Ադրբեջան. Պետության անտուն զավակները

08/10/2009

Սաբինա ՎԱԳԻՖԳԶԻ
«Ազատություն» ռ/կ թղթակից, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից

«Նա ուզում էր նկարիչ դառնալ: Բայց հոր կամքով հովիվ դարձավ: Մի անգամ նա կընդհարվի գայլի հետ եւ կենաց ու մահու պայքարի կմտնի: Հաղթանակը կլինի նրանը: Որովհետեւ նա աստվածային էակ է…»

Ես առաջինն եմ, ում Ջորջը պատմեց ֆիլմի մասին, որտեղ նա նկարահանվել է: Նա ասում է, որ իր ստեղծած կերպարի հետ ինքը ոչ մի ընդհանրություն չունի: Դրա համար էլ ես խնդրում եմ՝ թողնի ֆիլմը ու պատմի իր մասին: Պարզվում է` միայն ֆիլմում նա ունի մայր, հայր, քույրեր: Իսկ կյանքում նա բոլորովին միայնակ է: Ու չի էլ վախենում մենությունից… Ջորջի հետ ծանոթացել եմ ոչ թե արտասահմանում, այլ` Բաքվում: 14-ամյա Ջորջ Գաֆարովն ապրում է N2 մանկատանը, որը գտնվում է Սուրախանին շրջանի Ենի Գյունեշլի ավանում: 7-րդ դասարանցի Ջորջը կերպարվեստի եւ դերասանության ընդունակություններ ունի. «Մանկատանը ընտրություն անցկացրին 13-14 տարեկան երեխաների միջեւ: Քանի որ ես լավ եմ նկարում, ընտրությունը կանգ առավ իմ վրա, եւ հենց ինձ վիճակվեց նկարահանվել «Աստվածային էակ» ֆիլմում…»: Ազատ ժամանակ Ջորջը սիրում է նայել ֆիլմեր: Նրա ամենասիրած ֆիլմը «Դաշնակահարն» է: Նրան դուր է գալիս, որ ֆիլմի հերոսը, մնալով մենակ, գլուխ է հանում դժոխային դժվարություններից. «Չնայած այստեղ ես ընկերներ ունեմ, միեւնույն է` ինձ միայնակ եմ զգում, որովհետեւ իմ կողքին չկան հարազատներ, ընտանիք»:

Բայց ամենից շատ Ջորջին, ինչպես նաեւ մանկատան մյուս երեխաներին, հուզում է իրենց ապագան: Ավելի կոնկրետ, թե որտեղ պիտի ապրեն հետագայում: Երեխաների իրավունքների պաշտպանության լիգայի ղեկավար Յուսիֆ Բեկիրովը ցավով նշում է, որ մանկատան երեխաներին չեն ծանոթացնում իրենց իրավունքներին: «Քանի որ դա չի հետաքրքրում Կրթության նախարարությանը: Ծնողազուրկ երեխաների պաշտպանության մասին օրենքի համաձայն` երեխաները գիշերօթիկ դպրոցն ավարտելուն պես պետք է ապահովվեն բնակատեղով եւ աշխատանքով: Չնայած այն բանին, որ գործադիր իշխանություններին այդ առումով տրված են ցուցումներ, մանկատան երեխաները ոչ բնակարան են ստանում, ոչ էլ` աշխատանք»,- նշում է Բեկիրովը:

Երեխաների իրավունքների կլինիկայի ղեկավար Նազիր Գուլիեւն ասում է` հարկավոր է ուժեղացնել երեխաների պաշտպանության համակարգը. «Պետք չէ հեռուն գնալ: Հարեւան Ռուսաստանում ու Թուրքիայում այդ ոլորտի օրենքները իրականում աշխատում են: Երեխաների համար թեժ գծերը, հասարակական աշխատանքները կազմակերպված են բարձր մակարդակի վրա: Այսօր շատ բաներում մենք պետք է օրինակ վերցնենք արտասահմանյան երկրների փորձից»: «Անհրաժեշտ է անհատական աշխատանք տանել խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի հետ: Հարկավոր է ուժեղացնել հոգաբարձության ինստիտուտը, մարդկանց ներգրավել խնամակալության մեջ: Ավելի արդյունավետ կլինի գումարներ հատկացնել ընդունող-ընտանիքներին, խնամակալներին, քան գիշերօթիկ դպրոցներին ու մանկատներին, որպեսզի այդ երեխաները հնարավորություն ունենան մեծանալ ընտանիքներում»,- հավելում է փորձագետը:

Գուլիեւը նույնպես կարծում է, որ երեխաներին մանկատներում պետք է բացատրեն իրենց իրավունքները, ինչը պետք է կարգադրել այդ հաստատությունների աշխատակիցներին. «Ամբողջ աշխարհում հասարակական աշխատողները այդ ուղղությամբ մեծ գործ են անում: Երեխաների իրավունքների կլինիկան լուսաբանման աշխատանքներ է իրականացրել տասը գիշերօթիկ դպրոցներում: Մենք ջանք ենք գործադրում պաշտպանել այն երեխաների իրավունքները, որոնք լքել են մանկատները: Սակայն մեր հնարավորությունները սահմանափակ են: Լավ կլիներ ձեւավորել երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ»,- նշում է Գուլիեւը: Նա հավելում է, որ երեխաների իրավունքների կլինիկան, «Մանկական ավան-SOS» կազմակերպությունը համատեղ մի շարք շատ նախագծեր են իրականացրել. «Ստեղծվել է պետական հոգածությունը լքած երեխաների «Վստահության ցանց»: Այդ ցանցը արդեն միավորում է 70 մարդ: Մենք աշխատում ենք երեխաների հետ, լուսաբանում նրանց իրավունքները»:

Ոլորտում գործում է նաեւ պետական երեխաներին պետական հաստատություններից ընտանիքներին հանձնելու, այլընտրանքային խնամակալության եւ դեինստիտուալիզացիայի 2006-2028թթ. ծրագիրը:

Ծրագրի կառավարման աշխատանքային խմբի ղեկավար Մալախաթ Հաջիեւան ասում է, որ ծրագրի շրջանակներում տեղական եւ UNISEF-ի միջազգային փորձագետների հետ միասին անց է կացվել մոնիտորինգ 55 մանկական հաստատություններում. «Պարզվել է, որ 55 մանկական հաստատություններում սովորում եւ դաստիարակվում են 14.389 երեխաներ: Նրանցից միայն 4055-ն են գիշերում այդ հաստատություններում, իսկ 696-ն ապրում են այդտեղ մշտական: 236 երեխաների մոտ գալիս են ծնողները կամ խնամակալները, սակայն նրանք չեն կարող իրենց հետ տուն տանել երեխաներին, քանի որ չունեն մշտական բնակության վայր»: Հաջիեւայի կարծիքով` երեխաները պետական մանկական հաստատություններում են հայտնվում, քանի որ գոյություն չունեն այլընտրանքային ծառայություններ: Մինչ այդ, առայժմ ծնողական հոգածությունից զրկված երեխաների մեծ մասի խնդիրը ապրելու տեղի բացակայությունն է: 19-ամյա Գյուլյարա Սեիդովան նույնպես բացառություն չէ: Նա Ջորջի հետ ապրում է նույն գիշերօթիկ դպրոցում: Այս տարի նա ավարտել է 9-րդ դասարանը. «Իմ կյանքի հիմնական նպատակը կարիք ունեցող մարդկանց օգնելն է: Իսկ առայժմ ես ուզում եմ ընդունվել տեխնիկում: Ինչպես նաեւ… Ինչպես նաեւ` ունենալ բնակարան»: Գյուլյարան արդեն հանձնել է փաստաթղթերը Սաբիրի անվան մանկավարժական տեխնիկում: Եվ հիմա անհամբերությամբ սպասում է ընդունելության քննություններին: Ասում է, եթե կարողանա ընդունվել, ապա գուցե պետությունը բնակարանով կապահովի: Իսկ եթե ո՞չ. «Այդ մասին ցանկություն էլ չկա մտածելու»: