Սկսենք սիրել թշնամու ճկույթը

08/10/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Ֆիլիպ Ժանտի» ֆրանսիական թատերախումբը Երեւանյան «Հայֆեստ» թատերական փառատոնի ամենասպասված հյուրն էր: Թատրոնը ներկայացրեց իր կամերային սինթետիկ ներկայացումը, որը կոչվում էր «Զիգմունդ Ֆոլի» (թարգմանաբար` Զիգմունդի հնարքները կամ խելահեղությունը):

Հասկանալի է, որ ամենահայտնի Զիգմունդը դա Ֆրեյդն է, իսկ նրա բացահայտված հոգեբանական հնարքներն այնքան անսպառ են, որ հանգիստ կարող են թատրոն դառնալ: Ֆրանսիացիները հայ հանդիսատեսին առաջարկեցին արկածներով ու ասոցիացիաներով լի մի ճամփորդություն կատարել դեպի մարդկային ներաշխարհ: «Զիգմունդ Ֆոլի» ներկայացումը գործի է դնում ամեն ինչը` խոսքը, մատները, իրերն ու վիդեոնկարահանումները, լուսային էֆեկտներն ու մանր-մունր դեկորացիաները:

Զիգմունդ Ֆրեյդը պնդում էր, որ բոլոր մարդկային բարդույթները սկիզբ են առնում մանկությունից, եւ 20-րդ դարի ամենահայտնի տիկնիկային վարպետ Ֆիլիպ Ժանտին բարդույթներից բուժվելու դեղատոմսը նույնպես մանկական խաղալիքների ու խաղի մեջ է տեսնում: Ի՞նչ կարող է անել մարդը, եթե օրերից մի օր արթնանալով՝ տեսնում է, որ իր մարմնի տարբեր մասերը որոշել են անջատ կյանքով ապրել: Ձախ ձեռքն, օրինակ, չի ենթարկվում ուղեղին ու ինքնակամ կարդում է նամակները, որոշում է ատրճանակ վերցնել ու կրակել: Իսկ երբ նրան հրամայում են հանգիստ մնալ, նա հայտարարում է, որ քանի որ իր տերը ձախլիկ է, ուրեմն նա արդեն ոչ թե ձախ, այլ աջ ձեռքի կարգավիճակում է: Ձեռքը ազատվում է տիրոջից, հետո նույնը փորձում է անել գլուխը: Ընդհանրապես, երբ մարդկային գլուխը փախչելու սովորություն է ունենում, նրան պետք է փակի տակ պահել, օրինակ, դնել արկղի մեջ: Եվ երբ բջջային հեռախոսով դերասանին զանգում է իր մայրիկը, նա պատասխանում է` ոչ, մամա, ես գլուխս չեմ կորցրել, ընդհակառակը` ես այն ապահով պահել եմ, հետո այն տեղը կդնեմ ու Երեւանում իմ պատմությունը կպատմեմ:

2 դերասանով, 4 ձեռքով, 20 մատներով ու 1 տոննա բուտաֆորիայով պատմված պատմությունը լի էր ֆանտասմագորիկ ասոցիացիաներով. ոստիկանը կերպարանափոխվում է մկրատի ու անջատում է լույսը, սկսվում է մարտաֆիլմերին հատուկ հետապնդումը, որը տեղափոխվում է նաեւ լրատվական դաշտ:

Կան նաեւ էրոտիկ երազանքներ, որոնք ավարտվում են այն պահին, երբ կանացի կրծքերը վերածվում է գիշատիչ ծաղկի ու հայտնվում է «Հայրիկ» պիտակն ունեցող հսկայական գլուխը, որին հերոսը փորձում է այրել (Էդիպյան բարդույթի պարոդիայի համաձայն): Հերոսը հասկանում է, որ պետք է ազատվի իր բոլոր հիշողություններից, որպեսզի կարողանա «հիշողության անցքով» անցնել ու վերագտնել իր ամբողջությունը: Հատուկ ծառայությունները նրան փոքրացնում են, եւ նա սուզանավ-զուգարանակոնքով ուղեւորվում է դեպի չիրականացված երազանքների կղզի:

«Զիգմունդ Ֆոլի» ներկայացման հիմքում բառախաղն է, պարադոքսալ ու ծիծաղելի տեքստը, որը, սակայն, հասու չէր հայ հանդիսատեսին: «Հայֆեստը» ընդամենը մի քանի հիմնական դրվագների տեքստ էր թարգմանել ու ցուցադրել բեմի վրա դրված էկրանին, ինչի արդյունքում կորել էր ներկայացման «համն ու հոտը» (այլ երկրներում սույն ներկայացումը սովորաբար ցուցադրվում է սինքրոն թարգմանությամբ): Դերասան Էրիկ դե Սարիան նկատեց, որ տեքստը ներկայացման մեջ կարեւոր դեր է խաղում, եւ պետք է իսկական վարպետ-թարգմանիչ լինել, կարողանալու համար այն վերծանել: Ներկայացման մեջ շատ բան է կոդավորված: Օրինակ, կա ձեռք-նախարար, որի բերանը ափի մեջ է, քանի որ նախարարի պարտականությունները միշտ էլ «մատից ծծած» բառեր ասելու մեջ է: Կա նաեւ հատուկ բաժանմունք, որը հուշերի ընդունում-հանձնումն է կատարում, մաքսավորներն էլ հսկում են, որպեսզի մաքսանենգ ճանապարհով հիշողության թել անգամ չանցկացվի:

«Զիգմունդ Ֆոլին» միացրել էր հոգեանալիզը, քաղաքական ենթատեքստն ու ֆրանսիական գրական ավանդույթները, որոնցից մեծ մասը չէր ընկալվում լեզվի չիմացության պատճառով (օրինակ` «կորուսյալ ժամանակի» կամ «պարբերաբար տեղի ունեցող Եվրոպայի մայրամուտի», հայտնի գրական ստեղծագործությունների ու հեղինակների անունների հետ կապ կալամբուրները բնավ չէին կռահվի, եթե ֆրանսերեն լեզուն չիմանայիր): Իսկ մանկական շուտասելուկներն ու գրական ցիտատները հասկանալու համար հաստատ պետք էր ֆրանսիացի լինել: Էրիկ դե Սարիան նկատեց, որ եթե նույնիսկ տեքստը չէր հասկացվում, հանդիսատեսը կարող էր ազատության ու անկախության մետաֆորան կռահել: «Ցանկացած շփման մեջ, նույնիսկ, եթե այդ շփումը հենց քո մարմնի մասերի հետ է, կարեւորը հումորն է: Ի՞նչ կարող ենք անել հանկարծ տարբեր կյանքով ապրելու որոշում կայացրած ու իրար թշնամիներ դարձած մեր մարմնի մասերի հետ: Կարող ենք նրանց հետ ընդհանուր լեզու գտնել, եւ մեր ներկայացումը մեծ հաշվով այն մասին է, որ հարկավոր է մարմնի հետ ընկերանալ»:

Մարդու ձեռքերից մեկը հարցնում է մյուսին. «Ինչպե՞ս կարող եմ մերձավորիս սիրել այնպես, ինչպես ինքս ինձ, եթե իրականում ատում եմ ինձ»: Պատասխան չկա, պատասխանը ենթադրվում է` եթե քեզ ատում ես, սկսիր սիրել գոնե քո ձախ ձեռքի ճկույթը: Ամեն բան հենց ճկույթի չափ ունեցող բաներից է սկիզբ առնում:

«Զիգմունդ Ֆոլին» երկարակյաց ներկայացում է, այն բեմադրվել է 1983-ին, այնուհետեւ վերաբեմադրվել է 2000-ին: Ֆիլիպ Ժանտին վստահ է, որ տիկնիկը ստեղծվել է այն պահին, երբ մարդը անկախության պահանջ է ունեցել: Իսկ երբ տիկնիկ են դառնում մատները, մարդն արդեն 20 տիկնիկների օգնություն է ստանում:

Ֆ. Ժանտիի թատրոնը Երեւանում մատների (տիկնիկների) վիրտուոզ տիրապետում ցուցադրեց: Կերպարները, ձայնային, ստվերային ու պատկերային ուղեկցությունը այնքան արագ ու զվարճալի տեմպ ունեին, որ եթե նույնիսկ տեքստը փախչում էր, ապա մնում էր ծիծաղը: Շատ ուրախ էր: