Լեյլա ԼԵՅՍԱՆ
Անկախ լրագրող, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից
Հարցն այստեղ ոչ միայն վարորդների, այսպես կոչված, անփույթ ու անկանոն մեքենա վարելու մեջ է, այլեւ ուղեւորը երբեք չգիտի, թե ինչքան ուղեվարձ կպահանջի այս կամ այն վարորդը, եթե գինը նախօրոք չպայմանավորվի: Օրվա մութ ժամերին ուղեւորության գինը կարող է կրկնապատկվել, անգամ` եռապատկվել:
Որպես կանոն, այս իրավիճակից փրկում են մասնավոր ուղեփոխադրումներով զբաղվող վարորդները, ում հետ կարելի է ավելի էժան գին պայմանավորվել: Քաղաքի բոլոր բանուկ փողոցներում` ռեստորանների, սրճարանների ու սուպերմարկետների դիմաց շարվում են տարբեր մակնիշի ավտոմեքենաների` ծերացած «Մոսկվիչների» ու հեղինակավոր «Մերսեդեսների» հերթեր: Սակայն այս դեպքում ռիսկն ուղեւորինն է, քանի որ ղեկին կարող է լինել չափից դուրս, այսպես կոչված, «լոթի» վարորդ… Ուղեւորի կյանքի համար այդ դեպքում ոչ ոք պատասխանատվություն չի կրում:
Այս խնդիրների լուծման համար Տրանսպորտի նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի դեպարտամենտը սկսել է «Ներքաղաքային ուղեփոխադրումների ոլորտում անհատական ձեռնարկատիրության կանխարգելման միջոցառումների» իրագործումը:
Մասնավոր ավտոմեքենաները որպես տաքսի վարող վարորդներն ամենեւին հիացած չեն այդ միջոցառումներով, ինչպես, օրինակ, ուղեփոխադրումներով ապրուստ վաստակող, թոշակառու Շաքիր Սուլթանովը. «Ես արդեն 7 տարի տաքսիստ եմ աշխատում, եւ այդ ողջ ընթացքում վթարային ոչ մի իրավիճակ չի առաջացել: Փաստորեն, մեքենան ինձ համար մի կերպ գոյատեւելու իմ միակ միջոցն է: Չեմ կարող ասել, որ շատ եմ վաստակում, բայց ապրելուն բավարարում է: Ճիշտ է, վաստակած փողերի առյուծի բաժինը ծախսվում է վերանորոգման վրա, մեքենան շատ հեռու է նոր կոչվելուց: Եթե ինձ զրկեն փող վաստակելու նման հնարավորությունից, դա ահռելի հարված կհասցնի ինձ»:
Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նամիգ Հասանովի խոսքերով` Բաքվում տաքսիների քանակի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն չկա, մոտավոր տվյալներով` այդ թիվը հասնում է մոտ 25.000-ի: «Ուղեւորները պատկերացում անգամ չունեն, թե ով է իրենց սպասարկում, արդյո՞ք այդ անձը արհեստավարժ վարորդ է: Մենք պատրաստվում ենք վերականգնել պետական տաքսի ծառայությունների գործունեությունը: Այս պահին գործում են 40 նման ծառայություններ, հետագայում դրանց թիվը կհասնի 134-ի: Մասնավոր ընկերություններից շատերն էլ կաշխատեն, բայց նախարարության հետ համագործակցելու պայմանով»,- ասում է Հասանովը` հավելելով, որ այս միջոցառումներն ուղղված են տրանսպորտային խցանումների նվազեցմանն ու ուղեւորների անվտանգության ապահովմանը:
Ուղեվարձերի չֆիքսված չափի խնդիրը հաշվիչներ չկիրառելու հետ է կապված: Հասանովն էլ չի ժխտում, որ հաշվիչների տեղադրումը անհրաժեշտ միջոցառում է, սակայն այդ հարցը այնքան էլ արագ չի կարող լուծվել …
Բաքվի համար ոչ պակաս ցավագին թեմա են ավտոբուսները: Անգամ մաշված վթարային «Գազելների» փոխարինումը տարողունակ ավտոբուսներով ոչ մի կերպ չազդեց «տրանսպորտային իրավիճակի» վրա, ավելին` փոփոխությունները բացասական էին: Եթե չունես սեփական տրանսպորտային միջոց ու մետրոյի սիրահար չես, ստիպված ես, օրինակ, արեւի տապին մեկ ժամից ավելի բաղձալի ավտոբուսին սպասել: Նույն վիճակում է կանգառում ավելի քան 40 րոպե համբերատար իր ավտոբուսին սպասող ոչ երիտասարդ կինը:
«Չնայած նոր ավտոբուսները կրկնակի տարողունակ են, բայց երեք, չորս անգամ ավելի երկար ես սպասում: Այդ ընթացքում տարողունակ սրահ այնքան մարդ է լցվում, ասես` «տառեխները տակառի մեջ»: Այն մասին, թե որքանով են «հարմարավետ» նման ուղեփոխադրումները, նույնիսկ խոսել չարժե: Երբ ուղեւորների փոխադրումները իրականացնում էին միկրոավտոբուսները, իրավիճակը շատ ավելի լավ էր: Հիմա ես համարյա օրվա կեսը անց եմ կացնում ճանապարհներին»,- իր ցավերով է կիսվում նա:
Թեպետ միկրոավտոբուսների ստեղծած խցանումները վրդովեցնում էին, դրանք ամեն դեպքում շատերի համար դարձել էին սովորական ու հարմարավետ տրանսպորտ: Հատկապես դրանք գրավիչ էին նրանով, որ կարելի էր կանգնեցնել ձեռքի մի շարժումով, նույնիսկ այնպիսի տեղերում, որտեղ կանգառն արգելվում է:
Ու եթե այլ մեքենաների դիմացը կտրող ու հաճախորդին ընդառաջ սլացող «նրբագեղ գազելներին» արդեն համակերպվել էին, ապա ուղեւոր նստեցնելու համար հազիվ շրջադարձի մեջ տեղավորվող ու բանուկ փողոցի հենց մեջտեղում արգելակող հսկայական ավտոբուսին նայելը թույլ նյարդերով մարդու գործ չէ: Սրա պատճառը նաեւ քաղաքում նորմալ կանգառների բացակայությունն է, ինչը ճանապարհներին առաջացնում է տարերային «սպասման կետեր»: Իսկ ինչ-որ տեղերում հայտնված նորաստեղծ կանգառներն, ըստ երեւույթին, տեղադրվել են գեղագիտական նկատառումներից ելնելով, քանի որ ուղեւորների հարմարավետության հարցը տվյալ դեպքում հաշվի չի առնվել: