Առանց ավելորդ «թիթիզությունների»

06/10/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայաստանի արտաքին պետական պարտքի ծավալների կտրուկ աճի վերաբերյալ խոսելիս պաշտոնյաներն ու իշխանական դաշտի տնտեսագետները նշում էին, որ կարեւորը ոչ թե այդ պարտքի ծավալն է, այլ այն, թե ինչպես կօգտագործվեն լրացուցիչ վարկային ռեսուրսները:

Ուստի տրամաբանական կլիներ ենթադրել, որ վարկերի ծախսման վերաբերյալ լուրջ քննարկումներ տեղի կունենան, կամ գոնե հանրությանը հայտնի կդառնա, թե կառավարությունը կոնկրետ ինչ ծրագրեր է նախատեսում ֆինանսավորել այդ վարկերով: Սակայն պարզվում է` կառավարությունը միանձնյա է տնօրինելու այդ լրացուցիչ վարկային ռեսուրսները, այն, թե կոնկրետ ինչ ծախսեր է իրականացվելու այդ վարկերով, հայտնի կդառնա միայն այդ ծախսերի իրականացումից հետո:

Այսպես, հայտնի է, որ հարկային եկամուտները չեն հավաքագրվում այնքան, որքան նախատեսված էին 2009թ.-ի բյուջեի մասին օրենքով, հետեւաբար՝ ծախսերը շատ չկրճատելու համար կառավարությունը ստիպված էր լրացուցիչ վարկեր ներգրավել Ռուսաստանից, ԱՄՀ-ից ու ՀԲ-ից: Մյուս կողմից` համաձայն «Բյուջետային համակարգի մասին» օրենքի, «պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ծախսային ծրագրերի միջեւ` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները»: Ուստի կառավարությունը հանդես է եկել այդ 3% սահմանաչափը 2009թ. համար չկիրառելու նախաձեռնությամբ: «Տարվա ընթացքում լրացուցիչ վարկեր ներգրավվեցին, իսկ երբ լրացուցիչ վարկեր են ներգրավվում, դա նշանակում է, որ կառավարությունը պետք է համաֆինանսավորում իրականացնի: Քանի որ այդ վարկերը, որոնք այս տարի ԱԺ-ում հաստատվեցին, նոր վարկեր էին, բնական է, որ անցած տարվա դեկտեմբերին ընդունված բյուջեի մասին օրենքում նախատեսված չէին: Առաջացավ անհրաժեշտություն, որ 2009թ. բյուջեում նոր վարկերի ընդունման հետ մեկտեղ կառավարությունը միջոցներ գտնի վերաբաշխման միջոցով, որպեսզի հատկացնի համաֆինանսավորումներին: Եվ այդ 3%-ի շրջանակներում վերաբաշխումներ կատարելը սահմանափակեց կառավարության հնարավորությունը: Այդ պատճառով էլ կառավարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ` միայն 2009թ.-ին թույլ տալ, որ այդ 3%-ը գերազանցվի նախատեսված վարկերից բխող համաֆինանսավորման գումարների չափով»,- ԱԺ երեկվա նիստում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` ներկայացնելով կառավարության այս օրենսդրական նախաձեռնությունը: Խնդիրը, սակայն, այն է, որ օրենսդիրը այդպես էլ չի իմանա, թե լրացուցիչ վարկային ռեսուրսները կոնկրետ ինչ ուղղություններով կծախսվեն: «Այս փոփոխության շնորհիվ կառավարությունը հանրավորություն է ստանում գործել բացարձակապես առանց հաշվետվողականության եւ վերահսկողության, հատկապես՝ երբ առկա են կառավարության կողմից անարդյունավետ որոշումներ կայացնելու շատ վատ ավանդույթներ»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Պ. Սաֆարյանը չհամաձայնեց այս դիտարկմանը: «Կառավարությունը հանդիպել է օրենքի մի հոդվածի հետ, որն ասում է, թե առանց ԱԺ` դու այլեւս վերաբաշխում մի արա: Հիմա մենք դիմում ենք Ձեզ եւ ասում` թույլատրեք համաֆինանսավորման մասով վերաբաշխում անել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կառավարությունն ուզում է վերահսկողությունից դուրս մնալ: Ես չէի համաձայնի նման մեկնաբանության հետ»,- ասաց Պ. Սաֆարյանը: ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի ասելով, խնդիրը այն է, որ բյուջեի մասին օրենքը ընդունելիս ԱԺ-ն այն հաստատում է ըստ ծրագրերի եւ ըստ գումարների, իսկ վարկերը ԱԺ-ում հաստատվում են ավելի ընդհանուր ծախսային ուղղություններով եւ ոչ թե՝ ըստ առանձին ծախսային հոդվածների, ինչը հնարավորություն չի տալիս հասկանալ, թե կոնկրետ որ ծրագիրը որքանով է ֆինանսավորվում: Պատգամավոր Անահիտ Բախշյանը նույնպես շեշտեց, որ պարզ չէ, թե որ վարկը կոնկրետ ինչ հոդվածների վրա է ծախսվելու: Այն հարցին, թե ԱԺ-ն երբ կարող է իմանալ, թե կոնկրետ որ հոդվածներով որքան են վերաբաշխումներ իրականացվել, Պ. Սաֆարյանը պատասխանեց, թե երբ որ 2010 թ.-ի գարնանը 2009թ. բյուջեի կատարողականը ներկայացվի ԱԺ, այն ժամանակ էլ պատգամավորները կիմանան այդ մասին: Ինչեւէ, այն, որ կառավարությունը հաճախ խիստ անարդյունավետ է ծախսում բյուջեի միջոցները, նորություն չէ` դա երեւում է նույնիսկ Վերահսկիչ պալատի բացահայտումներից: Սակայն այսօր ստեղծվել է նաեւ մի իրավիճակ, երբ միեւնույն ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ տարբեր նախարարություններ հաճախ տարբեր տեղեկություններ են հայտնում: Այսպես` Ֆինանսների նախարարությունը վերջերս հայտարարել էր, թե 2009թ.-ին կիրականացվի շուրջ 910 մլրդ դրամի ծախսեր (նախատեսվածից 35 մլրդ-ով պակաս), իսկ կառավարությունը նախկինում հայտարարել էր, որ որոշ ծախսեր տեղափոխելու են 3-րդ եւ 4-րդ եռամսյակ: Սակայն քանի որ բյուջեի սեկվեստր այդպես էլ չարվեց, մինչեւ հիմա հնարավոր չէ հստակ իմանալ, թե տարվա առաջին կեսին չիրականացված կոնկրետ որ ծախսերն էին, որ տեղափոխեցին տարվա վերջ, եւ որոնք էին, որ կասեցվեցին կամ կասեցվելու են: Կարելի է ասել, որ կառավարությունն ինքը չի հասկանում, թե որ ծախսերն է կասեցրել եւ որոնք՝ հետաձգել: Օրինակ` Ա. Բախշյանը, տեղեկանալով, որ հանրապետության մի քանի դպրոցների վերանորոգման նպատակով նախատեսված ծախսերը չեն իրականացվել, փորձել էր պարզել, թե այդ ծախսերը հետաձգվե՞լ են, թե՞ կասեցվել են: Հունիսի 1-ով թվագրված ֆինանսների նախարարի պատասխանում նշվել էր, որ այդ ծախսերը չեն կասեցվել, եւ ներկայացվել էր դրանց հետաձգման ժամանակացույցը, իսկ հունիսի 17-ով թվագրված՝ քաղաքաշինության նախարարի պատասխանում նշվել էր, թե դրանք ամբողջությամբ կասեցվել են դեռեւս մարտի 26-ի կառավարության որոշմամբ: Ինչպես ասում են` աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: