Մերի ՄԱՄՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից
Բարձրագույն կրթություն ստանալու համար մարզերից Երեւան եկած շատ ուսանողներ ստիպված են համատեղել աշխատանքը ուսման հետ, իսկ դիպլոմը ձեռք բերել` անքուն գիշերների հաշվին:
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից եկած Դավիթը մեկն է նրանցից, ով եւ աշխատում է, եւ սովորում. Երեւանի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողը իր սոցիալական կարիքները հոգում է մատուցող աշխատելով:
Դավթի հայրը մահացել է հինգ տարի առաջ, իսկ միայնակ մայրը չի կարողանում վճարել նրա ուսման վարձը: Մատուցողի աշխատավարձով Դավիթը ոչ միայն հոգում է իր առօրյա կարիքները, այլ վճարում է ուսման վարձը` տարեկան 180.000 դրամ (մոտ 470 դոլար): «Շատ եմ հոգնում: Պատկերացրու՝ մարդ ամբողջ գիշեր չքնի ու գնա լեկցիա գրի,- ասում է Դավիթը: -Պատահում է, որ դասերին հոգնածությունից քնում եմ»: Ասում է` ստիպված է անցել այս աշխատանքին` «գլուխը մի կերպ պահելու համար». «Քիչ տանջանք չեմ տեսել իմ կյանքում: Բայց թեկուզ մարդու կյանքը դառն է լինում, դա նրան շատ բան է սովորեցնում»: Սակայն պայմանագրով նախատեսված 12 ժամվա աշխատանքը չի թողնում Դավիթին լիարժեք սովորել, իսկ 2-րդ կուրսում նա նույնիսկ ստիպված էր ստացիոնարից փոխադրվել հեռակա ուսուցման: «Ես հանուն իմ վարձի եմ տեղափոխվել հեռակա ու սկսել աշխատել: Թե չէ ոչ մի ուսանողի էլ հաճելի չէ նման կյանքը»,- ասում է Դավիթը:
Այսօր Հայաստանի պետական բուհերում Դավիթի նման հեռակա ուսուցում ստացող ավելի քան 24.000 ուսանող կա:
Երեւանում, որտեղ կենտրոնացած է Հայաստանի բուհերի մեծ մասը, մարզերից եկած ուսանողների զգալի մասը բնակվում է վարձակալած բնակարաններում: Նվազագույն հարմարություններով ամենաէժան բնակարանը կարելի է վարձակալել մոտ 30.000 դրամով (մոտ 80 դոլար): Դավիթը նախընտրում է հանրակացարանը: Զեյթուն թաղամասի հանրակացարանում, որտեղ բնակվում է նա, ապրում է 300 ուսանող, բոլորն էլ՝ Հայաստանի տարբեր մարզերից: Դավիթի հանրակացարանային փոքր` 16 քմ սենյակում գոյատեւելու տարրական պայմաններ են. խոհանոցն ընդհանուր է, լոգարանը` վճարովի, կես ժամը` 500 դրամ (մոտ 1.3 դոլար). «Հանրակացարանում լավ չի, բայց ի՞նչ արած: 60.000 (մոտ 180 դոլար) տալիս եմ, ամբողջ տարին մնում: Պայմանները մի քիչ հաճելի չեն, համ էլ աղմուկ է լինում, բայց դե, գոնե ջուր, ջեռուցում իրանց կողմից է, ես էլ մենակ լույսի փողն եմ տալիս»,- ասում է Դավիթը` շեշտելով, որ աշխատում է խնայողաբար օգտագործել լույսը` տարվա ընթացքում մոտ 20.000 դրամի (մոտ 50 դոլար):
Նման պայմաններին չդիմանալու պատճառով էլ տարեցտարի քչանում է մարզերից մայրաքաղաքում սովորող ուսանողների թիվը` ասում է Երեւանի Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Նարեկ Մանթաշյանը: Նրա հավաստմամբ, մարզերից եկած ուսանողները բնակվելու տեղ չունենալու պատճառով չեն ընդունվում բարձրագույն հաստատություններ:
Դավիթը, սակայն, նաեւ դրական կողմերն է տեսնում. «Հանրակացարանի լավն այն է, որ ցանկացած կրթական նյութ կարող ես շատ շուտ ճարել: Այստեղ տարբեր բնագավառի սովորողներ կան, ցանկացած առարկայի գիրք կգտնեմ: Բացի այդ, քանի որ ուսանողները շատ են, շփումը մեծ է»:
Այս շփումի համար, սակայն, նա շատ ժամանակ չունի, հաճախ նույնիսկ դասերն է աշխատավայրում պատրաստում: Եվ չնայած շատ է ափսոսում, որ հեռակա է սովորում, նաեւ գիտակցում է, որ այլ ճանապարհ չկար: «Առաջ ամաչում էի իմ աշխատանքից եւ դժվարությամբ եմ հարմարվել: Ասում էի` իմ գործը չի,- ասում է ապագա կենսաբան Դավիթը: -Իսկ մանկավարժի գործը սիրում եմ, սակայն այժմյան պայմաններում դժվար է այդ մասնագիտությամբ աշխատել»:
Ուսումն ավարտելուց հետո նա ուզում է անգլերեն սովորել. «Դե, հիմա առանց անգլերեն իմանալու շատ դժվար է: Բայց որ լեզուն իմանամ, բարձրագույնի դիպլոմն էլ կունենամ, ավելի լավ գործ կգտնեմ, կյանքս ավելի լավ կդասավորվի»: