Ադրբեջան.Բաքվի ոչ փոխադրելի հաշմանդամները

08/10/2009

Սամիրա ՀԱՍԱՆԼԻ
Բաքվի պետական համալսարանի ուսանողուհի, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից

Բաքվի Խաթաինյան շրջանի Ահմեդլի ավանում բնակվող երկրորդ կարգի հաշմանդամ, 51-ամյա Բայրամ Կազիմզադեն հազվադեպ է դուրս գալիս փողոց. «Տանից դուրս եմ գալիս ոչ հաճախ, շաբաթական երկու անգամ, բժշկի եմ գնում: Նաեւ ամռանը որդիս երբեմն տանում է այգի: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ նա թողնելով իր բոլոր գործերը, անընդհատ զբաղվում է ինձնով: Գոնե մեռնեի ու դադարեի բեռ լինել որդուս համար»: Բայրամը համոզված է` եթե քաղաքում հաշմանդամների համար ավտոբուսներ լինեին, ինքը միայնակ կկարողանար տեղաշարժվել եւ կազատեր որդուն հիմնական հոգսերից: «Նա ստիպված ինձ բժշկի է տանում տաքսիով: Իսկ տաքսիով տեղաշարժվելը բավականին թանկ է նստում»:

Տրանսպորտի նախարարության մամլո քարտուղար Նամիգ Հասանովի խոսքերով` նախարարությունը պլանավորում է երկիր ներմուծել հատուկ ավտոբուսներ` հաշմանդամների օգտագործման համար. «Սկզբնական փուլում մտածում ենք ամեն մի երթուղուն տրամադրել մեկական հաշմանդամային ավտոբուս, քանի որ դրա համար պետք կլինի շատ գումար: Իսկ հետո, եթե հատկացնեն գումարներ, հնարավոր կլինի այդ գործը զարգացնել»:

Ադրբեջանի Հաշմանդամների կազմակերպությունների միության ղեկավար Դավուդ Ռահիմովը դրական է գնահատում քաղաքը հաշմանդամների ավտոբուսներով ապահովելու ծրագիրը: «Այդ ավտոբուսներում հաշմանդամներն իրենց հարմարավետ կարող են զգալ` առանց բարդույթների, քանի որ բոլոր ուղեւորները կլինեն հաշմանդամներ: Սակայն ծագում է մի հոգեբանական խնդիր. հատուկ հաշմանդամների համար նախատեսված ավտոբուսները կխանգարեն նրանց ինտեգրմանը հասարակությանը: Չէ՞ որ նրանք հիվանդ չեն, ուղղակի հաշմանդամ են ու իրավունք ունեն օգտվել նույն այն տրանսպորտից, ինչպես հասարակության բոլոր անդամները»: Խնդրի լուծումն, ըստ Ռահիմովի, յուրաքանչյուր երթուղային ավտոբուսում թեքահարթակների տեղադրումն է. «Հաշմանդամները կարող են օգտվել նույն ավտոբուսներից, ինչպես հասարակության մնացած անդամները, եւ դա կօգնի նրանց ինտեգրմանը»: Բայրամին ուրախացրել էր լուրը քաղաք բերված թեքահարթակներով ավտոբուսների մասին: Սակայն ուրախությունը տեւել էր մինչեւ նոր ավտոբուսները տեսնելը: «Մենք որդուս հետ միասին որոշեցինք ման գալ այդ ավտոբուսով, բայց ավտոբուսի վարորդը հրաժարվեց բացել թեքահարթակը` ասելով` «այն ժամանակահատվածում, որը ես ստիպված պիտի ծախսեմ քո վրա, այնքա՜ն ուղեւոր կարելի է հավաքել ավտոբուս: Դու, ավելի լավ է, տաքսիով գնա, մի խանգարիր մեզ փող աշխատել»: Դրանից հետո ես նորից ինձ զգացի որպես ոչ պիտանի իր»,- ասում է Բայրամը: Հասանովի տեղեկացմամբ` վերջին 2 տարում քաղաք բերված 700 ավտոբուսներից միայն 72-ն են թեքահարթակով, դրանցից ոմանք` օդաճնշիչով (պնեւմատիկ). «Սեղմելով կոճակը` աջ կողմը բացվում է, եւ հաշմանդամը հանգիստ կարող է բարձրանալ ավտոբուս: Իսկ «ՄԱՆ» ավտոբուսներն ունեն հատուկ ելուստ, որով հաշմանդամը պարտավոր է բարձրանալ: Սակայն հարկավոր է, որ կանգառներում աշխատեն հատուկ հավաքատեղեր, որպեսզի այդ համակարգերը լիովին աշխատեն»: Փորձագետ Ռահիմովը հակառակն է պնդում. «Շատ ավտոբուսներում թեքահարթակները սարքին չեն: 20-րդ եւ 106-րդ երթուղիների ավտոբուսներում թեքահարթակներն անօգուտ են, որովհետեւ վարորդին հարկավոր է կես ժամ՝ դրանք բացելու համար: Եվրոպական երկրներում թեքահարթակներն աշխատում են ավտոմատ, եւ կոճակը սեղմելուց հետո վայրկյանների ընթացքում բացվում ու փակվում են»: 20-րդ երթուղու վարորդ Ջահանդար Սալիմովն ասում է` թեքահարթակները արդյունավետ չեն. «Քանի որ թեքահարթակները ավտոմատ չեն, մենք պետք է կորցնենք առնվազն 20 րոպե այն բանի վրա, որ բացենք ու փակենք դրանք: Դա նշանակում է, որ եթե մենք ամեն մի հաշմանդամի վրա կորցնենք այդքան ժամանակ, ապա ուղղակի ետ կմնանք գրաֆիկից»:

Երթուղիների ուղեւորներից շատերն էլ դեմ են օգտագործման համար ոչ պիտանի այդպիսի թեքահարթակներին: 41-ամյա ուղեւորուհի Ալիյա Սեիդովան ասում է, որ թեքահարթակները պետք է լինեն ավտոմատ. «Որովհետեւ հաշմանդամները չեն կարող օգտվել այս թեքահարթակներից: Մյուս կողմից՝ դա ժամանակի ահռելի կորուստ է: Ուրիշ մարդիկ շտապում են, յուրաքանչյուրը` որեւէ տեղ, դա նրանց նկատմամբ անհարգանք է: Իսկ ամենադժվարը հենց հաշմանդամի համար է: Նա, միեւնույն է, չի կարող ինքնուրույն օգտվել այդ թեքահարթակից, ինչ-որ մեկն անպայման պետք է օգնի նրան բարձրանալ ավտոբուս»: Հասանովն իր հերթին նշում է, որ արտասահմանից պատրաստի վիճակում ավտոմատ թեքահարթակներ գնելը շատ թանկ կարժենա: Այդ պատճառով ներկայում ձեռք են բերվում միայն հասարակ թեքահարթակներով ավտոբուսներ. «Այդ ավտոբուսների վրա մենք ծախսել ենք մոտ 10 միլիոն մանաթ (8 միլիոն դոլար): Բայց 2011-ի փետրվարին այդ խնդիրը կլուծվի, եւ կգործարկվեն ավտոմատ թեքահարթակները: Ցավոք, տվյալ ժամկետից շուտ այդ հարցը հնարավոր չի լինի լուծել»:

Իսկ Բայրամին մնում է միայն երազել այլ մարդկանց պես հասարակական տրանսպորտից օգտվելու մասին. «Ես ուզում եմ ազատ տեղաշարժվել»: