Հանուն բարգավաճ Հայաստանի

06/10/2009

Երեկ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում, Երասխ-Երեւան ավտոճանապարհին` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի մասնակցությամբ: Վերջինս, ըստ պաշտոնական հաղորդագրության, իր անձնական օգտագործման «Մերսեդես G 500» մակնիշի 83 ԼԼ 888 պետհամարանիշի ավտոմեքենայում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ: «Վիճաբանության ընթացքում Ա. Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի բանալի) հարվածել է Կ. Կարապետյանի գլխին, որն էլ իր հերթին՝ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է Ա. Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել են նրա աջ ձեռքին եւ աջ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն»,- նշված է Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության մեջ: Նշենք, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ՊՆ գեներալ-մայոր Ստեփան Միրզոյանին պատկանող գազալցակայանի տարածքում: Մեր տեղեկություններով՝ նախկինում մի քանի տարի ազատազրկման դատապարտված (ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում) Ա. Զադոյանը ավելի քան 10 տարի խոշոր գումար (30-40 հազար դոլար) է պարտք եղել նախկին ոստիկան Կ.Կարապետյանին, որը չի վերադարձրել: Երեկ նրանք հերթական անգամ հանդիպել են, եւ այդ հարցի պարզաբանման արդյունքում էլ վիճաբանություն է ծավալվել, որն ավարտվել է հրազենային կրակոցով: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Ա.Զադոյանի հարազատներից մեկն աշխատում է Գլխավոր դատախազությունում, նրա մեկ այլ մերձավորն էլ Ոստիկանության համակարգի աշխատակից է: Նշենք, որ Կ.Կարապետյանը, գլխի հատվածում ստացած վնասվածքներով, երեկ այցելել է հիվանդանոց, սակայն մի քանի ժամ անց տեղափոխվել է տուն, որտեղ նրան են այցելել ՀՔԾ աշխատակիցները: Թե ի՞նչ է պարզելու ՀՔԾ-ն, եւ ի՞նչ ավարտ կունենա այս գործը, այնքան էլ էական չէ: Ավելի հավանական է, որ այն որեւէ անհեթեթ հիմնավորմամբ «կջրվի», թեեւ բացառված չէ նաեւ, որ իշխանությունները ցուցադրաբար «պատժեն» Կ. Կարապետյանին: Իրականում երեկվա միջադեպը Հայաստանում հաստատված ամենաթողության մթնոլորտի հերթական վկայությունն է: Ի՞նչ եք կարծում` եթե նախկին «միլպետ» Կարո Կարապետյանը թեկուզ մի գրամ կասկածեր, որ պատժվելու է, որ ազատազրկման է դատապարտվելու, կկրակե՞ր «մի քանի կոպեկի համար»: Իհարկե, չէր կրակի, եթե անգամ համոզված լիներ, որ իր արարքը «ճշտով ա»: Չնայած ո՞վ գիտե` գուցե «Բարգավաճ Հայաստանում» Կարապետյանին բացատրել են, որ հենց այնպիսի երկիր են ուզում կառուցել, որտեղ նման հարցերը կլուծվեն ոչ թե իրավական ճանապարհով, այլ «Բրաունինգով»: Ի դեպ, առաջ անցնելով՝ կոչ ենք անում ԲՀԿ-ի եւ կոալիցիոն մյուս ուժերի ներկայացուցիչներին՝ «դատապարտում ենք նման արարքը, թող նախաքննությունն ամեն ինչ պարզի, գնահատական կտանք գործի քննության ավարտից հետո» ձեւակերպումները միանգամից փոխանցել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին, որտեղ Կարո Կարապետյանի կուսակցությունը ծանրակշիռ ներկայություն ունի: