Բեմադրությունը սկսվում է

06/10/2009

Այսօր 8-9 կուսակցություններ հանդես են գալու համատեղ հայտարարությամբ` դեմ արտահայտվելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաստորագրված 2 արձանագրություններին: Հայտարարության հեղինակները պահանջելու են այդ փաստաթղթերից հանել պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու, փոխադարձ սահմանները ճանաչելու եւ մի քանի այլ դրույթներ: Այդ կուսակցությունները նաեւ հայտարարելու են, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցի կարգավորման` իրենց կողմից ոչ ընդունելի զարգացումների դեմ պայքարում համագործակցելու են: Մեր տեղեկություններով՝ այդ հայտարարության տակ արդեն ստորագրել են ՀՅԴ-ն, Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունը», ՆԺԿ-ն, ՌԱԿ-ը, «Ժառանգությունը», Արամ Գասպարի Սարգսյանի «Դեմկուսը» եւ մի քանի այլ կուսակցություններ: Այս համագործակցության կամ միավորման համակարգողը ՀՅԴ-ն է: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ իշխանությունները ծրագրել են ստեղծել ընդդիմադիր նոր միավորում` փորձելով հակակշռել Հայ Ազգային կոնգրեսին: Այդ միավորումը առաջիկայում ոչ միայն հայ-թուրքական, այլ նաեւ ներքաղաքական հարցերում «ընդդիմություն» է խաղալու: Ընդ որում, ՀՅԴ-ն համագործակցելու առաջարկ է ներկայացրել նաեւ ավանդական կուսակցություններից ՍԴՀԿ-ին, բայց առայժմ համաձայնություն չի ստացել, քանի որ դրան դեմ է այդ կուսակցության հայաստանյան կառույցը:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, սակայն, համաձայնության է եկել իշխանությունների հետ եւ խոստացել է այդ հարցը լուծել առաջիկայում: Մեր տեղեկություններով՝ փոխարենը ՀՀ իշխանությունները Ս.Աճեմյանին խոստացել են տրամադրել որոշակի բիզնեսներ: