Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

08/10/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիվանագիտական զրույցը արվեստ է, նաեւ նուրբ հոգեբանական երեւույթ

Դիվանագիտական զրույցի հաջողությունը հաճախ կախված է առաջին տպավորությունից: Զրուցակիցը ընկալում է ձեզ, երբ դուք հայտնվում եք դռան շեմին: Դա կատարվում է քիմիական պրոցեսների շնորհիվ: Թերեւս այն միտքը, որ «առաջին տպավորություն թողնելու երկրորդ շանս չկա», այնքան էլ ճիշտ չէ, սակայն փաստ է, որ առաջին անբարենպաստ տպավորությունը շատ դժվար է փոխել: Երբ մարդը որոշակի կարծիք է կազմում մեկ ուրիշի վերաբերյալ, նա նախընտրում է անտեսել կամ մերժել ցանկացած նոր ինֆորմացիա, որը հակասում է իր սկզբնական եզրակացությանը: Մասնագետների կարծիքով՝ դիվանագիտական հաղորդակցությունում գոյություն ունի հոգեբանական ֆենոմեն` երեւույթ, որը նրանք անվանում են «եզրային գործոն»: Այդ ֆենոմենի էությունը կայանում է նրանում, որ ամենից լավ հիշվում է զրույցի առաջին եւ վերջին նախադասությունը: Խորհրդային մտացածին հետախույզ Շտիռլիցը օգտագործում է այս մեթոդը` հուսալով, որ գեստապոյի շեֆ Մյուլլերը հիշելու է իր վերջին նախադասությունը, ինչը եւ կփրկի իրեն կործանումից:

Փորձված դիվանագետները գիտեն, որ խնամքով պատրաստվելով զրույցին, պետք է ծանրութեթեւ անել յուրաքանչյուր նախադասությունը: Նրանց ծանոթ է, թե ինչ առավելություն ունի զրույցը սկսող կողմը, որը հմուտ լինելու դեպքում կարող է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը ու այն տանել իր համար բարենպաստ ուղղությամբ: Պատահական չէ, որ Թալեյրանն ասել է Նապոլեոնին. «…Ընդհանրապես, ես թույլ չեմ տալիս ոչ մեկին ինձ հարց տալ, բացառությամբ ձեզնից: Իսկ եթե ինձնից պահանջում են ինչ-որ բան, ուրեմն հենց ես եմ այդ հարցը հուշել»: Կարեւոր է նաեւ հանդիպման սկիզբը, որը անգլիախոսներն անվանում են «smal talk», իսկ ռուսները` «ռազմինկա», որի ընթացքում տեղի է ունենում հաղորդակցության եւ որոշակի հոգեբանական մթնոլորտի հաստատում, զրուցակիցների անհատական-անձնական եւ վարմունքահոգեբանական առանձնահատկությունների փոխադարձ պարզաբանում: Հայտնի հոգեբան Ալան Պիզի կարծիքով, զրուցակցի մասին տպավորության մոտավորապես 90 %-ը ձեւավորվում է շփման առաջին չորս րոպեներին, որոնց ընթացքում զրուցակիցը գնահատվում է գլխավորապես մարմնի շարժումների լեզվով: Հետո նոր միայն լսվում են խոսքի տոնը եւ ընկալվում նրա բովանդակությունը:

Զրույցը սկսելու համար մենք խորհուրդ ենք տալիս ընտրել երեք թեմա 1. «իրադրություն», 2. «զրուցակից», 3. «ձեր անձը»: Առաջին թեման «չեզոք» է: Այն կարող է վերաբերել տվյալ պահին, որում գտնվում եք դուք եւ ձեր զրուցակիցը, կամ եղանակին (անգլիացիների սիրած թեման), վերջին գեղարվեստական ցուցահանդեսին, մոդայիկ ներկայացմանը, սպորտային մրցումներին եւ այլն: Երկրորդ թեման ունի հոգեբանական նուրբ ծալքեր, որոնց բացատրությունը դիպուկ տալիս է Թոմաս Դյուին: Նա ասում է. «Մարդու էության գլխավորագույն պահանջը` իր կարեւորությունը զգալն է, այլոց կողմից իրեն ճանաչելը եւ ըստ արժանվույն գնահատված լինելը»: Անձի կարեւորությունը ավելի ուժեղ արտահայտված ֆիզիոլոգիական պահանջ է, քան քաղցի, սիրո եւ անվտանգության զգացողությունը, քանի որ սրանք անցողիկ են, իսկ անձի կարեւորության, նրա գնահատված լինելու զգացողությունը մշտական է: Բնավորության այս գիծը մեզ տարբերում է կենդանիներից: Այնպես որ, զրույցի ժամանակ ավելի շատ հարկ է խոսել դիմացինի մասին: Հետաքրքրվել նրա ընտանիքով, աշխատած երկրներով, գեղագիտական հետաքրքրություններով: Նշված տեսության երրորդ թեման է «ձեր անձը»: Քանի դեռ զրուցակիցը չի հարցրել ձեր եւ ձեր ընտանիքի, գործերի, հետաքրքրությունների մասին, նպատակահարմար է սպասել, հնարավորին չափ խուսափելով «ես», «իմ», «ինձ» դերանուններից եւ ավելի շատ օգտագործել «դուք», «ձեր», «ձեզ» դերանունները: Մի խոսքով, զրույցը մի ուղղեք դեպի ձեր «եսը», այլ աշխատեք, որ այն վերաբերի ավելի շատ զրուցակցին: Սա նուրբ պրոցես է եւ պահանջում է տակտի լավ զգացողություն: Այն խախտելու դեպքում, երբ դիմացինը զգա, որ դուք խուսափում եք ձեր մասին ինֆորմացիա տալուց եւ հետաքրքրվում եք զուտ իրենով, զրույցը կարող է մտնել փակուղի:

Իդեալական տարբերակ է, երբ զրուցակիցները ունեն նույն հոբբին:

Ալժիրում խորհրդային դեսպանության II քարտուղար, շնորհալի եւ հեռանկարային դիվանագետ Դմիտրի Գերասիմովը կրքոտ կոլեկցիոներ էր: Նրա հետաքրքրությունների շրջանակը լայն էր` դրոշմանիշներ, հին դրամաներ, փոստային բացիկներ, խաղալիք ավտոմեքենաներ: Մենք` նրա գործընկերները, հումորով էինք վերաբերվում այդ «թուլությանը», իսկ խաղալիքների հավաքածուն դարձել էր սրախոսությունների առարկա: Մինչդեռ Գերասիմովը ոչ միայն լրջորեն էր մոտենում այդ գործին, այլեւ դրա տակ փորձում էր դնել տեսական եւ դիվանագիտական բազիս, ապացուցելով, որ հոբբին հուսալի եւ անվրեպ միջոց է զրույցի համար: Նա պահում էր հատուկ քարտարան, որի մեջ իր բոլոր պոտենցիալ զրուցակիցների դիմաց նշում էր յուրաքանչյուրի հոբբին: Դա քրտնաջան-հետազոտական աշխատանք էր: Այս ճանապարհով նա հայտնաբերեց, որ ֆրանսիական դեսպանության քաղաքական հարցերով I քարտուղարը ունի խաղալիքների հարուստ կոլեկցիա, բայց ոչ թե ավտոմեքենաների, այլ` գնացքների: Այդ հողի վրա երկու դիվանագետների միջեւ հաստատվեցին լավ կապեր, իսկ արդյունքում Գերասիմովը իր կոլեկցիան սկսեց հարստացնել նաեւ խաղալիք գնացքներով:

Հեղինակի անձնական արխիվից

Զրույցի ընթացքը կախված է նաեւ հարցադրումների հաջողությունից: Հիմնականում գոյություն ունեն երկու տիպի հարցեր` փակ եւ բաց: Փակ են դիտվում այն հարցերը, որոնք հնչում են կտրուկ, երբեմն՝ ոչ շատ կոռեկտ, եւ ակնկալում են կոնկրետ պատասխան: Շատ հաճախ այն լինում է մեկ խոսքով «այո», «ոչ», սկսում է նմանվել հարցաքննության, եւ զրույցը ավարտվում է: Եթե դուք նպատակ եք դրել ստանալ կոնկրետ ինֆորմացիա, ապա իրավունք չունեք օգտվելու բաց հարցերից: Մինչդեռ բաց հարցը պահանջում է բացատրություն, զրուցակցի տեսակետի շարադրանք, որը նշանակում է զրույցի շարունակություն: Այս կարգի հարցեր տվողը համարվում է հետաքրքիր, անկեղծ, ուշադիր զրուցակից: Բաց հարցերի համար կարելի է օգտագործել «ինչպե՞ս…», «դուք ի՞նչ եք մտածում…», «պատմեք խնդրեմ…», «ինչո՞ւ համար…» եւ նման բառակապակցություններ, դրանցով իսկ սկսելով նախադասությունը: Բաց հարցերի դեպքում կարելի է օգտվել այսպես կոչված «կամրջակներից»: Որպես «կամրջակներ» կարող են ծառայել «եւ այսպես…», «նշանակում է…», «միթե՞…», «չի կարող պատահել…», «ի՞նչ եք ասում…», «եւ դո՞ւք այդ ժամանակ…», «այսինքն, դուք ուզում եք ասե՞լ…» եւ նման, առանձին իմաստ չկրող բառակապակցությունները, որոնք անգամ ուրբաթախոսներին կարող են խոսեցնել: «Կամրջակների» արդյունավետության համար խորհուրդ է տրվում օգտվել երկու փորձված ֆիզիկական միջոցից. ա) «կամրջակը» արտաբերելիս մի փոքր թեքվեք առաջ եւ բացեք ձեռքի ափերը, բ) ընդունեք նախնական դիրքը եւ հետո լռեք: Այս երկու ժեստերը` առաջ թեքվելը եւ ձեռքի ափերը բանալը, ցուցադրում են, որ դուք «բաց» եք եւ բարյացակամ, իսկ պաուզան հուշում է զրուցակցին, որ խոսելու հերթը իրենն է, եւ դուք սպասում եք: «Գնդակը նրա դաշտում է», հաջորդ նախադասությունը պետք է նա ասի: Պահեք պաուզա, որը հաճախ հավիտենական է թվում, բայց կարողացեք դիմադրել խոսելու գայթակղությանը: Հիշեք Ալֆրեդ Նյումենի լռության մասին օրենքը. «Բոլորը գիտեն լեզուն պահել ատամների արանքում, բայց քչերը գիտեն, թե երբ պետք է դա անել»: Ընդհանրապես պաուզան հոգեբանական կարեւոր գործոն է, ինչպես անհատական հաղորդակցության, այնպես էլ հրապարակային ելույթների եւ ԶԼՄ-ների հետ աշխատելու ընթացքում:

Երբեք ավելի արագ մի խոսեք, քան խոսում է ձեր զրուցակիցը: Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մեկը խոսում է արագ, մյուսը սկսում է ճնշվել եւ տրամադրվում է բացասական: Մարդու խոսքի արագությունը համապատասխանում է նրա ուղեղի կողմից գիտակցված ինֆորմացիայի վերլուծության արագությանը: Ի դեպ, ձայնի տեմպը ավելի կարեւոր է հեռախոսային խոսակցության ժամանակ, երբ ոչ վերբալ հաղորդակցությունը բացակայում է եւ ձայնը դառնում է հաղորդակցության միակ միջոցը:

Գոյություն ունեն այսպես կոչված «պարազիտ-բառեր» եւ արտահայտություններ, որոնք մատնում են զրուցակցի հուզմունքը եւ զգացմունքները, պակասեցնում են զրույցի օգտակարությունը, հարցականի տակ դնում հետագա հանդիպումների հավանականությունը: «Պարազիտ-բառերի» շարքին կարելի է դասել «այսպես ասած…», «դուք հասկանում եք ես ինչը նկատի ունեմ…», «հավատացնում եմ…», «իմ համեստ կարծիքով…», «ես կաշխատեմ…», «ինձ սխալ չհասկանաք…», «մեր մեջ ասած…» բառերը: Փորձված դիվանագետները իմանալով այդ վտանգը՝ խուսափում են դրանք օգտագործել: Ասվածը լավ ընկալելու համար պատկերացնենք հետեւյալ երկխոսությունը.

Ձեր խոսքերը

Ինչ է լսում կամ մտածում զրուցակիցը
Ազնիվ խոսք… հավատացեք…
անկեղծ ասած… Ստախոս, կեղծավոր
Ինձ սխալ մի հասկացեք…
Դու պատրաստվում ես ասել կամ անել ինչ-որ
բացասական բան
Ես չէի ցանկանա կոպիտ երեւալ….
Դու հենց այդպես էլ
ցանկանում ես, երեւալ:
«Չէի ցանկանա»

նախադասությանը սովորաբար հետեւում է իսկական կոպտությունը

Ամենայն հարգանքով

Դու անգամ չես պատրաստվում ինձ հարգել

«Պարազիտ-բառերը», ինչպես նաեւ սխալ եւ անտեղի օգտագործված բառերը կարող են միանգամայն աղավաղված իմաստ կրել ու պարզապես վնասել դիվանագիտական զրույցին, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այն վարվում է օտար լեզով, օտարերկրացու հետ, որը կրում է բոլորովին այլ կուլտուրա, ունի տարբեր հոգեբանություն եւ մենթալիտետ: Սխալ արտասանված բառը անհարմար վիճակ է ստեղծում անգամ հայաստանցու եւ սփյուռքահայի միջեւ, որի լեզվամտածողությունը տարբերվում է մերից: Արտասահմանի հայը ոչ մի կերպ չի կարողանում ընկալել, երբ «ինչպե՞ս եք» հարցին ստանում է «նորմալ եմ» կամ «ոչինչ» պատասխանը, իսկ երբ նրան հարց է ուղղվում` «ձեր ծնողները կենդանի՞ են», նա վիրավորվում է, թե ինչու պետք է նրանք կենդանի լինեն: Լինում են ավելի վատ դեպքեր:

Հերթական այցելության ժամանակ Կիպրոս հեռաձայնեցի բարեկամիս` կիպրական պառլամենտի դեպուտատ, ջերմ հայրենասեր Պետրոս Քայլաջյանին: Չպատասխանեց: Նույնը` հաջորդ օրը, եւ այսպես՝ մի քանի անգամ: Հեռաձայնեցի տղային` Տիգրանին: Նա տխուր ձայնով հայտնեց, որ հայրը ծանր վիճակում է, նրա մոտ հայտնաբերել են թոքերի քաղցկեղ եւ նա մեկնել է Անգլիա` բուժվելու հույսով: Անակնկալի եկած, ակամայից բացականչեցի` «լավ է՜»: Տղան կարգին վիրավորվեց, թե ի՞նչն է լավ, երբ հայրը մահանում է: Երկար բացատրեցի, որ սխալ հասկացավ ինձ, որ ասածս կնշանակի «ի՞նչ ես ասում…», «չի կարող պատահել» եւ ունի ցավակցական նյուանս` նրբերանգ, բայց կարծում եմ՝ այդպես էլ չկարողացա նրան համոզել:

Հեղինակի անձնական արխիվից

Դիվանագիտական հաղորդակցության արդյունավետության համար առաջարկվում է օգտվել այսպես կոչված «Հոմերոսի օրենքից», այսինքն՝ զրուցելիս փաստարկները դասավորել հետեւյալ կերպ. ուժեղ-միջին-ամենաուժեղ: Երբ այս շարքը խախտվում է, օրինակ` ամենաուժեղ կամ միջին փաստարկը դրվում է առջեւում, զրուցակցի մոտ առաջացնում է բացասական զգացողություն եւ դիմադրություն: Մինչդեռ, եթե ամենաուժեղ փաստարկը խաղարկվում է վերջում, արդյունքը միանգամայն հակառակն է լինում. դիմացինի հակազդեցությունը դրական է, զրույցը ընթանում եւ ավարտվում է հաջող: Իսկ Դեյլ Քարնեգին առաջարկում է «Սոկրատեսի գաղտնիքի» բանաձեւը, ըստ որի՝ խուսափել է պետք զրույցը սկսել այն կետից, որի շուրջ դիմացինի հետ ձեր կարծիքը չի համընկնում: Պետք է այնպես անել, որ նա հենց սկզբից համաձայնի ձեզ հետ եւ ասի՝ «այո»: Քարնեգիի կարծիքով՝ «ոչ»-ը առաջ է բերում հատուկ պրոցես, որի համաձայն՝ ողջ օրգանիզմը` ներքին սեկրեցիայի գեղձերը, նյարդային եւ մկանային համակարգերը, պատրաստվում են ցուցաբերել դիմադրություն: Զրուցակիցն ասես հեռանում է ձեզնից կամ պատրաստվում է դա անել: Նրա եւ՛ նյարդային, եւ՛ մկանային համակարգերն անցնում են պաշտպանության ու դիմադրության: Եվ հակառակը, երբ զրուցակիցն ասում է՝ «այո», նկարագրված հոգեբանական մեխանիզմները գործի չեն դրվում, օրգանիզմը պատրաստ է համագործակցության եւ համաձայնության: Հեշտացրեք ձեր զրուցակցի խնդիրը «այո» բառը արտասանելու գործում եւ անհարկի մի ստիպեք նրան՝ ասելու «ոչ»: Որքան զրուցակցին դրդեք շատ «այո» արտասանել հանդիպման սկզբում, այնքան բարձր է հավանականությունը, որ նրա ուշադրությունը ուղղված կլինի ձեր վերջնական առաջարկին: Թերեւս տեսական առումով այս տեսությունը գոյության իրավունք ունի, սակայն դիվանագիտական պրակտիկայում նկատվում է հակառակ երեւույթը եւս: Այսպես, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոն, օրինակ, իր ողջ գործունեության ընթացքում ավելի շատ արտասանել է «ոչ», քան «այո», որի համար արտասահմանում նրան անվանում էին Mister «Niet»։ Սակայն դժվար է ասել, որ Գրոմիկոյի առասպելական «ոչ»-ը պարտություններ էր բերում խորհրդային դիվանագիտությանը:

Սառը պատերազմի տարիների Մոսկվայի վարած քաղաքականությունը փաստում է այն իրողությունը, որ ուժի առաջ հաճախ ընկրկում են եւ դիվանագիտության, եւ հոգեբանության կանոններն ու տեսությունները:

Օգտաշատ է այն հանդիպումը, որը «առաջինն է», բայց «ոչ վերջինը», հետեւաբար՝ նպաստում է հաղորդակցության զարգացմանը եւ ճանապարհ հարթում հաջորդ հանդիպումների համար: Իսկ եթե զրույցը «տանուլ է տրված», ապա երկրորդ անգամ նույն զրուցակցի հետ շփվելու հավանականությունը հավասարվում է զրոյի: Ամեն հանդիպում ունի իր «ձեռագիրը» եւ փոփոխվող մոդելը: Այն պետք է լինի ճկուն, ոչ ստանդարտ, չկրկնվող, համապատասխանի տվյալ իրավիճակին ու քաղաքական իրադրությանը: Յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր զրույց դիվանագետի, մանավանդ՝ սկսնակ դիվանագետի պրոֆեսիոնալիզմի քննություն է, բարոյակամային հատկությունների, տեմպերամենտի եւ նյարդային համակարգի թեստ: Մի վախեցեք սիրալիր, բարեսիրտ եւ արձագանքող լինելուց, սակայն եղեք չափավոր հաճոյախոսություններ անելիս: Եթե սխալվել եք` խոստովանեք, եթե զրուցակիցն է ճիշտ` համաձայնեք: Խուսափեք ծեծված եւ դատարկ զրույցից. դուք ոչ միայն զուր ժամանակ կվատնեք, այլեւ կվաստակեք վատ համբավ: Ստեղծեք զրույցի ձեր սեփական ոճը եւ մշտապես կատարելագործեք այն: Եվ այս ամենը բնավ մի ընդունեք որպես դոգմա, վերջին ատյանի ճշմարտություն: Այդ կապակցությամբ ես կհիշեցնեմ ֆրանսիացի ականավոր դիվանագետ Ժյուկ Կամբոնի հետեւյալ խոսքերը: «Ոչ մի մասնագիտությունում չկա այնքան քիչ քարացած օրենքներ, որքան դիվանագիտության մեջ»:

Դիվանագիտական զրույցը իրոք արվեստ է, որը հղկվում է տարիների ընթացքում` քրտնաջան եւ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ: Այս գործում մեծ է ավագ եւ փորձառու դիվանագետների դերը, որոնք կոչված են օգնելու սկսնակ գործընկերներին՝ հաղորդակցության գաղտնիքներին եւ նրբություններին տիրապետելու ուղղությամբ: Իսկ որ երիտասարդ դիվանագետներն ունեն դրա կարիքը՝ մեկ անգամ եւս վկայում է ֆրանսիացի անվանի դիվանագետ Ժյուլ Կամբոն (1843-1924թթ.): «Որոշ սկսնակ դիվանագետների երկչոտությունը,- գրում է նա,- ընդունում է չափազանցված ձեւեր: Նրանք չարաշահում են իրենց զսպվածությունը, վախենում են ժպտալ, որպեսզի գաղտնիքներ չբացահայտեն: Նրանք չեն պատկերացնում, թե ինչպիսի թեթեւությամբ եւ ազատորեն էին զրուցում Թալեյրանը եւ իշխան Բիսմարկը: Մյուսները, ընդհակառակը, աշխատում են դուր գալ իրենց ընտանեվարությամբ: Նրանք երեւակայում են, թե անբռնազբոս են, մինչդեռ, իրականում, իրենց պահում են պարզապես անհամեստ, եւ ձգտում են ավելորդ անկեղծությամբ շահել գործընկերների վստահությունը: Իսկ սրանք` իրենց հերթին, չարաշահում են երիտասարդների միամտությունը, նենգորեն խրախուսում, որպեսզի օգտագործեն նրանց միամտությունը: Մինչդեռ զրույցի ընթացքում իրեն պահելու ունակությունը, որը էական նշանակություն ունի, գալիս է տարիների փորձից»:

Մասնագետների կողմից արված զրույցի տակտիկական ուսումնասիրությունների հիման վրա դիվանագետներին խորհուրդ է տրվում խուսափել.

– ուրիշներից փոխ առնված մեջբերումների, մեծերի թեւավոր խոսքերի, նեղ-պրոֆեսիոնալ տերմինների չարաշահումից: Նման դիվանագետները գործընկերների մոտ ունեն թույլ մասնագետի եւ «դուրսպրծուկի» համբավ: (Սա, ի դեպ, հայկական քաղաքական որոշ գործիչների սիրած ոճն է),

– քննադատությունից եւ խորհուրդ տալուց: Մեկնաբանվում է. «Դու քեզ դնում ես խելոքի տեղ եւ քեզ ինձնից բարձր ես դասում»:

– չափազանցված ցավակցական արտահայտություններից: Հարց է ծագում. «Ուզում ես ընդգծել, որ քո դիրքերն ավելի՞ ուժեղ են, իսկ դիմացինինը թո՞ւյլ, եւ նա խոցելի՞ է»:

– վերին աստիճանի, ընդգծված քաղաքավարի երեւալու ձգտումից: Տպավորությունը. «Դու լավ ծանոթ չես արարողակարգի կանոններին եւ ցանկանում ես հեռու մնալ զրուցակցից»:

– զրույցի ընթացքում կրկնվող ներողություններից եւ ինքնարդարացումից: Հետեւանքը. «Դու կարող ես թողնել թերարժեքության բարդույթով տառապողի տպավորություն»: