«Բացի այն, որ կան վտանգավոր արձանագրություններ, կա նաեւ անընդունելի գործողություն՝ հասարակությանն ապատեղեկատվություն ներկայացնելու հետ կապված»,- «7օրին» ասել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Նա նաեւ նշել է, թե վերջին օրերին Սփյուռքից բազմաթիվ արձագանքներ է ստանում, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում այդ արձանագրությունների վերաբերյալ։ «Մարդիկ, ովքեր կարող են դիտել հայկական հեռուստաալիքները, ակնհայտորեն տեսնում են, որ ուղղակի կեղծիք է տեղի ունենում՝ հասարակական կարծիքի կեղծիք,- ասել է Տ. Թորոսյանը,- Այնպես որ, այս քայլը, որ իրականացվում է ապատեղեկատվության ուղղությամբ, ունենում է ճիշտ հակառակ արդյունքը։ Միգուցե որոշ ուշացումով, բայց մարդիկ հասկանում են, որ այստեղ իսկապես վտանգներ կան, հակառակ դեպքում որեւէ մեկը չէր փորձի դա թաքցնել»:
Ի դեպ, երեկ Արգենտինայում հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել: Ակցիան տեղի է ունեցել Բուենոս Այրեսում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու մոտ: Նրանք բարձրացրել էին մի շարք հայերեն եւ իսպաներեն լեզուներով պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Ոչ Հայաստան-Թուրքիա համաձայնություններին», «Ցեղասպանությունը բանակցելու առարկա չէ», «Ցեղասպանության հարցը չի կարող ուսումնասիրության առարկա դառնալ»: