Նկարիչ Գրիգոր Խաչատրյանը Հայաստանում հիմնել է «Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոն», որտեղ տարբեր գրասենյակներ են գործելու եւ փորձ է արվելու հասկանալ ու ուսումնասիրել քաղաքական պրոցեսներն ու բնակլիմայական փոփոխությունները, որպեսզի հետագայում հնարավոր լինի դրանք պլանավորել: Սյուրռեալիզմը առաջ էր քաշել «օբյեկտիվ պատահար» տերմինը, որն էլ ըստ Գ.Խաչատրյանի` հարկավոր է որ միայն ընդունել, այլեւ ավելի հեռու գնալով` պլանավորել: Նա վստահ է, որ պատահականությունն ամենաազատ երեւույթն է մեր կյանքում, եւ եթե մենք սովորենք պլանավորել պատահական իրադարձությունները, ապա կմոտենանք ազատ ապրելակերպին: «Եթե հասկանում ես պատահականության գաղտնիքն, ապա այն արդեն պատահական համարվել չի կարող: Ես դրանց գաղտնիքը հասկացել եմ»,- ասում է նկարիչը, ով այդ թեմայով մի քանի կոնցեպտուալ գեղանկարչական աշխատանքներ է ստեղծել: Սյուրռեալիստները համարում էին, որ արվեստագետների 2 տեսակ կա, մեկը փորձում է աշխարհի երեսին տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնել, իսկ մյուսը` միշտ ձգտում է փայփայել իր անպատասխանատվությունը: Գ.Խաչատրյանը որոշել է պատասխանատվությունից չխուսափել ու ամեն մի պատահարի բարոյա-փիլիսոփայական պատասխանատվությունն իր վրա վերցնել: