Ոչ մեկը պատրաստ չէ փոխզիջման

27/08/2005

Ըստ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, ղարաբաղյան հարցի կարգավորումը
հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով: Այսօր փոխզիջումների մասին
տարբեր ամբիոններից հայտարարում են նաեւ իշխանության ներկայացուցիչները,
ինչը սակայն, պրն Բագրատյանի կարծիքով, ուղղված է կոնկրետ անձանց: «Ինձ
համար գործնական փոխզիջում՝ նշանակում է՝ որոշակի աշխատանքների ծավալում
ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Վստահ եմ, որ այսօր ո՛չ
Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում ոչ ոք փոխզիջման պատրաստ չէ: Պատրաստ
լինել փոխզիջման, նշանակում է՝ երկու երկրներում էլ տեսանելի դարձնել
հասարակական գիտակցության ակտիվ նախապատրաստումը, ինչը ոչ Հայաստանում, ոչ
Ադրբեջանում չի արվում»,- վստահ է Հրանտ Բագրատյանը: Այս հայտարարությունը
նման է նրան, ինչ 2001 թ. քիվեսթյան բանակցություններից հետո ասում էին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այն է ՝ նախագահները սկզբունքային
համաձայնության են հասել, բայց պետք է լուծմանը նախապատրաստել
հասարակություններին: Արդյոք հակասություն չկա՞ դրա մեջ՝ եթե
իշխանությունները լեգիտիմ են, դա չի՞ նշանակում, որ նրանք
հասարակությունից որոշում կայացնելու մանդատ են ստացել: Մեր այս
դիտարկմանն ի պատասխան, պրն Բագրատյանն ասաց. «Այդքան էլ այդպես չէ: Գուցե
մենք վաղն ունենանք ավելի լեգիտիմ իշխանություն, բայց որն ավելի քիչ կխոսի
ղարաբաղյան հարցի մասին: Ոչ մեկն ընտրություններից առաջ չի հայտարարում,
որ ինքը ԼՂ հարցում կունենա փոխզիջումային տարբերակ: Գուցեեւ զարմանալի է
հնչում, բայց հնարավոր է, որ չընտրված կամ ոչ լեգիտիմ իշխանությունն ավելի
կառուցողական մոտեցում ցուցաբերի: Օրինակ՝ 2003թ. ընտրությունների ժամանակ
բոլոր թեկնածուները ԼՂ հարցում աքլորանում էին: Ես դատավոր չեմ եւ չգիտեմ,
թե 2003 թ. ընտրություններում ով է ընտրվել, չնայած մամուլում եղած
բազմաթիվ տեսակետներին: Սակայն իմ խորին համոզմամբ, եթե խնդրին նայում ենք
այսօրվա աչքերով, ապա ընտրվել է նա, ով կառավարում է: Այն պարզ պատճառով,
որ եթե բոլոր տեսակի մեխանիզմներով փաստացի ելքը դա է, եւ եթե
հասարակությունը դրա հետ հաշտվել է, ուրեմն դա նույնպես ընտրություն է»: