Ադրբեջան. Հոգեբանական ինքնագործունեություն

08/10/2009

Նիգյար ՄՈՒՍԱԵՎԱ
Անկախ լրագրող, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից

Այսօր Ադրբեջանում միանշանակ չեն վերաբերվում հոգեվերլուծաբաններին: Մասնագետի մոտ սեփական ներքին խնդիրներով գալը մի կողմից՝ նորաձեւ է դարձել, մյուս կողմից՝ դեռեւս մեծ անվստահություն կա: «Թրենդ» տեղեկատվական գործակալության հարցման համաձայն` հարցվածների 35 տոկոսը հոգեբանների մոտ գնալը Արեւմուտքից եկած նոր գաղափարամիտություն է համարում, 31 տոկոսի կարծիքով` դա հարկավոր է անել պարբերաբար, ինչպես ատամնաբույժի մոտ հաճախելը, իսկ 17 տոկոսի համոզմամբ` հոգեբանները հարկավոր են միայն ծայրահեղ դեպքերում: Իսկ Բաքվում շատ են մարդիկ, ովքեր առաջարկում են նույնիսկ ամենաբարդ հանգուցալուծումների ծառայություններ: Որպես կանոն, հաճախորդները նրանց վրա «դուրս են գալիս» ընկերների կամ ծանոթների խորհրդով:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, գործող հոգեբան-խորհրդատու Ջավադ Էֆենդին պնդում է, որ այդ «հոգու ամոքիչների» մեծամասնությունը բացարձակապես իրազեկ չեն այն բանից, ինչով զբաղվում են, ու համաշխարհային չափորոշիչներով` նույնիսկ իրավունք չունեն զբաղվել նման գործունեությամբ: «Այս պահին Ադրբեջանում հոգեբանական խորհրդատվությունը եւ հոգեբուժությունը գտնվում են ինքնագործունեության մակարդակի վրա: Դրանով զբաղվում է ով ասես, չունենալով ոչ մի հմտություն, կրթություն, փորձ… Այնինչ դա շատ կարեւոր եւ բարդ ոլորտ է, որտեղ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ սիրողական մակարդակ: Հետեւանքները կարող են լինել շատ աղետալի»,- համոզված է Էֆենդին:

22-ամյա Բահար Ալիեւան ընկերոջ հետ հարաբերություններից ծագած խնդիրների պատճառով դիմել էր հոգեբանի: Աղջկան անընդհատ թվում էր` սիրելին «սառել է» իր հանդեպ, չի հատկացնում բավական ժամանակ եւ ցանկացած պահի կարող է հեռանալ: «Կարծում եմ, որ դա իրոք ինձ որոշակի օգուտ բերեց: Չէ՞ որ միշտ օգտակար է լսել մասնագետի կարծիքն այն մասին, թե ի՞նչ խնդիրներ ունես, եւ ինչի՞ կարող է դա հանգեցնել: Իսկ ամենակարեւորը, դա օգնեց ինձ հասկանալ, որ իմ բոլոր տանջանքների պատճառը իմ ոչ ճիշտ ընկալումն է, այլ ոչ թե ընկերոջս իրական վարքը»:

Ուսանողուհին այցելել է հոգեբանին 6 անգամ`մինչեւ վերջացել են փողերը: Իսկ որոշ ժամանակ անց դրական տեղաշարժերը օծանելիքի բույրի պես հօդս են ցնդել, ու նրան նորից սկսել են տանջել նույն կասկածներն ու մտավախությունները: Բահարը կարծում է, որ լիարժեք արդյունքի համար հարկավոր էր երկարատեւ բուժում, բայց Էֆենդին նշում է, որ դա այդպես չէ` լավ հոգեբանը կարող է լուծել խնդիրը նույնիսկ մեկ այցելությունով: Բժիշկը համոզված է` Ադրբեջանում հոգեբանների մեծամասնության խորհրդատվական ծառայությունների գները`ժամը մոտ 30 դոլար, ծիծաղելի ցածր են, այնպես որ, նման փողերի դիմաց հնարավոր չէ ստանալ որակ: Այսօր Ադրբեջանում գոյություն չունի հոգեբան-խորհրդատուների ու հոգեբույժների գործունեությունը կարգավորող ու հսկող օրենք, այսինքն` աշխատելու համար հոգեբանին պարտադիր չէ անգամ համապատասխան կրթություն ու արտոնագիր ունենալ: Բավական է ինքդ քեզ հոգաբան անվանես, գրասենյակ բացես կամ վերակահավորես բնակարանիդ մի սենյակը որպես աշխատասենյակ, գովազդես ինքդ քեզ ու սպասես հաճախորդների… Մինչդեռ Արեւմուտքում հոգեբանական խորհրդատվություն իրականացնելու կամ հոգեբուժությամբ զբաղվելու համար կրթություն, փորձ ու արտոնագիր է հարկավոր:

25-ամյա Վաֆա Մամեդովային նույնպես հոգեբանի մոտ բերել էին անձնական խնդիրները: Ծանոթները խորհուրդ էին տվել դիմել կոնկրետ մասնագետի, իսկ Վաֆան չէր էլ պարզել մասնագիտական պատրաստվածության աստիճանը, վկայականի առկայությունը եւ այլն: Ինքնահռչակ հոգեբանը երիտասարդ աղջկան ասել էր, որ բազմաթիվ տարատեսակ հավաստագրեր ունի դասընթացներ ու սեմինարներ անցնելու մասին: Առաջին խորհրդատվության ժամանակ նա Վաֆային փորձել էր գիտական տեսանկյունից բացատրել նրա խնդիրների պատճառը եւ մատնացույց արել դրանց կարգավորման ենթադրյալ ուղիները: «Այդ ամենը շատ հետաքրքիր էր լսել, բայց չի կարելի ասել, որ դա ինչ-որ մի իրական արդյունք բերեց,- հիշում է Վաֆան: -Անկեղծ ասած, ես շատ ավելին էի սպասում: Իմ խնդիրը այդ պահին այդպես էլ մնաց չլուծված: Հիմա իրոք ամեն ինչ որոշ առումով փոխվել է, բայց դա ավելի շուտ՝ ժամանակի ու հանգամանքների ազդեցության ներքո, ինչպես նաեւ ես ինքս էլ որոշ բաներ հասկացա»: