«Եկել է տարածքային ամբողջականության ապահովման սկզբունքով հարավկովկասյան հակամարտություններին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջնական լուծում տալու ժամանակը հանրապետությունների տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հավատում ենք Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ազատագրման կարեւորությանը, հավատում ենք, որ եկել է ժամանակը, երբ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի երկխոսության, բանակցությունների եւ դիվանագիտական ճանապարհով, եւ այդ կերպ խաղաղություն կհաստատվի ողջ Կովկասում: Անկասկած, դրան հնարավոր է հասնել միայն վերջ դնելով «օկուպացմանը»»: Այս մասին շաբաթ օրը Նախիջեւանում տեղի ունեցած Թուրքալեզու երկրների համաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` հավելելով, թե Մոլդովայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն այս առումով չափազանց կարեւոր է: «Ի.Ալիեւը նշել է, որ նա դրական տպավորություններ է ստացել Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանական կողմն ուրախ է, որ հիմնախնդիրը քննարկվում է բարձր մակարդակով: Բոլորը քաջատեղյակ են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացումն անհրաժեշտ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար: Մենք փակուղուց դուրս գալու համար բավական բարենպաստ դիրքեր ունենք: Այդ խնդիրն այլեւս սառեցված չէ, այն պետք է առաջ շարժվի»,- ասել է Գյուլը:
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական սահմանի կարեւորությանը, Գյուլն ասել է. «Այստեղ թուրք-ադրբեջանական սահմանը երկարության իմաստով փոքր է` ընդամենը 10-12 կիլոմետր, սակայն քաղաքական առումով այն ունի հիրավի հսկայական նշանակություն: Այս սահմանն այն խորհրդանշական անցումն է, որը մեզ աշխարհագրորեն միավորում է թուրքական հանրապետությունների հետ»: Իսկ Ալիեւն իր հերթին նշել է. «Նախիջեւանը Թուրքիայի հետ սահմանակցող մեր միակ շրջանն է: Ադրբեջանական պատմական հնամենի երկրամասի` Զանգեզուրի անջատումը Ադրբեջանից եւ դրա միացումը Հայաստանին աշխարհագրորեն մասնատել է թուրքական մեծ աշխարհը, ինչի արդյունքում այն մի քանի տասնամյակով դադարել է ապրել որպես մեկ ընտանիք, սակայն այսօր մենք մեր գործադրած ջանքերով ամրապնդում ենք մեր կապը, ու թեպետ հիմա մեր միջեւ աշխարհագրական առումով գտնվում է Հայաստանի կազմում հայտնված ադրբեջանական երկիրը` Զանգեզուրը, թուրքական միասնությունը` իրողություն է»: Ի դեպ, Ալիեւը նաեւ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները «վերջնական փուլում» են: «Բանակցային գործընթացում առկա է դրական դինամիկա, եւ կարող եմ ասել, որ այն արդեն մտել է վերջնական փուլ,- ասել է Ալիեւը,- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայնգ Այդ հակամարտությունը մեծ խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, եւ լուրջ խոչընդոտ է տարածաշրջանային զարգացմանը»: