Լիլիթ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
«Հետք»-ի թղթակից, IWPR-ի Հարեւաններ նախագծի մասնակից
Թոշակառուները Հայաստանում ամենալավ մաթեմատիկոսներն են, քանի որ նրանք իրենց ստացած գումարը մեկ ամսվա ընթացքում խնայողաբար ծախսելու բարդ հաշվարկներ են անում:
46 տարվա ամուսիններ 71-ամյա Արամայիս Մարտիրոսյանն ու 62-ամյա Անահիտ Հարությունյանը ստիպված են իրենց ամսական համատեղ 53.000 դրամ թոշակը այնպես բաշխել ամսվա օրերին, որ ամսվա վերջում քաղցած չմնան: Իրենց ծախսերը միայնակ հոգացող տարեց թոշակառուները շատ են դժվարանում: Միակ ամենօրյա սնունդը, որ գնում են, երկու հացն է (120-150 դրամ, որի համար նրանք ամսվա ընթացքում 9000 դրամ են ծախսում:
Միս, որի 1 կիլոգրամն արժե միջինը 1500 դրամ, նրանք կարողանում են գնել միայն ամսվա վերջին` եթե գումար են խնայում:
Սննդին ամուսինները հատկացնում են Անահիտի 18.000 դրամ թոշակը. մոտավորապես 5000 դրամ ծախսում են ձավարեղենի, մակարոնեղենի, շաքարավազի, սուրճ ու թեյի վրա, մնացածին ամսվա ընթացքում մի քանի կիլոգրամ միրգ ու բանջարեղեն են կարողանում գնել:
Ամսական 9000 դրամի էլ դեղ են գնում: Թեպետ Անահիտին տրված է դեղերից անվճար օգտվելու հնարավորություն, նրան երբեք չի հաջողվում այդ դեղերը ստանալ. «Երբ գնում եմ Էրեբունի բժշկական կենտրոն, որ դեղ վերցնեմ, միշտ կամ վերջացած է լինում, կամ շուտ եմ գնացած լինում, կամ ուշ, ու նման հազար պատճառաբանություններ: Էլ չեմ գնում»:
Ամսական 20.000 դրամ (մոտ 54 դոլար) էլ կոմունալ վարձերն են կազմում: Ձմեռները գազի, լույսի, ջրի եւ հեռախոսի վարձերի ընդհանուր գումարը հասնում է մինչեւ 27.000 դրամի (մոտ 72 դոլար):
Այսպիսով, ղեղերի ու կոմունալ վարձերի համար է գրեթե ամբողջությամբ ծախսվում Արամայիսի թոշակը:
Նա 50 տարվա աշխատանքային ստաժ ունի, սակայն, այսօր իր 35.000 դրամ (մոտ 95 դոլար) թոշակով չգիտի՝ կոմունալ վարձե՞րը վճարի, կնոջ ու իր դեղե՞րը գնի, թե՞ իր աչքի եւ քթի վիրահատությունն անի:
Արամայիսը 2 տարի առաջ աչքի անհաջող վիրահատություն է տարել, այժմ աչքը ամբողջովին բորբոքվել է, իսկ քթի պոլիպները խանգարում են ազատ շնչել. «Գիշերները խեղդվում եմ, չեմ կարողանում շնչել, էն ժամանակ ջահել էի, բանի տեղ չէի դնում, բայց հիմա ահավոր ա»: Այդ երկու վիրահատությունը միասին Արամայիսին կարժենա մոտ 300.000 դրամ (մոտ 800 դոլար):
Սակայն, հաճախ, երբ Անահիտի ճնշումը կտրուկ բարձրանում է, եւ նրան անհրաժեշտ է լինում բժշկի օգնությունը, միայնակ թոշակառուները չեն կարողանում անգամ շտապօգնության կանչի համար վճարել:
2008-ի տարեվերջի պաշտոնական տվյալներով` Հայաստանում Անահիտի ու Արամայիսի նման 325.000 տարիքային կենսաթոշակառու կա, որոնցից շատերն ավելի վատ են ապրում, քան այս ամուսինները:
Վերջին տարիներին թոշակների չափն ամեն տարի ավելանում է: 2000թ. կենսաթոշակների միջին գումարը 4473 դրամ էր (այն ժամանակվա կուրսով` մոտ 10 դոլար): 2007-ին այդ գումարը կազմում էր 12.746 դրամ (այն ժամանակվա կուրսով` մոտ 40 դոլար), իսկ արդեն 2008թ. համարյա կրկնապատիկը` 21.370 դրամ (ներկա կուրսով` մոտ 60 դոլար):
Այնուամենայնիվ, ամեն տարի ավելացող թոշակներին զուգահեռ՝ բարձրանում է ամեն ինչի գինը, այդ իսկ պատճառով թոշակառուները չեն հասցնում գոհանալ կառավարության կողմից արված կենսաթոշակների բարձրացումներից:
«Ա՛յ ցավդ տանեմ, թոշակս բարձրացնում են 2000 դրամով, բայց ամեն ինչն էլ կրկնակի բարձրացնում են: Էն օրն ասում եմ, թե ինչի՞ ենք լույսը սկսել շատ մուծել, հետո հիշեցի, որ 25 դրամից դարձրել են 30 դրամ (6 ցենտից 8 ցենտ 1 կՎտ-ի համար): Ջուրն էլ թանկացավ, գազը հես ա էլի կթանկանա: Էլ թոշակառուն ի՞նչ անի»,- զայրանում է Արամայիսը:
Չնայած դժվար են ապրում, թոշակառուները փորձում են երբեք բեռ չլինել երեխաների համար: Նրանց ամուսնացած երկու աղջիկները իրենց երեխաների վարձերն են դժվարությամբ հոգում, իսկ ծնողներին օգնում են, ինչպես Արամայիսն է ասում, «ճարները եղածի չափով»: Արդեն 10 տարի Սիբիրում աշխատող նրանց որդին էլ տնտեսական ճգնաժամի պատճառով չի կարողանում օգնել ծնողներին:
«Մենք շատ բաներից ենք մեզ զրկում, գիտենք` եթե էսօր մի քիչ ավելին թույլ տանք, վաղը սոված կմնանք: Բայց ախր մինչեւ ե՞րբ պիտի սենց ապրենք: Մենք մեր կյանքի լավագույն տարիներին աշխատել ենք մեր պետության համար, բա հիմա սենց վիճակի պիտի լինե՞նք»,- ամուսնու զայրույթն է կիսում Անահիտը: