ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ով աշխատանքային այցով երեկ մեկնել էր Գյումրի, ոստիկաններին հրահանգել է այլեւս ուշադրություն չդարձնել հանցագործություն կատարած անձանց կարգավիճակին եւ բոլորին հավասարապես պատժել: Նա, թերեւս, ակնարկել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, քանի որ հենց վերջինիս ընտանիքն է վերջին տարիներին Գյումրիում աչքի ընկել հանցագործություններ կատարելու առումով: «Միակ նպատակս հետեւյալն է` ամուր, ձիգ հասարակական կարգ: Պետք է բոլորը հասկանան` սա քննարկման թեմա չէ, օպերատիվ իրադրությունը վերահսկվում է Ոստիկանության կողմից: Պատահական, դուրս ընկած, չձեւավորված որեւէ մեկը` կլինի իշխանության մեջ գտնվող, թե իշխանությունից դուրս, թե հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, պիտի գիտակցի` օրենքից վերեւ ոչ մեկը չի կարող կանգնել: Այս բանը պայմանավորվում ենք վերջնականապես: Չի՛ կարելի թույլ տալ մարդկանց հետ բանակցել, որոշել` սպասե՞լ հետագա զանգերի` ո՞վ կզանգի, ի՞նչ կմիջնորդեն: Ձեր գործն արե՛ք, ավարտե՛ք: Հետո կերեւա` ով հաղթեց, ով պարտվեց: Հաղթողը մենք ենք լինելու: Եթե մեկը փորձի այս տարածաշրջանում, այս քաղաքում ցույց տալ, որ ինքը որեւիցե բան է իրենից ներկայացնում, թող հաշվի նստի այս անգամ մեզ հետ»,- ասել է Ա. Սարգսյանը: