայհոյանքներով են դիմավորել Հայաստանի նախագահին: Գուշակ կամ գրբաց լինել պետք չէր կատարվածը կանխատեսելու համար: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը միշտ էլ հեռու է եղել ցանկալի մակարդակից: ՀՀ անկախության հռչակումից հետո էլ Սփյուռքի իրական (կարծում եմ` նկատելի) ներուժը չի օգտագործվել ՀՀ շահերի տեսանկյունից: Այս ժամանակահատվածում Սփյուռքն ու հայկական լոբբին խորհրդավոր ընկալում ուներ: Խորհրդավոր` թե մեր, թե մեր թշնամիների ընկալումներում: 90-ականների սկզբին ժողովրդական պարզ ընկալումների մեջ ենթադրվում էր, որ կարոտաբաղձ Սփյուռքը քսակը ձեռքին գլխապատառ գցվելու է Հայրենիք ու շենացնելու է այն: Մեր այս պատկերացումներից սփյուռքահայերը վիրավորված էին: Նրանց կարծիքով՝ մենք` հայաստանցիներս, Սփյուռքին վերագրում էինք կթու կովի կարգավիճակ: Համատեղ տնտեսական ձեռնարկների մեկ-երկու վեհերոտ փորձերը ձախողվեցին: Նկատելի միակ արդյունքը «Հայաստան համահայկական հիմնադրամն» էր: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում Հայաստանի եւ Սփյուռքի շահերի համադրման ոլորտում էական հաջողություններ չարձանագրվեցին: Մենք` հայաստանցիներս, առաջնայինը ՀՀ շահն էինք համարում: Սփյուռքահայերը` Հայ դատը: Իսկ դրանք երբեմն տրամագծորեն հակասական շահեր էին: Հետեւաբար՝ Հայաստան-Սփյուռք համազգային համաձայնության ու միասնության պատկերացումները մնացին որպես տեսլական: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց այդ հարաբերությունները տեղափոխել իրեն խիստ բնորոշ` պրագմատիկ հարթություն: Սփյուռքին կոչ արվեց պրագմատիկ վերաբերմունք ցուցաբերել Հայաստանի նկատմամբ` ներդրումներ կատարել ու փող աշխատել պատմական հայրենիքում: Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած կառավարության առաջին վարչապետը` Արմեն Դարբինյանը, նույնիսկ նշեց, որ ինքը 3 մլն դոլարը գերազանցող ներդրումների երաշխավորն է: Նկատելի արդյունք չստացվեց: Որովհետեւ խիստ նկատելի էր արտերկրի հայ գործարարների ու հայաստանցիների տնտեսավարման որակները: Արդարության համար պիտի ասենք, որ սփյուռքահայ գործարարներից շատերը հայրենիքից հեռանում էին առանց բարձրաձայն բողոքի: Ի տարբերություն, ասենք, ռուսաստանցիների, ովքեր բացահայտ են բողոքում մեր իշխանավոր-գործարարների ագահությունից ու փայ մտնելու սովորությունից: Ռոբերտ Քոչարյանը Հայ դատը հայտարարեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից: Սփյուռքը ոգեւորված էր: Հետո կրկնակի ոգեւորվեց: Որովհետեւ ՀՀ-ում ընդունվեց օրենք` երկքաղաքացիության մասին: Հայաստանն այլեւս սփյուռքահայերի համար պատմական հայրենիք չէր: Այլ երկիր, որի գործերին կարելի է խառնվել: Խառնվել` որեւէ պարտականություն չունենալով այդ երկրի հանդեպ: Ճիշտ այն հայաստանցի քաղաքական, տնտեսական ու հասարակական գործիչների նման, ովքեր հայրենասիրությունից խոսելը փեշակ են դարձրել: Նախապես, իհարկե, սեփական զավակներին զինվորական ծառայությունից ազատելով կամ տաքուկ շտաբներում տեղավորելով: Սփյուռքի համար Հայաստանն այլեւս սեփական շահեր ունեցող պետություն չէր, այլ ամառանոցի պես մի բան: Կարելի է շարունակել ապրել, ծառայել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլուր: Կարելի է ապրել, աշխատել ու հարկեր մուծել այլ երկրներում եւ տարին մեկ այցելել Հայաստան: Այցելել, հանգստանալ ու խրատներ տալ աբորիգեններին: Խրատներ` հայրենիքը շենացնելու ու Հայ դատին զորավիգ լինելու: Հայաստանի քաղաքական ու տնտեսական շահը նրանց պակաս է հուզում: Հետեւաբար հայ-թուրքական հարաբերություններում ամեն մի տեղաշարժ նրանց կողմից ընկալվելու է որպես դավաճանություն: Իսկ որպես հպարտ երկքաղաքացի՝ նա իրեն կարող է թույլ տալ արգելել ՀՀ նախագահին պսակ դնել Եղեռնի զոհերի հուշարձանին: Փարիզում: Հաջորդ քայլը, երեւի, Երեւանում արգելելն է: Որովհետեւ մեր իշխանությունների թեթեւ ձեռքով Հայաստանը հպարտ քաղաքացիներ չունի: Հայաստանի տնտեսությունն իր քաղաքացիներին արժանապատիվ կյանքով ապրելու վաստակ չի ապահովում: Նման աշխատավարձեր չկան ոչ տեղացի, ոչ արտասահմանցի գործարարների սեփականություն հանդիսացող ձեռնարկություններում: 10 տարուց ավելի ՀՀ-ում բոլոր ընտրությունները կեղծվում են: Իշխանությունների ու օլիգարխների կամքը վեր է օրենքից: Հետեւաբար՝ ՀՀ քաղաքացիներս տեղ չունենք մեր սփյուռքահայ եղբայրներին ասելու, որ չխառնվեն մեր ներքին գործերին: Որ Հայաստանի խորհրդանիշ համարվող ՀՀ նախագահին չվիրավորեն: Որ դրա իրավունքը բացառապես ՀՀ քաղաքացիներինն է: Փաստորեն, մնում է արձանագրել, որ անցած մոտ 20 տարիների ընթացքում մեզ չհաջողվեց ներդաշնակեցնել Հայաստանի պետական ու Սփյուռքի ազգային շահերը: Փոխարենը հաջողվեց մեր հարաբերությունները տեղափոխել ցավոտ փուլ: Փուլ, որ կարող է Հայաստանն օտարել Սփյուռքից: